Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռռւցելու գաղափարը), ադամանդի վաճառքով զբաղվող Բազիլ Ջոեկիմին (Բարսեղ Հակոբի), «Աբգար և Ստեփանոսյան» առևտրատան տնօրեն Ս. Ստեփանոսյանը, Մարտիրոս Աբգարը, Սեթյան եղբայրները և ուրիշներ: Հայերի բնակության փողոցները կոչվել են Հայկական, Սարգսյան, Մարտիրոսյան, Ներսես Բազիլ:

XIX դ. կեսին հիմնվել է երկու տպարան՝ «Արփի» և «Մասիս»: 1849-53-ին լույս է տեսել «Ուսումնասեր» քաղաքական, գիտական և առևտրական կիսամյա պարբերականը (խմբագիր՝ Գրիգոր Գալստանյան): 1911-ին Ս-ում կար շուրջ 60 հայ: 1917-ին հիմնվել է ՀԲԸՄ Ս-ի մասնաճյուղը: 1950-ական թթ. Ս-ում ապրող հայ վաճառականներին փոխարինել են ավտոգրասենյակների վերակացուներ, պանդոկապաններ, ծառայողներ, իրավաբաններ ու տարբեր պատասխանատու պաշտոնատարներ:

Ս-ում հայերի գերեզմանները գտնվում էին հին ամրոցի, իսկ 1865-ից հետո՝ Բուքիտ Թիմա գերեզմանատունը: 1960-ական թթ., երբ նշված գերեզմանատների տեղում հիմնվել են զբոսայգիներ, սինգապուրաբնակ ամերիկահայ Լևոն Պալյանի նախաձեռնությամբ տապանաքարերը տեղափոխվել են հայկական եկեղեցուն հարող տարածք, իսկ ավելի ուշ՝ բուն եկեղեցու տարածք: 1988-ին Արա Ռամյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ հիմնվել է Հուշապարտեզ:

Ս-ի պատմության մեջ հայ համայնքի ներկայացուցիչներից առավել նշանակալի հետք է թողել Ագնես Հովակիմը (1854-99). նա հայտնաբերել է Ս-ի պետական խորհրդանիշը հանդիսացող խոլորձի տեսակը: Ագնես Հովակիմի տապանաքարը գտնվում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հուշապարտեզում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները գրավել են Ս.: Այդ տարիներին օտարազգի այլ բնակիչների հետ տուժել են և հայերը, նրանք վտարվել են իրենց տներից և արգելափակվել ճամբարներում: Պատերազմից հետո ողջ մնացած հայերը վերադարձել են Ս., սակայն չեն կարողացել վերականգնել իրենց նախկին բարվոք վիճակը: Համայնքն այնքան թույլ էր, որ նույնիսկ եկեղեցին դադարել է գործել: Միայն 1996-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի Ս. կատարած այցի ժամանակ, եկեղեցին վերաբացվել է: Ներկայումս (2003) Ս-ում երեք-չորս տասնյակ հայեր են բնակվում:

Գրկ. Nadia H, Wright, Respected Citizens: The History of Armenians in Singapore and Malasya, Middle Park (Australia), 2003.

Նադյա Ռայթ
(Ավստրալիա)
Մուշեղ Մավիսակալյան