կութային միությունը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը, «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնը, հայագիտական հիմնարկներ: Կան մշակույթի տներ, գրախանութներ, պատկերասրահներ: Շոշափելի գործունեություն են ծավալում թատերական-գեղարվեստական խմբերը՝ «Դիմակ», «Կիսանի», «Նարեկ Դուրյան» թատերախմբերը, «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը, «Նաիրի», «Նավասարդ», «Սասուն», «Շուշի» (մանկական) պարախմբերը, «Քատրա» երաժշտական միությունը: 1950-ական թթ. գործում է Հայ դեկորատիվ արվեստի թանգարանը: Փարիզահայ արվեստագետներից շատերը ելույթներ են ունեցել Երևանի բեմերում ու համերգասրահներում (Շ. Ազնավուր, Րաֆֆի Պետրոսյան, Լ. Դուրյան), կազմակերպել անհատական ցուցահանդեսներ (Գառզու, Ա. Պերպերյան, Ռ. Ժերանյան և ուրիշներ): Փարիզում կազմակերպվել են հայկական ցուցահանդեսներ՝ «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» (1970, Հայ դեկորատիվ արվեստի թանգարան), «Մարտիրոս Սարյան» (1982), «Հայկական Փարիզը» (1990), «Կիլիկիայի թագավորությունը» (1993), «Հայաստանը Արևմուտքի և Արևելքի միջև» (1996, Ազգային գրադարան) ևն:
Փարիզի Պեր լա Շեզ գերեզմանատունը ամփոփված են Փարիզի հայ հոգևոր առաջնորդների աճյունները: Այնտեղ էր թաղված նաև զորավար Անդրանիկը, որի աճյունը 2000-ի փետրվարի 18-ին տեղափոխվել է Հայաստան (ամփոփվել է Եռաբլուրում): Մահարձանը Պեր լա Շեզում պահպանվել է որպես հուշարձան:
Փարիզի հայաբնակ արվարձաններ
Ալֆորվիլում բնակվում է շուրջ 10 հզ. հայ: 1930-ին կառուցվել է Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (ճարտարապետ՝ Արմեն Հակոբյան), որին կից գործում է Ս. Մեսրոպ ամենօրյա վարժարանը: 1969-ին ստեղծվել է Հայ մշակույթի տունը, որտեղ գործում են բազմաթիվ խմբակներ, կազմակերպվում գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ: Քաղաքի հրապարակներից մեկը կոչվում է Աշտարակի հրապարակ. կան նաև Մ. Մանուշյանի խմբի, Կոմիտասի անունը կրող փողոցներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Ալֆորվիլում է գտնվում «Ռադիո Արմենիի» շրջանային կայանը: Քույրացած է ՀՀ Աշտարակ քաղաքի հետ:
Առնուվիլ լե Գոնեսում 1924-ին կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցին, որն ունի իր ծխական խորհուրդը, դպրոց: Գործում է Ս. Խաչ կաթոլիկ միությունը (ունի երկսեռ երգչախումբ): 1931-ին Արմենակ Համբարձումյանի բարերարությամբ կառուցվել է Վարագա Ս. Խաչ առաքելական եկեղեցին (ճարտ.՝ Արմեն Հակոբյան): Հայերն ունեն իրենց հավաքատեղին: 1932-ից գործում է շաբաթօրյա վարժարան: Քաղաքում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Բանյոյում բնակվում է շուրջ 2 հզ. հայ: Գործում են Ֆրանսահայ Կապույտ խաչի, Ֆրանսահայ մշակութային միության տեղական մասնաճյուղերը, «Հայ ճամփա» կազմակերպությունը: Կա հայ մտավորականների դամբարան (կառուցվել է 1957-ին), որտեղ թաղված են գրողներ Արշակ Չոպանյանը, Արամ Անտոնյանը, Լևոն Բաշալյանը, Շահան Պերպերյանը, նկարիչ Էդգար Շահինը և ուրիշներ: Քույրացած է ՀՀ Վանաձոր քաղաքի հետ:
Իսի լե Մուլինոյում բնակվում է շուրջ 5 հզ. հայ: Գործում են Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1973-ին՝ Նուրհան Ֆրենկյանի բարերարությամբ), Հայ մշակույթի տունը (1971-ից), ՀՀԴ Նոր սերունդ երիտասարդական միության, Ֆրանսահայ Կապույտ խաչի, Ֆրանսահայ երիտասարդական միության, Ֆրանսահայ մշակութային միության տեղական մասնաճյուղերը, Հայ մարմնամարզական ընկերությունը: Հայ բողոքա-