Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներում: Թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավումից (1453) հետո Հալեպը դարձել է առևտրական խոշոր հանգույց, որտեղ անմիջական շփման մեջ են մտել եվրոպական և ասիական վաճառականները: Վենետիկի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Անգլիայի և այլ երկրների վաճառականները Հալեպում են կատարել իրենց գործարքները, այնտեղ փոխանակել մահուդը արևելյան ապրանքների հետ: Հալեպի առևտրական նշանակությունն ավելի է բարձրացել 1535-ին, երբ ֆրանս-թուրքական առևտրի և բարեկամության պայմանագիրը եվրոպական վաճառականների առջև բացել է թուրքական՝ ներառյալ Ս-ի նավահանգիստները: Հալեպում, Ալեքսանդրետում, Տրիպոլիում և այլ քաղաքներում հաստատվել են եվրոպական տարբեր երկրների գործակալություններ: XVI դ. Հալեպը հայերեն ձեռագրերում անվանվում է «մեծ մայրաքաղաք» և հիշատակվում Արևելքի խոշորագույն շուկաների շարքում: Վենետիկցի նշանավոր վաճառական Ֆրիդրիխը, պատմելով Հալեպի շուկայում 1563-ին հանդիպած վաճառականների մասին, առաջին հերթին հիշատակում է ջուղայեցի խոջաներին՝ նրանց անվանելով «հայաստանցի կաճառականներ»:

Հայ խոջաներն աշխույժ կապեր են ունեցել հատկապես Վենետիկի Հանրապետության հեա: Կան բազմաթիվ վկայություններ հալեպահայ խոջաների և նրանց միջև կատարված գործարքների մասին:

XVI դ. կեսից սովորական երևույթ էր Վենետիկում, Ջենովայում, Լիվոռնոյում, Ամստերդամում, Մարսելում և այլ քաղաքներում հալեպահայ խոջաներին հանդիպելը: Եվրոպայում նրանց ընձեռում էին ազատ և շահավետ առևտրի պայմաններ: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-ի հրովարտակով՝ Ֆրանսիա ապրանքներ բերող պարսիկ և հայ վաճառականները վայելում էին նրա պաշտպանությունն ու հովանավորությունը: Կարդինալ Ռիշելյեն, իր հերթին, հայ վաճառականներին շնորհել է Ֆրանսիա ապրանքներ տեղավտխելու արտոնյալ պայմաններ:

Հայ խոջաները հիմնականում Ֆրանսիա են տարել Պարսկաստանի և Ս-ի մետաքսի հումքը: Նրանք Ֆրանսիայի մետաքսե գործվածքների արդյունաբերությանը հումք մատակարարող խոշոր գործակալներ էին: Նրանց մրցակցությանը չի դիմացել մետաքս արտահանող այնպիսի երկիր, ինչպիսին Լիբանանն էր: XVII դ. կեսից Լիբանանում մետաքսի առևտրի անկման պատճառը, ըստ արաբ պատմաբան Ադել Իսմայիլի, հայերի մրցակցությունն էր:

Ամստերդամում հաստատված ջուղայեցի վաճառականներն աշխույժ առևտրական կապեր են պահպանել Թավրիզի, Զմյուռնիայի, Հալեպի և այլ քաղաքների հետ: Պահպանվել է Հոլանդիա մետաքսի հումքը արտահանելու մի համաձայնագիր, որը կնքվել է 1616-ին՝ Ամստերդամում, մի կողմից՝ հոլանդացիների և մյուս կողմից՝ հալեպահայ նշանավոր խոջաներ Պետիկ և Սանոս Չելեբի եղբայրների միջև: Այդ համաձայնագրում խոջա Պետիկը հանդես է եկել որպես Հոլանդիայի թագուհու էմինը, այսինքն՝ նրա առևտրական գործերի ներկայացուցիչը Հալեպում: Նույն թվականին երկու եղբայրների միջոցներով բարեկարգվել և ընդարձակվել է Հալեպի Ս. Քառասնից մանկանց եկեղեցին:

1724-ին, երբ օսմանյան զորքը ներխուժել է Արևելյան Հայաստան՝ փակելով Թավրիզ-Հալեպ ճանապարհը, Հալեպի և Դամասկոսի հայ վաճառականները դիմել են Ռուսաստանի Սենատին (1726-ին)՝ խնդրելով կայպաւթյան տարածքով Եվբրոպա մետաքս տեղափոխելու համար տարանցիկ առևտրի թույլտվություն: Հայերը կարևոր դեր են կատարել նաև Ս-ի ներքին առևտրի տարբեր բնագավառներում: XVIII դ. սկզբին հայ խոջաների ձեռքում էր Հալեպի մաքսատունը, փողերանոցը ևն: Տարբեր ժամանակներում նրանք կապալով են վերցրել նաև Տրիպոլիի և Ալեքսանդրետի մաքսատների շահագործման մենաշնորհը: Հալեպում, Ալեքսանդրետում, Անտիոքում և Բեյլանում հիմնականում հայերն ու հույներն էին մեծածախ, մանրածախ և միջնորդ վաճառականները: Դամասկոսում և Լաթաքիայում հայերը զբաղված էին գերազանցապես մանր առևտրով, իսկ Սուետիայի, Քեսաբի և Լաթաքիայի գյուղերում՝ գյուղատնտեսությամբ:

Ս-ում հայերը հռչակված էին նաև որպես հմուտ արհեստավորներ՝ ոսկերիչներ, ներկարարներ, սադափագործներ, դերձակներ, մուշտակագործներ, դաջողներ, ինչպես նաև սննդի արտադրության և շինարարության ոլորտի վարպետներ: Բավականին տարածում էին գտել մագաղաթ և թաղթ կոկելու, բուսական և քիմիական ներկեր պատրաստելու, ձեռագիր կազմելու ու նորոգելու արհեստները: Առավել բարձր զարգացման էին հասել ոսկերչությունը և ակնագործությունը: Առաքել Դավրիժեցին դրվատանքով հիշատակում է հալեպցի Մուրադ Սարգսին (1592-1662), որը պատրաստել է արհեստագիտական ձեռնարկ՝ «Վասն անուանց և որպիսութեանց պատուական ականց», որտեղ նկարագրված են ավելի քան երեսուն տեսակի թանկագին քարեր և դրանցից յուրաքանչյուրի մշակման եղանակները:

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Ս-ում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, սոցիալ-տնտեսական և իրավական վիճակը ծանրացավ XVI դ. վերջից, երբ Օսմանյան կայսրության թուլացման հետևանքով սկսվեցին ներքին երկպառակություններ և ապստամբություններ: Խրախուսվելով և հրահրվելով օսմանյան պաշտոնյաների կողմից՝ մոլեռանդ