Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խուժացած ցամաքային առևտրին նպաստելով՝ հայերը 1736-ին հիմնել են Օրաբազար (Արմյանսկի բազար) քաղաքը:

Ղ-ի տնտեսական կյանքում զգալի էր հայ արհեստավորների ավանդը: Հիմնականում նրանց ձեռքում էր կենտրոնացած թերակղզու արհեստագործական արտադրությունը: Կաֆայում, Ստարի Կրիմում և Ղարասուբազարում հայ արհեստավորների զգալի մասը միավորվել է համքարությունների մեջ: Զարգացում են ապրել ժամանակի արհեստների գրեթե բոլոր տեսակները՝ որմնադրությունը, քարտաշությունը, ներկարարությունը, ջուլհակությունը, ոսկերչությունը, հյուսնությունը, դարբնությունը, կաշեգործությունը, կոշկակարությունը, փոկագործությունը, անվագործությունը, նավաշինության հետ կապված արհեստներ ևն:

Ղ-ի հայկական գյուղերի, ինչպես նաև քաղաքային հայ բնակչության նկատելի հատվածը զբաղվել է այգեգործությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ: Գյուղատնտեսական արտադրանքի մի մասը հանվել է շուկա՝ վաճառքի:

Հայերը Ղ-ում ծավալել են նաև շինարարական լայն գործունեություն՝ կառուցելով հոգևոր և քաղաքացիական բազում շինություններ: Միայն Կաֆայում XII-XVI դդ. նրանք կառուցել են շուրջ 30 եկեղեցի: Մի քանի տասնյակ եկեղեցիներ են կառուցել Սուրխաթում, Ղարասուբազարում, Աքմեչիթում, Արմյանսկի բազարում, Սուդակում և այլուր: Հայկական նշանավոր կառույցներից են մինչև օրս պահպանված Ստարի Կրիմի Ս. Խաչ վանքը՝ իր տաճարով (1358), Կաֆայի Ս. Հովհաննես Մկրտիչ (1348), Ս. Սարգիս (XIIIդ.), Միքայել ու Գաբրիել հրեշտակապետաց (1408) և Ս. Ստեփանոս (1491) եկեղեցիները, Բախչելի գյուղի մոտ՝ Ս. Փրկիչ վանքը (XIV դ.): Համալիր մեծ կառույցներ էին Կաֆայի հայկական պաշտպանական պարիսպը (XIV-XV դդ.), հայկական ջրմուղները Կաֆայում և Երկխարիսխյան ծովախորշում (XIV դ.): Ավանդական են եղել աղբյուր-հուշարձաններ կառուցելը, խաչքարեր կանգնեցնելը:

Դարեր շարունակ ղրիմահայերն առևտրական, քաղաքական, մշակութային և եկեղեցական սերտ կապեր են պահպանել Հայաստանի, Հայկական Կիլիկիայի, ինչպես նաև հայկական այլ գաղութների հետ: Միաժամանակ, նրանք տարբեր առիթներով իրենց վրա են բևեռել այլ վայրերում ապրող ազգակիցների ուշադրությունը: Էջմիածնից, Երուսաղեմից ու Հայ եկեղեցու այլ կենտրոններից զանազան նպատակներով և առաջին հերթին հանգանակություններ կատարելու համար պարբերաբար պատվիրակություններ են եկել Ղ: Հայրենիքի հետ կապերի աշխուժացմանը նպաստել են փոխադարձ ուխտագնացությունները, մշակութային գործիչների փոխայցելությունները և նրանց տևական գործունեությունը ղրիմահայ վանքերում և դպրության կենտրոններում: Ղրիմահայերը սերտ կապեր են պահպանել Կ. Պոլսի և, մանավանդ, Լվովի ու շրջակա լեհահայ մյուս գաղութների հետ: Այդ կապերի արտահայտություններից էր 1363-ին Կաֆայի հայ վաճառականների նվիրատվությամբ Լվովի հայկական մայր տաճարի կառուցումը:

Հայերը Ղ-ում ենթարկվել են եռակի հարկային ճնշման, նրանք զանազան հարկեր և տուրքեր են վճարել թաթարական, թուրքական և ջենովական իշխանություններին: Թուրք-թաթարական ասպատակությունների և պատերազմների նախօրյակին հարկահանությունը վերածվել է թերակղզու քրիստոնյա բնակչության ունեցվածքի բացահայտ բռնագրավման: Դրան զուգընթաց հայ համայնքները ենթարկվել են մահմեդական հոգևորականության հետապնդումներին:

1778-ին Թուրքիայի դեմ Ղ-ի համար մղված սուր պայքարի ժամանակ ռուսական կայսրուհի Եկատերինա II-ի կառավարությունը, Ղ-ի խանին սնանկացնելու և ռուսական արքունիքից ֆինանսատնտեսական կախման մեջ դնելու նպատակով, թերակղզուց տեղահանել է խանական գանձատան գլխավոր հարկատու ժողովուրդներին՝ հայերին և հույներին: Արտագաղթեցված հայերը Դոնի շրջանում 1780-ին հիմնադրել են Նոր Նախիջևան քաղաքը և շրջակա հինգ հայկական գյուղերը: Սակայն Ղ. Ռուսաստանին միանալուց (1783) հետո, հայերը Նոր Նախիջևանից, Արևմտյան Հայաստանից և այլ վայրերից սկսել են պարբերաբար գաղթել Ղ.: 1790-ին առաջինը Ղ. (Ղարասուբազար) է վերադարձել Եկատերինոսլավ տեղափոխված հայ կաթոլիկ համայնքը: XVIII դ. վերջին Ռուսաստանում հայ համայնքներին տրված արտոնություններն ավելի են խթանել հայերի ներհոսքը Ղ.: Նրանց թիվը XIX դ. վերջին - XX դ. սկզբին հասել է շուրջ 20 հզ-ի, այդ թվում Սիմֆերոպոլում՝ 2000, Ստարի Կրիմում՝ 1750, Ղարասուբազարում՝ 1800, Կերչում՝ 700, Թեոդոսիայում՝ 1000 մարդ ևն:

Ռուսական կառավարության առանձնաշնորհմամբ ղրիմահայերը հիմնել են իրենց ինքնակառավարման մարմինները՝ Ստարի Կրիմի քաղաքային ռատուշան և Ղարասուբազարի հայ կաթոլիկ դատարանը: Ընտրովի այդ մարմինները, որոնք գործել են շուրջ 70 տարի՝ XVIII դ. վերջից մինչև 1870-ի սկիզբը, վարել են նշված քաղաքների հայ համայնքների դատական, վարչական, տնտեսական, քրեական, մաքսերի ու տուրքերի գանձման և առհասարակ ներքին կյանքին վերաբերող գործերը:

XIX—XX դդ. ղրիմահայ գաղութի տնտեսական կյանքում շարունակել