ՄԱՐՈԿԿՈ
Մարոկկոյի Թագավորություն, պետություն Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Տարածքը՝ 446,6 հզ. կմ²: Բնակչությունը՝ 28 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Ռաբաթ (1 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ 25-30:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Մարոկկոյի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:
Հայերը Մ-ում հաստատվել են հիմնականում Մեծ եղեռնից, իսկ որոշ ընտանիքներ՝ նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մինչև 1970-ը Մ-ում բնակվել է 12-15 հայ ընտանիք (մոտավորապես 60-70 հայ): Նրանց մեծ մասը հաստատվել է Կասաբլանկա քաղաքում: Առավելապես անեցիներ և կամախցիներ են: Կային նաև պոլսեցիներ, կեսարիացիներ, ռոդոսթոցիներ ևն:
Հայերը հիմնականում զբաղվել են առևտրով ու արհեստներով: Կասաբլանկայում և Ռաբաթում սուրճի, նպարեղենի և այլ ապրանքների առևտրում առաջնակարգ դիրք են գրավել Գրիգոր Հարությունյանը, Կ. Պալթայանը, Սուրմենյան եղբայրները: Վերջիններս հետագայում հիմնել են արդյունաբերական ձեռնարկություններ. Ազատ Սուրմենյանը՝ ռետինե ճթքավոր կոշկեղենի, իսկ եղբայրը՝ պլաստիկ առարկաների և մանկական խաղալիքների գործարան: Ափիկյան եղբայրները և Սալիպյան ընտանիքը զբաղվել են հագուստեղենի և կտորեղենի մեծաքանակ առևտրով: Առանձին հայեր զբաղվել են մանր առևտրով և արհեստներով (կոշկակարներ, դերձակներ ևն): Համայնքում հայտնի էին բժիշկ Արթահելվաճյանը, ճարտարագետ Պերճ Վարժապետյանը, ատամնաբույժ Կ. Քապաքճյանը և ուրիշներ:
Մ-ում ապրող հայերը իշխանությունների կողմից ճանաչված են որպես ինքնուրույն համայնք (Communite Armenia): Կասաբլանկա քաղաքում կա Հայկական փողոց:
Մարոկկահայերը հյուրընկալել են Հայաստանից հյուրախաղերի եկած երգչախմբերի, պարային և այլ համույթների:
Ներկայումս (2003) Մ-ում բնակվում է 25-30 հայ: