Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՐԻԱ

Սիրիայի Արաբական Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում: Տարածքը՝ 185,2 հզ.կմ²: Բնակչությունը՝ 15,6 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Դամասկոս (4 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ 65-70 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հաստատվել են 1991-ին:

Հայաստանի և Ս-ի (զբաղեցնում է պատմական Ասորիքի տարածքի հիմնական մասը) փոխհարաբերությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից: Դրանք ավելի սերտացել են Տիգրան Բ Մեծի օրոք (մ.թ.ա. I դ.), երբ Ասորիքն ընդգրկվել է հայկական պետության կազմի մեջ: Մեծ թվով հայեր (վարչական և ռազմական գործիչներ, վաճառականներ և արհեստավորներ) բնակություն են հաստատել Անտիոքում և նրա շրջակայքում: Տիգրան Բ Մեծի տիրապետության տակ էր նաև Օսրոյենեն, որտեղ հետագայում ստեղծվել է հայ և ասորի խառը բնակչությամբ թագավորություն: Մ.թ. III-IV դդ. քաղաքական, տնտեսական կապերին զուգընթաց զարգացել են նաև մշակութային և կրոնական հարաբերությունները (շատ ասորիներ եղել են քրիստոնեության առաջին քարոզիչները Հայաստանում): IV-V դդ. բազմաթիվ հայ երիտասարդներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցը, ուսանել են Ասորիքի քաղաքներում:

652-ին հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին և Ասորիքի կառավարիչ, ապա խալիֆ Մուավիան համաձայնագիր են կնքել, որով Հայաստանն ընդունել է խալիֆայության գերիշխանությունը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը:

VII դ. վերջին արաբները նվաճել են Հայաստանը: Մեծ թվով հայեր ծառայության են անցել արաբական արքունիքում և բանակում:

Արաբ պատմիչները գովեստով են խոսում հայազգի ռազմական և պետական գործիչ Ալի իբն Յահիա ալ Արմանիի մասին, որն աչքի էր ընկել XI դ. բյուզանդացիների դեմ մղված պատերազմների ժամանակ: Նա եղել է նաև Արմինիա ոստիկանության կառավարիչը: Արաբական ռազմածովային ուժերի հրամանատարներից էր հայազգի ծովակալ Հուսամ ադ Դին Լուլուն: Մեկ այլ ռազմական և պետական գործիչ Բադր ալ Ջամալին եղել է Դամասկոսի կայազորի պետը: 1016-ին Հալեպի բերդի կառավարիչ է նշանակվել հայազգի Ազիզ էլ Դոուլեն, որն աչքի է ընկել իր շինարարական գործունեությամբ:

Հայերի թիվը Ս-ում մեծացել է IX-XI դդ.՝ Բյուզանդական կայսրության կողմից Հյուսիսային Ս. զգալի թվով հայեր գաղթեցնելու, Հայաստանում Բագրատունիների թագավորության անկման, սելջուկյան թուրքերի ասպատակությունների, իսկ հետագայում նաև Կիլիկիայի հայկական պետության անկման (1375) հետևանքով: Նրանք բնակություն են հաստատել Դամասկոսում, Փայասում, Ալեքսանդրետում, Հալեպում և այլուր:

X դ. Ս-ում հիմնվել է հայոց թեմ: Շուղուրի Կարմիր վանքը դարձել է մշակութային կենտրոն: Անտիոքում հայերը (հույների հետ) տիրապետող դիրք են գրավել: XI դ. Անտիոքի կուսակալների մեծ մասը եղել են հայեր