Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վել է շուրջ 6 հզ. հայ: Ներկայումս (2003) հայերի թիվը 2 հզ. է: Հնում Թավրիզի շրջանում ապրել է հոծ հայ բնակչություն: Մինչև Մարանդ և Թասվիջ (Թացու) գոյություն ունեցող տասնյակ բնակավայրերից XX դ. սկզբին պահպանվել էին միայն 3-ը՝ Ալչամուլք, Մուժամբար (Մուժումբար) և Սոհրուլ: Առանձնապես աչքի էր ընկնում Մուժամբարը (XX դ. սկզբին՝ շուրջ 1000 բնակիչ, եկեղեցի՝ Ս. Հռիփսիմե): 1946-ին վերջինիս հայերի մի մասը (12 ընտանիք) ներգաղթել է Հայկական ԽՍՀ (Ալչամուլքը և Սոհրուլը դատարկվել էին դեռ 1907-10-ին), իսկ մյուսները տեղափոխվել են Թավրիզ:

Թավրիզն Ատրպատականի հայոց թեմի կենտրոնն է: Տեղի առաջին հայկական դպրոցները գործել են եկեղեցուն կից (հիշատակություն կա 1670-ից): 1852-ին բացվել է Ներսիսյան (1875-ից՝ Արամյան) դպրոցը, 1875-ին՝ Հայկազյանը, 1879-ին՝ երկու իգական դպրոցներ, որոնք կոչվել են Աննայան (1886-ից): Դպրոցները գործում են ցայսօր՝ Հայկազյան-Թամարյան - Սահակյան ընդհանուր անվամբ: 1909-36-ին գործել է Թեմական-կենտրոնականը: Կան նաև կաթոլիկ և ավետարանական հայկական դպրոցներ: Քաղաքում առաջին հայկական տպարանը հիմնադրվել է 1889-ին, հայերեն առաջին թերթը՝ «Գործը», լույս է տեսել 1903-ին: Առ այսօր լույս է տեսել 16 անուն տպագիր և 24 անուն ձեռագիր ու մեքենագիր պարբերականներ:

Թավրիզում ազգային-մշակութային կյանքը կազմակերպել և ղեկավարել են Թավրիզի լսարանական ընկերությունը (1898), Ատրպաաականի հայուհյաց բարեգործական միացյալ ընկերությունը (1901), Կուլտուրական միությունը (1916), ՀՕՄ-ը (1926) ևն: Առաջին հայ թատերական ներկայացումն այստեղ տրվել է 1879-ին: Թավրիզում է ծնվել պատմիչ Առաքել Դավրիժեցին:

Համադանում (պատմական Էքբատանա) հայերը հաստատվել են 1650-ական թթ.: Հետագայում նրանց թիվն ավելացել է՝ XX դ. սկզբին՝ կազմելով 820 բնակիչ: Գործել է Ս. Ստեփանոս եկեղեցին: 1950-ական թթ. Համադանից ևս սկիզբ է առել հայերի արտահոսք (հիմնականում՝ Թեհրան). 1970-ական թթ. այստեղ մնացել է ընդամենը 16 ընտանիք (50 անձ), տեղի հայ համայնքը մարել է: XIX-XX դդ. սկզբին զգալի թվով հայեր են բնակվել նաև Համադանի Մալայեր գավառակի Անուջ (Անվաշ), Դեհզունա, Ղասումաբադ, Շավարին (Շահվերան) ևն գյուղերում: Մալայերի հայ բնակչությունը խիստ տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ օսմանյան զորքերի ներխուժման ժամանակ: Պահպանվել է միայն Շավարին գյուղը (XX դ. սկզբին՝ 720 բնակիչ), որի հայ բնակիչները 1946-ին ներգաղթել են հայրենիք:

Ղազվինում հայերը հաստատվել են XIX դ. 80-ական թթ.՝ տեղափոխվելով Սպահանից, Համադանից, Թավրիզից ևն: Գործել է Ս. Հռիփսիմե եկեղեցին (1870): Հայ բնակչությունը զգալիորեն ավելացել է հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1970-ական թթ. կազմելով 450-500 ընտանիք (շուրջ 1500-2000 բնակիչ): Սակայն 1980-ական թթ. Ղազվինի հայերի գերա-