Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նանահայերի գերակշռող մեծամասնությունը:

Հայերը հիմնականում արհեստավորներ են, բանվորներ ու մանր առևտրականներ: Կան նաև խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր, արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, ուսուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: Բեյրութում են կենտրոնացած լիբանանահայ համայնքի ազգային հաստատությունների գերակշիռ մասը: Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Նշանը, կառուցվել է 1851-ին. այժմ գործում են հայ առաքելական 8, կաթոլիկ՝ 4 և ավետարանական՝ 4 եկեղեցիներ, որոնց կից կան կիրակնօրյա դպրոցներ: Առաջին հայկական դպրոցը բացվել է 1859-ին: Ներկայումս (2003) գործում են մոտ 25 դպրոցներ, արհեստագիտական վարժարաններ, Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկը, Հայկազյան համալսարանը:

Բեյրութում են հաստատված հայ ազգային կուսակցությունների կենտրոնական մարմինները, գործում են բազմաթիվ հայրենակցական, բարեգործական, մշակութային, երիտասարդական, ուսանողական, մարզական և այլ կազմակերպություններ, որոնք մեծ մասամբ գտնվում են կրոնադավանական համայնքների կամ քաղաքական կուսակցությունների հովանավորության կամ վերահսկողության ներքո: Կան թատերախմբեր («Գասպար Իփեկյան», «Վահրամ Փափազյան»), երգչախմբեր ու պարախմբեր:

Բեյրութում առաջին հայերեն թերթը լույս է տեսել 1921-ին. ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես: Այժմ լույս են տեսնում 20-ից ավելի պարբերականներ: Կան հայկական տպարաններ:

Այնճարը հայաբնակ գյուղ է: 1939-ի վերջին Մուսա լեռան ավելի քան 6 հազարանոց հայ համայնքը, Ալեքսանդրետի սանջակի Թուրքիային կցվելուց հետո, ֆրանսիական մանդատային իշխանության հովանավորությամբ տեղափոխվել է Լ. և հիմնել Այնճար բնակավայրը: Վերաբնակվածների շուրջ մեկ քառորդը Լ-ում իր կեցության առաջին երկու տարիներին զոհ է գնացել մալարիայի համաճարակին՝ մինչե որ չորացվել են շրջանում գտնվող ճահիճները: 1946-48-ի հայրենադարձության օրերին շուրջ 548 ընտանիք ներգաղթել է Հայաստան, 468 ընտանիք՝ մնացել Այնճարում: Բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ խնձորի արտահանումը, զարգացած է նաև արհեստաառևտրական բնագավառը: Գյուղապետն ու գյուղական խորհրդի բոլոր անդամները հայեր են: Կան 3 դպրոց, 3 եկեղեցի: Հայ առաքելական համայնքին են պատկանում Ս. Պողոս եկեղեցին (հիմնվել է 1959-ին) և ազգային Հառաջ-Գալուտո Կյուլպենկյան երկրորդական վարժարանը (1940-ից, 2001-02-ին ունեցել է 219 աշակերտ): Առաջին հայ կաթոլիկ մատուռը հիմնվել է 1939-ին, ներկայումս գործող Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1953-ին: Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միջնակարգ երկսեռ վարժարանը հիմնվել է 1941-42-ին (2001-02-ին ունեցելէ 95 աշակերտ): 1970-90-ական թթ. գործել է նաև Աղաճանյան սանուց տունը (որբանոց): Այնճարի հայ ավետարանական եկեղեցին հիմնվել է 1939-ին. եկեղեցուն կից գործում են տիկնանց միություն, մանուկների համար կիրակնօրյա վարժարան, քրիստոնեական «Ջանից» երիտասարդական և պատանեկան ընկերակցությունները: 1939-ից գործում է հայ ավետարանական երկրորդական վարժարանը (2001-02-ին ունեցել է 311 աշակերտ), որը 1949-ից ֆինանսավորում է գերմանական «Հիլֆսբունդ» միսիոներական ընկերությունը: Այնճարում գործում են ՀՀԴ կուսակցության «Կարմիր լեռ» կոմիտեն, ՀՀԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ):

«Շավարշ Միսաքյան», Համազգային մշակութային միության «Պարույր Սևակ» (1971-ից), Լիբանանահայ օգնության խաչի (ԼՕԽ) «Ախթամար» (1943-ից) և ՀՄԸՄ (1940-ից) մասնաճյուղերը, ինչպես նաև ԼՕԽ-ի, Հովարդ Կարագյոզյան հաստատության (1941-ից) և «Հիլֆսբունգ»-ի (1947-ից) դարմանատները:

Զահլե քաղաքում հայերը հիմնականում հաստատվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1918-ի զինադադարից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Կիլիկիա: Կիլիկիայի հայաթափումից հետո, սակայն, Զահլեում հայերի թիվը կրկին աճել է: 1927-