ներից: Կուբան-Չեռնոմորսկայա երկրամասում ապրող արևմտահայերի հիմնական զանգվածը հպատակություն չուներ և զրկված էր քաղաքացիական իրավունքներից: 1880-ական թթ. Դոնի Ռոստովում ստեղծվել է Փեշքերով (Սերոբ և Պետրոս) եղբայրների նարոդնիկական խմբակը, որի հետ են առնչվում նաև հայերի մասնակցությամբ Կուբանում ձևավորված բանվորական խմբակները: 1900-ական թթ. առաջացել են նաև հեղափոխական սոցիալ-դեմոկրաաական կազմակերպություններ:
Երկրամասում հայկական առաջին դպրոցները բացվել են Արմավիրում (1847-ին՝ տղաների նախակրթարան, 1865-ին՝ ծխական դպրոց, 1873-ին՝ օրիորդաց վարժարան), ապա՝ Եկատերինոդարում (1880-ին՝ ծխական 2 դպրոց) և Եյսկում (1 դպրոց): 1916-17-ին Եկատերինոդարում գործել են նաև հայկական 2 գիմնազիա, Հայ բարեգործ կանանց ընկերությունը (1907), Կովկասի հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղը (1908):
Լույս են տեսել «Կարիք» (Արմավիր, 1917-18), «Բանվորի կարիք» (Արմավիր, 1920), «Կարմիր աստղ» (Կրասնոդար, 1920-21) թերթերը, մինչև 1950-60-ական թթ. լույս են տեսել շրջանային թերթեր: Մարզային ժողկրթբաժնում կազմակերպվել է հայկական ենթաբաժին:
Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին, Թուրքիայում հայերի ցեղասպանության (1915) և Արևմտյան Հայաստանից ու Անդրկովկասից ռուսական զորքերի նահանջի (1918) հետևանքով հայ փախստականների նոր հոսք է սկսվել դեպի սևծովյան ափ և Հյուսիսային Կովկաս: 1905-ին Կուբանի մարզում հայերի թիվը 15,8 հզ. էր, 1916-ին՝ 22,5 հզ., իսկ Չեռնոմորսկայա նահանգում՝ համապատասխանաբար՝ 8,2 հզ. և 17,8 հզ.: 1920-ին Կուբան-Չեռնոմորսկայա մարզում (այժմյան Կրասնոդարի երկրամասի սահմաններում) հայերի թիվն անցնում էր 57 հզ-ից:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին Կուբանի և սևծովյան շրջանների հայ բնակչություն ունեցող շատ քաղաքներում ու գյուղերում բացվել են հայկական դպրոցներ, 1920-26-ին Կրասնոդարում գործել է մշտական հայկական թատերախումբ, Կրասնոդարում և Արմավիրում լույս են տեսել հայկական թերթեր:
Հայ բնակչությունն առանձնապես հավաք կերպով է տեղաբաշխված սևծովյան ափի երկայնքով (Անապայի, Նովոռոսիյսկի, Տուապսեի, Սոչիի շրջաններ), ինչպես նաև Կովկասյան լեռնաշղթայի արևմտյան նախալեռներում (Ապշերոնսկի, Բելորեչենսկի շրջաններ): 1926-ին հայկական գյուղերի հոծ տեղաբաշխում ունեցող նախալեռնային վայրերում կազմավորվել է Արմյանսկի (հետագայում՝ Շահումյանի) շրջանը, որը գոյատևել է մի քանի տասնյակ տարի: Երկրամասի հայ բնակչության շատ ներկայացուցիչներ աչքի են ընկել Հայրենական պատերազմի տարիներին (1941-45): Նրանցից Արտյուշա Մելեթյանը, Անդրանիկ Մելքոնյանը, Հակոբ Մանուկյանը, Անդրանիկ Մուրադյանը, Մարտիրոս Նագուլյանը, Դավիթ Յազիչյանը, Միհրան Շալջյանը և Հմայակ Սնոպլյանը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:
Հայերի հոսքը Կրասնոդարի երկրամաս հատկապես մեծ չափեր է ընդունել 1990-ական թթ.: Հարկադրական այս արտագաղթի պատճառները Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) կազմակերպված հայերի զանգվածային սպանություններն էին, ինչպես նաև վրաց-աբխազական զինված ընդհարումը և Հայաստանի Հանրապետությունում 1988-ի Սպիտակի երկրաշարժի ու շրջափակման հետևանքով ստեղծված տնտեսական ծանր կացությունը: Կրասնոդարի երկրամասում Հայաստանից և Ադրբեջանից գաղթած հայերի թիվը 1992-ի կեսին կազմել է շուրջ 14,7 հզ.: 1992-ի օգոստոս-սեպտեմբերին Աբխազիայից գաղթել է շուրջ 30 հզ. հայ: Հայերի հոսքը նկատելիորեն բարձրացրել է նրանց տեսակարար կշիռը երկրամասի բնակչության ընդհանուր կազմում: Չկառավարվող ներգաղթը լուրջ խնդիրներ է առաջացրել երկրամասի սոցիալ-տնտեսական և ազգամիջյան հարաբերություններում:
Ներկայումս (2003) Կրասնոդարի երկրամասում բնակվում է շուրջ 800 հզ. հայ, որից 300 հզ-ը ՀՀ քաղաքացի է: Երկրամասի բնակչության ընդհանուր թվի մեջ նրանք գրավում են 3-րդ տեղը՝ ռուսներից և ուկրաինացիներից հետո:
Չնայած հետպատերազմյան տարիներին Ռ-ի հայկական գաղութներում ազգային կյանքի ընդհանուր սահմանափակմանը՝ երկրամասում հայկական դպրոցները բավական երկար ժամանակ պահպանել են իրենց գոյությունը: 1951-ին կար 140 հայկական դպրոց, 1967-ին՝ 12: 1990-ական թթ. սկզբից երկրամասում գործում են հայկական դպրոցներ (Սերգեյ Պոլե, Մոլդովկա, Ներքին Շիլովկա գյուղերում), Համշենահայ մշակութային միությունը, Նովոռոսիյսկում՝ «Լույս» մշակութային լուսավորական ակումբը, Սոչիում՝ «Սևան» քաղաքային մշակութային կենտրոնը, Կրասնոդարում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հայ մշակույթի ընկերությունը, Անապայում՝ «Ցանք» հայ ազգային մշակույթի կենտրոնը:
Մի շարք վայրերում կազմակերպվել են կիրակնօրյա հայկական դպրոցներ (Կրասնոդարում՝ 3): Սոչիի մանկավարժական ուսումնարանում կազմակերպվել է հատուկ խումբ, որի ուսանողներն ուսումնասիրում են հայոց լեզու և գրականու-