կեղեցիներն ու դպրոցները: Հայ առաքելականներինն էր Ս. Աստվածածին մատուռը: 1962-ին նրանք Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի նվիրատվությամբ կառուցել են Ս. Հոգեգալստյան եկեղեցին: Ներկայումս գործում է Ազգային Խրիմյան-Նուպարյան վարժարանը (հիմնվել է 1923-ին. 2001-02-ին ունեցել է 62 աշակերտ): Վերջին տարիներին գաղութի նոսրացման հետևանքով տեղի մյուս բոլոր հայկական վարժարանները դադարել են գործելուց: Չի գործում նաև հայ ավետարանական եկեղեցին: Տրիպոլիում առաջին հայ¬ կական կազմակերպություններն են եղել «Հայ Արփի», «Ուսումնասիրաց» և «Հայ երիտասարդաց» միությունները, որոնք երկար կյանք չեն ունեցել: Տրիպոլիի ԼՕԽ-ի մասնաճյուղը հիմնվել է 1920-ական թթ. վերջին: Գործում են նաև ՀԲԸՄ-ի, ՀԵԸ-ի, ՀՀԴ-ի, ՀՄԸՄ-ի (1929-ից) մասնաճյուղերը, Համազգային մշակութային միության «Մուշեղ Իշխան» ակումբը (1992-ից):
ԵԿԵՂԵՑԻ
Լիբանանահայերը դեռևս XIX դ. բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքների: Առաքելականները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից նշանակված հոգևոր տեսուչներին: Ներկայումս Լ-ի հայության շուրջ 90 տոկոսն առաքելական է: 1930-ից Բեյրութի հյուսիսային արվարձաններից Անթիլիաս ավանում է հաստատվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի իրավասությունը L-ի, Սիրիայի և Կիպրոսի առաքելական հայերի վրա ճանաչված է Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից:
1930-ից Անթիլիասում գահակալել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ Սահակ Բ Խապայանը (1903-39), Բաբկեն Ա Կյուլեսերյանը (աթոռակից՝ 1931-36-ին), Պետրոս Ա Սարաճյանը (1940), Գարեգին Ա Հովսեփյանը (1945-52), Զարեհ Ա Փայասլյանը (1956-63), Խորեն Ա Բարոյանը (1963-83), Գարեգին Բ Սարգիսյանը (1983-95, աթոռակից՝ 1977-83-ին): 1995-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է Արամ Ա Քեշիշյանը:
Կաթողիկոսարանի շրջափակում գտնվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը (1940-ից), «Խաչիկ Պապիկյան» գրադարանը (1932-ից, շուրջ 80 հզ. հատոր, ներառյալ՝ 2 հզ. հնատիպ գիրք), ձեռագրատունը, տպարանը (1932-ից), «Կիլիկիա» թանգարանը (1997-ից), կաթողիկոսական դամբարանը (1966-ից) և Ս. Ստեփանոսի նահատակաց հուշարձան մատուռը (1938-ից), որտեղ ամփոփված են Մեծ եղեռնի տարիներին Դեյր Էզ Զորում զոհված հայերի մասունքներ: 1938-ին հիմնված վեհարանը հիմնովին վերակառուցվել է 1967-1968-ին: 1930-78-ին Անթիլիասի մայրավանքի շրջափակում էր գործում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը՝ ժառանգավորաց, ընծայարանի և ամուսնացյալ քահանայության թեկնածուների բաժիններով: 1978-ից դպրեվանքը հաստատվել է Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Բիկֆայա գյուղում, որտեղ դեռևս 1953-ին կառուցվել էր անթիլիասական միաբանների համար մի վանք-ամառանոց՝ Ս. Աստվածածին մատուռով: 1965-ին Բիկֆայայի վանքի մոտ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (քանդակագործ՝ Զավեն Խտշյան):
Կիլիկիո կաթողիկոսությունը կարևոր դեր է խաղում Լ-ի հայության կյանքում, անմիջականորեն հովանավորում է Ջիբեյլի «Թռչնոց բույն» որբանոցի, Ազունիեի ազգա-