ին այստեղ բնակվել է շուրջ 2 հզ. հայ: Ներկայումս (2003) նրանք կազմում են շուրջ 150 ընտանիք: Սկզբնական շրջանում զահլեցի հայ առաքելականներն իրենց կրոնական արարողությունները կատարել են հույն ուղղափառ համայնքի Ս. Նիկոլա եկեղեցում: 1929-ից գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, 1927-ից՝ Ազգային Պալըգճյան վարժարանը, 1954-ից՝ Յուզպաշյան մանկապարտեզը, 1936-ից՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի «Սիրտ Հիսուսի» վարժարանը (ընդհատումներով), 1922-ից հայ ավետարանական վարժարանը: Հետագայում այդ վարժարանները փակվել են: Գործում է նաև հայ կաթոլիկ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զահլեում իրենց մասնաճյուղերն ունեն ՀԲԸՄ-ն (1927-ից), ՀՄՄ-ն (1927-ից), ԼՕԽ-ը (1934-ից) և ՀՄԸՄ-ն (1927-ից): 1969-ից ՀԲԸՄ Զահլեի մասնաճյուղն ունի ակումբի առանձին շենք ու մարզադաշտ: 1944-52-ին Զահլեում գործել է նաև «Բաղրամյան» մարզական միության մասնաճյուղը:
Ջիբեյլ (հնում՝ Բիբլոս) քաղաքում 1920-25-ին հաստատվել է ամերիկյան նպաստամատույցի որբանոցը, որտեղ պատսպարվել են 1500 հայ որբեր: 1928-ին այստեղ է տեղափոխվել Դանիացի հայասերների ընկերության «Թռչնոց բույն» նախակրթական որբանոցը, որը 1970-ից գործում է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո: 1928-ին Ջիբեյլում բնակվել է 40, 1934-ին՝ 25, 2002-ին՝ 20 հայ ընտանիք: Գործում է հայ առաքելական Ս. Գայանե եկեղեցին: Անցյալում ուներ առանձին հայկական նախակրթարան՝ 35 աշակերտով, որն այժմ հայկական գաղութի նոսրացման հետևանքով չի գործում. Ջիբեյլում մշտապես բնակվող հայ ընտանիքների երեխաները ևս ներկայումս կարող են հայեցի ուսում ստանալ «Թռչնոց բույն»-ում: Գործում են ՀՀԴ-ի, ՀՄԸՄ-ի և ԼՕԽ-ի (1967-ից) մասնաճյուղերը:
Ջյունի քաղաքի հայ համայնքը կազմավորվել է 1920-21-ին: 1921֊1923-ին այնտեղ բնակվել է շուրջ 700 հայ ընտանիք, որոնցից շատերն հետագայում տեղափոխվել են Բեյրութ և այլուր: 1920-ական թթ. Ջյունիում են պատսպարվել նաև Հայ որբախնամ ընկերության Այնթապի ազգային որբանոցից տեղափոխված 180 որբ: 1944-ին Ջյունիում ապրում էր 44, 1947-ին՝ մոտ 90, 1964-ին՝ շուրջ 120, 2002-ին՝ 150-200 հայ ընտանիք: Ջյունիի հայերը մեծ մասամբ առաքելականներ են: Սկզբում տեղի հայ առաքելական մատուռը ծառայում էր նաև որպես դպրոց: 1956-ին Կյուլապի Կյուլպենկյանի բարերարությամբ հիմնվել են Ս. Հարություն եկեղեցին և Ազգային Կյուլպենկյան վարժարանը: Դպրոցը հետագայում դադարել է գործելուց: 1948-64-ին Ջյունիում գործում էր նաև Զմմառի հայ կաթոլիկ վանքին ենթակա մի ընծայարան: Ջյունիում իրենց մասնաճյուղերն ունեն ՀՍՄ-ն (1932-ից), ՀՄԸՄ-ն (1951-ից) ու ԼՕԽ-ը:
Տրիպոլի քաղաքում շուրջ 2 հզ. հայ է հաստատվել Կիլիկիայի պարպումից անմիջապես հետո: Կյանքի ծանր պայմանները ստիպել են նրանցից շատերին արտագաղթել: 1927-ին Տրիպոլիում մնացել էր միայն 840 հայ: Մինչ այդ, հայկական երեք հարանվանություններն այստեղ արդեն հիմնել էին իրենց ե-