Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաջաբաղ գյուղերում, որոնք վերջնականապես հեռացել են Բուրվարիից 1970-ական թթ. սկզբին:

Գյափլա (Ջափլաղ) գավառակում 1856-ին եղել են 15 հայաբնակ գյուղեր՝ շուրջ 2.500 բնակչությամբ: Հետագայում դրանց քանակը, կապված հայերի մշտական տեղաշարժերի հետ, փոփոխվել է: 1946-ին Գյափլայում ապրում էին 3645 հայ՝ տեղաբաշխված Ազնա, Բաղմովղի, Բուռնավա, Բերք, Գորջի, Զառնա, Հաջիաբադ (Հաջիավա), Հոսեյնաբաղ (Հոսեյնավա), Ղաթաաթ, Մարզիան (Մազրա), Չարթաղ, Փռչաստան, Քամիան, Քերթ (Քըրթ), Օրթաչիման գյուղերում: 1946-ին հայերն ամբողջությամբ ներգաղթել են հայրենիք, իսկ տեղում մնացած սակավաթիվ ընտանիքներն աստիճանաբար տեղափոխվել են Թեհրան:

Քյազազ (Քեզզազ) գավառակը 1856-ին ունեցել է 9, իսկ 1903-ին՝ 12 հայաբնակ գյուղեր: 1932-ին տեղի 15 գյուղերում ապրել են 4156, իսկ 1940-ին՝ 4539 հայ: Հայաբնակ էին Աբասաբադ, Ազնա, Ալիաբադ, Ալիբուրջ, Աքբարաբադ, Գովզուդար, Գուլիզարդ (Գոլզար), Դիլիսաբադ (Դիլիսավա), Դոուղալա, Զիրաքի ղալա, Հոսեյնաբաղ, Ղալաբալման, Ղալառութխանա, Մարանդ, Մեյթիաբադ, Սեյդունա, Սուրան, Ումրիան (Ումբրիան), Քըրթ, Քյալավա գյուղերը: 1950-60-ական թթ. Քյազազից բազմաթիվ հայեր տեղափոխվել են Թեհրան և այլ քաղաքներ, որի հետևանքով մինչև 1970-ական թթ. տեղի բնակավայրերը գրեթե ամբողջությամբ հայաթափվել են:

Քյամարա գավառակը 1856-ին ունեցել է 5 հայաբնակ գյուղ: XX դ. սկզբին հայեր են բնակվել 8, իսկ 1934-ին՝ 15 գյուղերում (4293 բնակիչ): Մինչև 1940-ական թթ. վերջը Քյամարայում հայաբնակ էին Ասադաբադ, Դանիան, Դավութաբաղ, Դարաշուր, Դեհսֆիղ, Իմամզաղա, Լիլիհան, Դորչիբաշի, Մազրա, Մազրա Հոսեյն, Մուշիան, Ռշտաբաղ, Սաթի, Վերին Ղալա, Քյանղլներ (Բանդա) գյուղերը: Ինչպես Արաքի մյուս գավառակների հայերը, քյամարացիները ևս 1950-60-ական թթ. հիմնականում հեռացել են Թեհրան կամ Ի-ի այլ քաղաքներ: 1967-ին հայեր էին ապրում միայն Լիլիհան գյուղում (4 ընտանիք), որոնք ավելի ուշ նույնպես տեղափոխվել են Թեհրան:

Էնզելի քաղաքում (Գիլանի նահանգ) հայերը հաստատվել են XVIII դ. կեսին: XIX դ. 40-ական թթ. այստեղ ապրել են 70 տուն հայեր, որոնց մեծագույն մասը ժանտախտի համաճարակի ժամանակ հեռացել է: Ավելի ուշ, հիմնականում Անդրկովկասից (Ագուլիս, Գանձակ, Ղարաբաղ, Շամախի), ինչպես նաև Աստրախանից և Ի-ի այլևայլ վայրերից (Թավրիզ, Լահիջան, Ղարադաղ, Մուժամբար ևն) այստեղ հաստատված հայերը նոր համայնք են ձևավորել: Արդեն 1874-ին Էնզելիում ապրել է 370 հայ: 1934-ին քաղաքն ունեցել է 775, 1950-ական թթ.՝ 400, իսկ 1980-ական թթ.՝ 200 հայ բնակիչ: Գործում էին Ս. Աստվածածին եկեղեցին և Ս. Վարդանանց դպրոցը:

Թավրիզում (հայկական սկզբնաղբյուրներում՝ Դավրեժ կամ Դավրեշ) հայերի հաստատվելու տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան: Հայտնի է, սակայն, որ XII դ. սելջուկ նվաճողները հազարավոր հայեր են գերեվարելու բնակեցրել Ի-ի տարբեր քաղաքներում, նաև՝ Թավրիզում: Եվրոպացի ճանապարհորդներ Մարկո Պոլոն (1271), Գոնզալեսը (1403), Կանտարինին (1476) վկայում են, որ XIII-XV դդ. այստեղ եղել է մեծաթիվ և բարգավաճ հայ համայնք: 1334-ին Թավրիզում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում հիշվում է 2 եկեղեցի՝ Ս. Սարգիս և Ս. Աստվածածին, իսկ 1345-ի հայկական մեկ այլ ձեռագրի հիշատակագիր Թավրիզը համարում է ոչ միայն պարսիկների, այլև հայերի մայրաքաղաք: Թավրիզահայերի թիվը նվազել կամ աճել է՝ երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումների (թուրք-պարսկական պատերազմներ, շահ Աբբաս I-ի բռնագաղթ, միջավատատիրական արյունահեղ կռիվներ ևն) համեմատ: 1830-ին Թավրիզում եղել է ընդամենը 40 տուն հայ (թավրիզահայերից շատերը 1829-30-ին գաղթել են Արևելյան Հայաստան):

XIX դ. 2-րդ կեսին, երբ Ի-ի կառավարությունը, ելնելով երկրի տնտեսական և քաղաքական շահերից, որոշ արտոնություններ է շնորհել իրանահայությանը, թավրիզահայ համայնքը ստվարացել է: XIX դ. վերջին և XX դ. սկզբին քաղաքի հայ բնակչության թիվը հասել է մոտ 5500-ի: Հայերը բնակվել են քաղաքի Բերդ (Ղալա) և Լիլավա թաղերում: 1946-ին զգալի թվով հայեր (5328 մարդ) Թավրիզից և շրջակա գյուղերից հայրենադարձվել են: 1977-ին Թավրիզում բնակ-