Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուծացման քաղաքականություն է իրականացվել:

1980-ական թթ. վերջին ԽՍՀՄ-ում ազգամիջյան հարաբերությունների սրման հետևանքով հայերի մի մասն արտագաղթել է Ղ-ից:

Անկախություն ձեռք բերելուց (1991) հետո Ղ-ի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել ազգամիջյան հարաբերությունների կարգավորման խնդիրներին: Հանրապետության նախագահին կից ստեղծվել է հասարակական նոր ինստիտուտ՝ Ղ-ի ժողովուրդների համագումար, որը կոչված է նպաստելու ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և զարգացման գործին: Ալմա Աթայի «Լույս» և Կուստանայի՝ «Էրեբունի» հայկական համայնքների ղեկավարները Ղ-ի ժողովուրդների համագումարի մշտական անդամներ են:

1990-ական թթ. Ղ-ի հայ համայնքն սկսել է համալրվել Հայաստանից արտագաղթած հայերով: Ներկայումս (2003) Ղ-ում բնակվում է շուրջ 25 հզ. հայ: Նրանց զգալի մասը ապրում է Ալմա Աթայում, մնացածը՝ գլխավորապես երեք քաղաքներում՝ Կուստանայում, Ակտյուբինսկում, Կարագանդայում: Ալմա Աթայում գործում է Հայ մշակույթի կենտրոնը, որին կից՝ կիրակնօրյա դպրոց (2002-ին ունեցել է 20-25 աշակերտ): Ալմա Աթայի քաղաքային իշխանությունները հայկական համայնքին տրամադրել են հողամաս՝ եկեղեցի կառուցելու համար: 1995-ին կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքը (Կուստանայի հայերը նույնպես եկեղեցի կառուցելու հարց են հարուցել):

Ղ-ի հայերը զբաղվում են հիմնականում շինարարությամբ, մասնավորապես ճանապարհաշինարարությամբ: Զգալի թիվ են կազմում արդյունաբերության, կրթության, առողջապահության, պետական կառավարման բնագավառների աշխատողները, ձեռնարկատերերը, գիտնականները, արվեստագետները, տնտեսագետները, բժիշկները ևն: Ղ-ի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է եղել Լևոն Միրզոյանը (1936-38-ին), հայտնի են գիտնական Ի. Ավետիսյանը, պրոֆեսոր Է. Տեր-Պողոսյանը, գինեգործ պրոֆեսոր Ռ. Մնացականյանը (հայ համայնքի նախագահ), գեներալ Վաչագան Վլասովը (Վլասյան), ռեժիսորներ Ռուբեն Անդրեասյանը, Սերգեյ Փաշոյանը, գործարարներ Արթուր Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և ուրիշներ:

Խորհրդային իշխանության տարիներին զարգացել են հայ-ղազախական գրական-մշակութային կապերը: Հայերեն և ղազախերեն են թարգմանվել ղազախ և հայ գրողների երկերից. 1968-ին ղազախերեն լույս է տեսել «Հայկական սովետական պոեզիայի անթոլոգիա» ևն:

Գրկ. Григорьянц В. Е., Армяне Средней Азии. История, современное положение, перспективы, Е., 1994.

Կոստանդին Խուդավերդյան