Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են առաջնային դեր խաղալ առևտուրը, արհեստներն ու արդյունաբերությունը: XIX դ. 2-րդ կեսից ղրիմահայ զորեղացած առևտրական կապիտալը թափանցել է նաև երկրագործության և արդյունաբերության ոլորտները: Հայ գործարանատեր-արդյունաբերողների, խոշոր տնատերերի, հողատերերի և առևտրականների դասերը շոշափելի մասնակցություն են ունեցել Ռուսաստանին միացած Տավրիկյան նահանգի տնտեսական կյանքի գրեթե բոլոր բնագավառների՝ երկաթուղային շինարարության, շոգեմեքենայական արտադրության արմատավորման, նավաշինության, ներքին և արտաքին առևտրի զարգացման գործում: Հանդես գալով Ղ-ում գործարանային արտադրության նախաձեռնողների շարքերում՝ առանձին հայեր դարձել են ձկնորսարանների, կղմինդրի, կաշեմշակման, մոմի, օճառի և այլ ձեռնարկությունների տերեր: Նահանգային կենտրոն Սիմֆերոպոլից բացի, հայերի առևտրական գործարքները նկատելի չափերի են հասել Թեոդոսիայում, Ղարասուբազարում, Արմյանսկում, Եվպատորիայում, Կերչում: 1895-ին միայն Սիմֆերոպոլի առևտրական զիլդիաներում ընդգրկվել է 70 հայ վաճառական, իսկ դարավերջին ամբողջ Ղ-ի զիլդիաներում նրանց թիվը հասել է 523-ի՝ 5 մլն դրամագլխով:

XIX-XX դդ. ևս ղրիմահայերի զբաղմունքների մեջ աչքի ընկնող տեղ են ունեցել այգեգործությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը, անասնապահությունը, մասամբ՝ նաև շերամապահությունը: Ղ-ում հայ միջին և խոշոր հողատերերը, որոնք տիրել են հարյուրավոր դեսյատին հողերի, շոշափելի բաժին են ունեցել գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) և դրան անմիջապես հաջորդած տարիներին Ղ-ում ապաստան են գտել Թուրքիայի սևծովյան ափերից և այլ շրջաններից գաղթած հազարավոր հայեր: 1926-ին տեղի է ունեցել Ղ-ի համահայկական համագումարը, որի որոշումներում կարևոր նշանակություն է տրվել Հայաստանի հետ մշակութային-կրթական կապերի սերտացմանը, դպրոցական գործի կազմակերպմանը, ղրիմահայ գյուղերում միատարր հայ բնակչության պահպանմանը: 1920-30-ին Ղ-ում տրվել են հայերեն շաբաթական ռադիոհաղորդումներ: 1930-ական թթ. 2-րդ կեսից Ղ-ում, ռուսահայ մյուս գաղութների նման, հայ ազգային-մշակութային կյանքն անկում է ապրել: 1939-ի մարդահամարի տվյալներով՝ Ղ-ում բնակվել է 12 963 հայ: 1944-ի հունիսին թաթարների և հույների հետ ղրիմահայերը նույնպես, որպես «անհուսալի տարրեր», աքսորվել են Ուրալի և Միջին Ասիայի տարբեր շրջաններ՝ տալով բազմաթիվ զոհեր աքսորավայրերի ճանապարհներին: 1955-ին նրանց անձնական իրավունքները վերականգնվել են, սակայն առանց Ղ. վերադառնալու և կրած տառապանքների դիմաց փոխհատուցում պահանջելու իրավունքի: Ղ-ից արտաքսված մյուս ժողովուրդների նման՝ հայերի իրավունքները լիովին վերականգնվել են միայն 1990-91-ին: 1980-ական թթ. վերջից նկատելի է դարձել հայերի վերադարձը Ղ.: 1989-ին ղրիմահայերի «Լույս» հասարակական-մշակութային կազմակերպության հիմնադրմամբ հայերի վերադարձին կազմակերպված ընթացք է հաղորդվել, և սկսել է իրագործվել նրանց վերադարձի և տեղավորման պետական ծրագիրը:

Ներկայումս (2003) Ղ-ում բնակվում է շուրջ 20 հզ. հայ: Նրանց ազգային կյանքը 1993-ից սկսել է կազմակերպել Ղրիմի Հանրապետության գերագույն իշխանության կողմից պաշտոնապես ճանաչված Ղրիմահայոց ընկերությունը: Յալթա, Թեոդոսիա, Եվպատորիա քաղաքներում գործում են հայկական եկեղեցիներ, Ղ-ի հինգ քաղաքներում՝ կիրակնօրյա հայկական դպրոցներ: 1998-ին Սիմֆերոպոլում բացվել է առաջին հայկական քոլեջը: Ղրիմի Հանրապետության հեռուստատեսության համակարգում գործում է «Բարև» հայկական մեկժամյա ծրագիրը, շաբաթական հինգ անգամ եթերում է հայերեն ռադիոժամը, հրատարակվում է «Մասյաց աղավնի» թերթը: Սիմֆերոպոլում, Յալթայում, Սևաստոպոլում գործում են գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ: Նկատելի աշխատանք է կատարվում հայկական հուշարձանների վերականգնման ուղղությամբ: Պարբերաբար անցկացվում են հայ մշակույթի օրեր Հայաստանի ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Հայերը սկսել են գործուն մասնակցություն ցուցաբերել Ղրիմի Հանրապետության հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: 1997-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, Ղ-ի Գերագույն խորհրդի և կառավարության որոշմամբ մեծ շուքով նշվել է Գաբրիել և Հովհաննես Այվազովսկի եղբայրների ծննդյան 185 և 180-ամյակները:

Սիմֆերոպոլի (XIII-XVIII դդ.՝ Աքմեչիթ) հայկական համայնքը ձևավորվել է XV դ.: 1778-ին Սիմֆերոպոլից Ռուսաստան է արտագաղթել 259 հայ:

Ղ. Ռուսաստանին միացնելուց (1783) և Սիմֆերոպոլը նահանգային կենտրոն դառնալուց հետո շարունակ աճել է նաև նրա հայ բնակիչների թիվը՝ 1897-ին կազմելով մոտ 5 հզ.: XX դ. առաջին երկու տասնամյակներին հայ համայնքը անընդհատ մեծացել է Արևմտյան Հայաստանից տեղահանված հայ գաղթականների հաշվին:

Սիմֆերոպոլի հայ առևտրական, արդյունագործական և խոշոր հողա-