Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեն: Գործում են հայկական ռադիոկայաններ (Փարիզ, Մարսեր Լիոն, Վալանս), «Արմենֆաքս» տեղեկատվական գործակալությունը (ծանոթացնում է Հայաստանի, Արցախի և սփյուռթքի ներկա իրավիճակին):

Ֆ-ում հայտնի անուններ են երգիչ, երգահան Շ. Ազնավուրը, Ֆ-ի գեղարվեստական ակադեմիայի անդամ գեղանկարիչ Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Ֆ-ի ակադեմիայի անդամ գրող Անրի Թրուայան, Պաստյորի ինստիտուտի գիտնական, ՁԻԱՀ-ի կանխարգելման հետազոտությունների մասնագետ Արա Հովհաննիսյանը, Ֆ-ի փորձագետ-խորհրդատու բժիշկների միության նախագահ է Էդուարդ Ադամյանը, արհեստական ադամանդի (ֆիանիտ) ստեղծող Հրանտ Ճևահիրճյանը, գործարարներ Ա. Մանուկյանը, Թ. Պետրոսյանը, Ա. Միկկին, Ս. Կելյանը, Գ. Բաքրջյանը և ուրիշներ: 2002-ից Ֆ-ի կառավարության անդամ է տեղական ազատությունների նախարար Պատրիկ Դևեճյանը:

Ֆ-ի հայազգի մարզիկներն աչքի են ընկել ավտոսպորտի (աշխարհի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստ), բռնցքամարտի (Ժակ Հայրապետյան, Ժակ Քեշիշյան), ֆուտբոլի (Էրիկ Ասատուրյան, Պասկալ Պետրոսյան, Ալեն Պողոսյան, Միշել Տեր-Զաքարյան, Յուրի Ջորկայեֆ), ձյուդոյի (Ռոժեր Հայրապետյան) և այլ բնագավառներում:

Հայաստանի աշխարհագրական վայրերի անվանումներով, ինչպես նաև նշանավոր հայերի անուններով փողոցներ կան Ֆ-ի շատ քաղաքներում՝ Ալֆորվիլում (Միսաք Մանուշյանի խմբի, Կոմիտասի), Բանյոյում (Հայկ Դպիրյանի), Լիոնում (Հայաստան), Վալանսում (Երևան), Դեսինում (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի),Կլամարում՝ հրապարակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ևն: Քույրացած քաղաքներ են Բանյոն և Վանաձորը, Ավինյոնը և Երևանը, Դեսինը և Ստեփանավանը, Վիլլեորբանը, Ռեքսը, Դեսինը և Աբովյանը, Իսի լե Մուլինոն և Էջմիածինը, Ալֆորվիլը և Աշտարակը, Վիենը և Գորիսը, Վալանսը և Իջևանը, Ռոմանը և Վարդենիսը:

Ֆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ են կառուցվել Փարիզի շրջակայքում՝ Ալֆորվիլ (1984), Իսի լե Մուլինո (1982, հեղինակ՝ Դ. Երևանցի), Առնուվիլլե Գոնես (1975, հեղինակ՝ Վ. Կարապետյան), Շարանտոն լե Պոն (1996, հեղինակ՝ Ռ. Եսայան), Լիոնում (1978, հեղինակ՝ Թադևոսյան) և շրջակայքում՝ Շարվիե և Պոնա դը Շերյի (1998), Դեսին (1972, հեղինակ՝ Դառնաս), Վիեն (1982, հեղինակ՝ Թորոս), Վալանս (1987, հեղինակ՝ Թորոս), Մարսելում (1973, հեղինակներ՝ Թորոս և Փիրյան) և շրջակայքում՝ Էքս-ան-Պրովանս (1983, հեղինակ՝ Թորոս), Մոնպելյե (1986, հեղինակ՝ Է. Սարգսյան), Ավինյոնում (1988, հեղինակ՝ Բոլլ), Տրակինյանում (1995, հեղինակ՝ Թորոս): Խաչքար-հաշակոթող կա Թուլուզում (1993, հեղինակ՝ Ս. Դանիելյան):

2003-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում (Կանադա հրապարակի մի ծառուղում) տեղադրվել է Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտտսի և 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1,5 մլն հայերի հիշատակին» մակագրությամբ (հեղինակ՝ Դ. Երևանցի):

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով ֆրանսահայ համայնքում ստեղծվել են «Ազնավուրը՝ Հայաստանին», «ՏՕՏ Արմենի» (1988-1994), «Հույս Հայաստանին» (հիմնվել է Ֆ-ի հայ ավետարանական եկեղեցիների նախաձեռնությամբ) կազմակերպությունները, որոնք մշակել և աղետի գոտում իրականացնում են նաև երկարաժամկետ օգնության ծրագրեր:

1998-ի մայիսի 29-ին Ֆ-ի խորհրդարանը ճանաչել է 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը: 2001-ին Ֆ. ճանաչել է Հայոց ցեղա-