յանը, Հ. Միքայելյանը, Ս. Սաթունցը և ուրիշներ: Այստեղ են ծնվել ճարտարապետներ Ռ. Իսրայելյանը, Մ. Մազմանյանը, քանդակագործ Գ. Ահարոնյանը և ուրիշներ:
Կերպարվեստի բնագավառում ակնառու դեր են խաղացել Մկրտում, Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանները, Վաղարշակ, Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանները, Վ. Խոջաբեկյանը, Գ. Յարալովը, Հ.Կարալյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները, Գ. Գրիգորյանը (Ջոտտո), Դ. Նալբանդյանը, Ս. Ներսիսյանը, Հ. Քաթանյանը. այժմ ստեղծագործում են Մ. Դիլբարյանը, Գ. Խաչատրյանը և ուրիշներ:
XVIII դ. սկզբից Թբիլիսին եղել է հայկական երաժշտական մշակույթի կենտրոն, այստեղ է կազմավորվել վիրահայ աշուղական դպրոցը: Թբիլիսահայ երաժշտական կյանքում մեծ ավանդ ունեն Մ. Եկմալյանը, Գենարիոս և Վասիլ Ղորղանյանները, Գ. Սյունին, Ս. Մելիքյանը, Գ. Ալիխանովը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ: Թբիլիսիում են ծնվել կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանը, Մ. Մազմանյանը, Ա. Մայիլյանը, Ա. Դոլուխանյանը, Վ. Կոտոյանը, Ա. Աճեմյանը, երաժշտագետներ Մ. Աղայանը, դիրիժոր Ա. Մելիք-Փաշայանը և ուրիշներ:
Թբիլիսիում են ծնվել նաև գիտության բազմաթիվ հայտնի գործիչներ՝ աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանը, ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, Գ. Ղարիբյանը, Վ. Մամասախլիսովը, ռադիոֆիզիկոսներ Ալեքսանդր և Լևոն Միքայելյանները, երկրաբաններ Պ. Ղամբարյանը, Հ. Մաղաքյանը, բժիշկներ Լ. Հովհաննիսյանը, Ա. Ալեքսանյանը, Ս. Մալայանը, Ա. Միքայելյանը, անասնաբույժ Ա. Թամամշյանը, պատմաբաններ Լ. Մելիքսեթ-Բեկը, Ս. Երեմյանը, Ա. Հովհաննիսյանը, ազգագրագետներ Ստեփան և Սրբուհի Լիսիցյանները, լեզվաբան Գ. Սևակը, շախմատի աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանը և ուրիշներ:
Թբիլիսիի հայկական թատրոնի նախաքայլերն արվել են 1820-ական թթ.՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով՝ Հ. Ալամդարյանի ղեկավարությամբ:
1858-ին հիմնադրվել է հայկական դրամատիկ թատերախումբ, որը Պ. Պռոշյանի, Գ. Չմշկյանի, Մ. Ամրիկյանի, Գ. Աբովյանի, Գ. Սունդուկյանի ջանքերով վերածվել է արհեստավարժ թատրոնի: Թբիլիսիի հայ թատրոնում են ստեղծագործել Պ. Ադամյանը, Հ. Աբելյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Զաբելը, Վարդուհին, Հասմիկը, Օ. Գուլազյանը, Օ. Մայսուրյանը, Ս. Մանդինյանը, Ա. Խարազյանը, Հ. Զարիֆյանը, Ա. Ասրյանը, Ա. Լուսինյանը, Բ. Ներսիսյանը և ուրիշներ:
1959-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը Թբիլիսիում կազմել են ընդհանուր բնակչության 21,3 %-ը, 1970-ին՝ 16,9 %-Ը, 1979-ին՝ 14,5 %-ը՝ (152 767 մարդ):
Ներկայումս (2003) Թբիլիսիում բնակվում է շուրջ 150 հզ. հայ: Գործում են Ս. Գևորգ առաջնորդանիստ և Էջմիածնեցոց Ս. Գևորգ եկեղեցիները: Զգալի թվով հայեր են բնակվում նաև Թբիլիսիի շրջակա Ծղնեթ և Կոջոր ավաններում, ինչպես նաև Ագարակ, Տաբախմելա (Տաբաղմելիք), Մուխրան-Թելեթ, Մեծ Թելեթ, Ծալաղբյուր, Կումիս և Վաշլովան (Խնձորուտ) գյուղերում: 2002-ին բարեկարգվել և վերաբացվել է Խոջիվանքի գերեզմանոց-պանթեոնը, որտեղ թաղված են հայ գրականության, մշակույթի ու հասարակական 33 հայտնի գործիչներ: Ներկայումս (2003) Թբիլիսիում գործում են 8 հայկական (և խառը՝ հայ-ռուսական) դպրոցներ՝ 1330 աշակերտով, Վրաստանի հայերի միությունը, Վրաստանի հայ երիտասարդների միությունը (1996), Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը (1998), «Սայաթ-Նովա» մշակութալուսավորչական ընկերությունը (1998), «Վերնատուն» գրական խմբակը (հրատարակում է «Վերնա-