Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՈՒՎԵՅԹ

Քուվեյթի Պետություն, պետություն Արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հյուսիս֊արևելքում: Տարածքը՝ 17,8 հզ.կմ²: Բնակչությունը՝ 2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Էլ Քուվեյթ (1,4 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 5 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հաստատվել են 1993-ին:

Հայերը Ք-ում սկսել են բնակություն հաստատել 1950-ական թթ. սկզբից, երբ արաբական այս փոքր երկիրը տնտեսական վերելք է ապրել իր հարուստ նավթային պաշարների արդյունահանման և արտահանման ծավալների ընդարձակման շնորհիվ: Սկզբնական շրջանում եկել են առավելապես Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, սակավ թվով՝ Պաղեստինից և Հորդանանից: Կենտրոնացել են Էլ Քուվեյթում: Առաջինների թվում են եղել Զաքարյան, Նաջարյան և Կարազյոզյան ընտանիքները (Իրաքից), որոնք զբաղվել են հիմնականում մեքենագործությամբ: Համայնքը սկսել է կազմավորվել 1954-ից, երբ տեղի հայերը (որոնց թիվն արդեն անցել էր 1000-ից) ձևավորել են իրենց առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը, որի կազմում ընտրված գործիչները (Երվանդ Պարսումյան՝ ատենապետ, Արշալույս Աբգար, Հակոբ Սողոմոնյան և Հակոբ Տերտերյան) կարևոր դեր են խաղացել համայնքի համախմբման և ազգային կյանքի կազմակերպման գործում:

Հետագա տարիներին գաղութը շարունակել է համալրվել հատկապես Սիրիայից և Իրանից գաղթած հայերով: Համայնքի կրոնական կարիքները հոգալու համար պարբերաբար Ք. է այցելել Բասրայի (Իրաք) հայերի հոգևոր հովիվը: 1956-ին քուվեյթահայ համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության ներքո, 1961-ից ունի մնայուն հոգևոր հովիվ (Պարույր քհն. Սարգսյան):

1962-ին քուվեյթահայերը երկրի իշխանություններից ստացել են համայնքի օրինականությունը հաստատող պետական վկայագիր, որը սեփական աղոթավայր ունենալու իրավունք էր ընձեռում: Համայնքի հանգանակած միջոցներով և անհատական նվիրատվություններով 1963-ին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ (1967-ին հիմնովին նորոգվել է): 1982-ին ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմը (կենտրոնը՝ Էլ Քուվեյթ): Թեմի առաջնորդ է նշանակվել Օշական եպս. Չոլոյանը (պաշտոնավարել է մինչև 1997-ը):

1958-ից գործում է կիրակնօրյա դպրոց: 1960-ին Երվանդ Թերզյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայ-արաբական դպրոցը (աշակերտների գերակշիռ մասը՝ օտարազգի): 1961-ին Հայ-արաբական դպրոցի հիման վրա, կառավարության արտոնագրով, ստեղծվել է Ք-ի Հայ ազգային վարժարանը (վարիչ-տնօրեն է նշանակվել Պարույր քհն. Սարգսյանը): Ք-ում հայերի նոր հոսքի հետևանքով ազգային վարժարանի աշակերտների թիվն աճել է, և 1969-70-ին վարժարանը միջնակարգ դպրոցի կարգավիճաև է ստացել: Համայնքի հանգանակած միջոցներով 1974-ին շահագործման է հանձնվել վարժարանի նորակառույց եռահարկ շենքը (կառուցվել է եկեղեցու տարածքում):

1980-ական թթ. 2-րդ կեսին քուվեյթահայ գաղութը շարունակել է