Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դերը: 1928-ին ստեղծվել է Կրթական մարմինը, որի նախաձեռնությամբ ֆրանսիական դպրոցներում դասավանդվել է հայոց լեզու և պատմություն: 1932-ին Ազգային միության գլխավորությամբ, Հայ մայրերի միության օժանդակությամբ Լիոնում գործել են հինգ մեկօրյա մանկապարտեզներ, կազմակերպվել հայերենի գիշերային դասընթացներ:

Լիոնի հայերը մասնակցել են ֆաշիզմի դեմ ծավալված ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարին (1939-45): Լիոնում էր Հայ ազգային ճակատի կենտրոնատեղին: Շրջանի ղեկավարներն էին Սիրակ Բաղդասարյանը, Մելքոն Գեղունին, Վահրիճ Կեռքչյանը, Նապոլեոն Բուլուկյանը, Աբո ու Հերմոնե Աբոյանները և ուրիշներ: Քաղաքի ազատագրության համար մղված մարտերին մասնակցել է ավելի քան 500 հայ:

1954-ին Եկեղեցաշեն հանձնախմբի նախաձեռնությամբ (նախագահ՝ Կարպիս Ճնկտրյան), Շինարար տիկնանց հանձնախմբի (նախագահ՝ Մ. Չազրյան) և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ, Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ Լիոնում կառուցվել է Ս. Հակոբ եկեղեցին (օծվել է 1963-ին):

Լիոնում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքներ: 1977-ին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որը կազմակերպում է դասախոսություններ, մշակութային միջոցառումներ, նյութապես օգնում կարիքավոր հայրենակիցներին, ունի իր մատենադարանը (կրում է Սերովբե արք. Մանուկյանի անունը): Համայնքում գործում են նաև Հայ դատի պաշտպանության կոմիտեն, «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, «Նապոլեոն և Լիա Բուլուկյան» հիմնադրամը, «Լիոն֊Երևան» համագործակցական ընկերությունը, Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը, «Կոմիտաս» երգչախումբը, «Սպիտակ» գործիքային համույթը (1989-ից): Լիոնի համալսարանում կազմակերպվել են հայերենի դասընթացներ: Քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Հայաստան: Գործում է հայկական ռադիոժամ:

Լիոնում լույս են տեսել հայերեն (նաև ֆրանսերեն) մի շարք պարբերականներ, որոնք տպագրվել են «Եփրատ» տպարանում: Դրանցից են՝ «Լիոնահայ ուղեցույց-տարեցույց» (1931), «Շարժում» (1932), «Հայ մայրերու տարեցույց» (1933), «Շարժում» (1934), «Ակոս» (1936-1937), «Աքլոր» (1936-37), «Նորաշեն» (1936), «Հայ երիտասարդ» (1943-44), «Լույս» (1963-65), «Մորենի» (1976-79), «Ս. Հակոբ» (1982-90) ևն: Ներկայումս Հայ դատի պաշտպանության կոմիտեն հրատարակում է «Ֆրանսարմենի» ամսագիրը, հայ ավետարանական համայնքը՝ «Բանբեր» կրոնական ամսաթերթը:

Լիոնում և շրջակայքում (Ռոն-Ալպյան շրջան) բնակվում է շուրջ 100 հզ. հայ:

Լիոնի շրջան

Գրնեբոլում հայերը բնակություն են հաստատել 1920-ական թթ.: Ներկայումս քաղաքում բնակվում է շուրջ 2 հզ. հայ՝ գործարարներ, ձեռնարկատերեր, արհեստավորներ: Համայնքը ղեկավարում է Ազգային միությունը (նախագահ՝ Խաչատուր Անտոնյան): 1977-ին Ժ. Մարանճյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական ակումբը (գործել է գեղանկարիչ Գառզուի հովանավորությամբ): Հայերի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը կազմակերպում են ՀՀԴ տեղական կազմակերպությունը (1928-ից), Հայ մշակույթի տունը (ունի թատերախումբ, պարախումբ, լարային գործիքների համույթ, ռեգբիի խմբակ, հրատարակում է «Ազադ մագազին» եռամսյա պատկերազարդ հանդեսը, կազմակերպում հայերենի դասընթացներ), ՀԲԸՄ, ՀՀԴ Նոր սերունդ երիտասարդական միության, Ֆրանսահայ Կապույտ խաչի, Հայ նախկին ռազմիկների միության Գրենոբլի մասնաճյուղերը, 1990-ից՝ Հայաստանի հետ տնտեսական և մշակութային համագործակցության կազմակերպությունը: Քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Հայաստան: 1997-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության 82-րդ տարեդարձի նախօրեին, Գրենոբլում բացվել է տեղի հայ համայնքի պատմությունը ներկայացնող ցուցահանդես:

Դեսինում բնակվում է շուրջ 2,5 հզ. հայ: Գործում են Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946-ին), ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, Տարոն-Տուրուբերանի, Խարբերդի, Վասպուրականի, Սեբաստիայի հայրենակցական միությունների, ՀԲԸՄ-ի, Ֆրանսահայ Կապույտ խաչի, Ֆրանսահայ երիտասարդական միության, Հայ նախկին ռազմիկների միության (1947-ից) մասնաճյուղերը, շաբաթօրյա վարժարաններ, Դեսինի ընդհանուր հայկական միությունը (ունի ֆուտբոլի թիմ): 1932-ին ՀՀԴ նախաձեռնությամբ կառուցվել է Հայ մշակույթի տունը, որտեղ գործում են Հայկական ոաումնասիրության, վավերագրության և տեղեկատվության կենտրոնը (1982-ից), դպրոց, գրադարան: Հայ բողոքականներն ունեն եկեղեցի, շաբաթօրյա վարժարան, կազմակերպում են երիտասարդական ճամբարներ: Դեսինում է գտնվում «Ռադիո Արմենիի» շրջանային կայանը: Հայոց ցեղասպանության 50-րդ տարեդարձի առթիվ հայկական եկեղեցուն կից փողոցը անվանվել է Ապրիլի 24, 1915: