Շարվիե և Պոնտ դը Շերյի քաղաքներում հայերը հաստատվել են 1918-20-ական թթ.: Նրանց մեծ մասը գաղթել է Սեբաստիայից, Մարաշից, Մալաթիայից, Բուրսայից, Խարբերդից: 1926-ին Խաչիկ Ղարիբյանի, Բյուզանդ Պըթկըճյանի, Նշան Դարբինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Ազգային միությունը, որը կազմակերպում է համայնքի կյանքը: 1980-ին Պահատուրյան ընտանիքի նյութական օժանդակությամբ այստեղ կառուցվել է Ս. Նշան եկեղեցին (ճարտարապետ՝ Պիեռ Մումճյան), որն ունի իր վարչական խորհուրդը: Գործում են Հայ մշակույթի տունը և համայնքի կյանքին առնչվող տարբեր հանձնաժողովներ (կրոնական, մշակութային ևն): Շարվիեում կա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի փողոց, որտեղ կանգնեցված է հուշարձան:
Ռոման և Բոտ դը Պեաժ քաղաքներում ապրում է շուրջ 1000 հայ: Գործում է Ս. Նիկողայոս եկեղեցին: 1965-ին ստեղծվել է Ռոման և Բուր դը Պեաժ քաղաքների «Բարեկամության խորհուրդը» (հովանավորում է հայերենի դասընթացները): 1988-ին հայ գործարարներ Ստեփան Կելյանի և Ալեն Մանուկյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է «Սևան» մշակութային կենտրոնը (ճարտարապետ՝ Ժան-Հակոբ Քեփենեկյան), որտեղ գործում է շաբաթօրյա դպրոց: Ռոմանում հայտնի անուն է կոնսերվատորիայի տնօրեն, կոմպոզիտոր, գործիքային համույթի ղեկավար Ալեքսանդր Սիրանոսյանը: Նա «Սերենադ» երիտասարդական նվագախմբի ստեղծողն ու հովանավորն է Երևանում: Ա. Սիրանոսյանը բազմիցս ելույթներ է ունեցել Երևանում:
Սեն Շամոնում բնակվում է շուրջ 1000 հայ: 1950-ական թթ. Ժան Գրիգորյանի և Մ. Այանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Սեն Շամոնի հայկական համայնք» միությունը: Գործում են ՀՀԴ տեղական կազմակերպությունը, ՀԲԸՄ-ի, Հայ դատի պաշտպանության կոմիտեի մասնաճյուղերը, Ս. Ներսես Շնորհալի կաթոլիկ եկեղեցին, 1985-ից՝ Հայ մշակույթի կենտրոնը (նախագահ՝ Օղիլ Գիզիրյան, 1996): Քաղաքում կանգնեցված է խաչքար:
Սենտ Էտիենամ հայերը հաստատվել են 1922-26-ին. գաղթել են Խարբերդից, Տարոնից: Ներկայումս քաղաքում բնակվում է շուրջ 250 հայ ընտանիք: Համայնքի կյանքը կազմակերպելու նպատակով 1920-ական թթ. կեսին ստեղծվել է Ազգային միությունը: 1981-ին Սիրարփի Թովմասյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Գործում են ՀՀԴ տեղական կազմակերպությունը, Հայ դատի պաշտպանության կոմիտեի, ՀԲԸՄ-ի, ՀՀԴ-Նոր սերունդ երիտասարդական միության, Հայ սփյուռքի հետազոտության կենտրոնի մասնաճյուղերը, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը: Կա համայնքային կենտրոն, որին կից՝ շաբաթօրյա վարժարան: 1988-ից քաղաքի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, որտեղ կանգնեցված է խաչքար-հուշարձան:
Վիենում հայերը հաստատվել են 1920-ական թթ.: Ներկայումս քաղաքում բնակվում է շուրջ 2,5 հզ. հայ: Համայնքը ղեկավարում է ծխական խորհուրդը: 1980-ական թթ. կառուցվել է Հայ մշակույթի տունը: Գործում են հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, Ֆրանսահայ Կապույտ խաչի մասնաճյուղերը, Խարբերղի, Մալաթիայի, Տարոն-Տուրուբերանի, Վանի, Մարաշի հայրենակցական միությունները, հայկական երկսեռ երգչախումբը (ղեկավար՝ Հովհաննես Պերպերյան), «Գորիս» պարախումբը (1991-ից): Կապույտ խաչի (1929-ից) և ՀԲԸՄ-ի (1971-ից) հովանավորությամբ գործում են մեկօրյա վարժարաններ: Կա հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քույրացած է ՀՀ Գորիս քաղաքի հետ:
Վիլլեորբանում բնակվում է շուրջ 3,5 հզ. հայ: 1988-ին քաղաքապետի հայկական հարցերով խորհրդական Ժան Գրիգորյանի նախաձեռնությամբ բացվել է Հայ մշակույթի տունը (գործում է ՀՀԴ հովանավորությամբ): Նախկին քաղաքապեւո Շառլ Էդնյուն մեծ ջանքեր է գործադրել Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Հայաստան: Քույրացած է ՀՀ Աբովյան քաղաքի հետ:
Մարսելում բնակություն հաստատած առաջին հայերը վաճառականներ էին:
XVI դ., երբ Մարսելը դարձել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, այստեղ լայն գործունեություն են ծավալել նաև հայ վաճառականները: Սակայն տեղացի վաճառականների դրդմամբ ֆրանսիական իշխանությունները սահմանափակել, ապա արգելել են հայ վաճառականների մուտքը Ֆ., ինչը տևել է մինչև 1660-ը, երբ արտոնվել են Ջենովայի և Լիվոռնոյի հայերին փոխադրվել Մարսել: 1669-ին քաղաքը հռչակվել է ազատ նավահանգիստ, և բոլոր ազգությունների վաճառականներին արտոնվել է առևտրի ու նաև ֆրանսիական քաղաքացիության իրավունք: Այս պատեհությունից օգտվել են նաև հայերը. Արևելյան Հայաստանից այստեղ են փոխադրվել բրդի, շերամի առևտրով զբաղվողներ: 1672-ին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են հայերեն գրքեր: 1885-ին Արմենական կուսակցության հիմնադիրներից Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվել է Մարսելում, որտեղ հրատարակել է «Արմենիա» ամսագիրը (1885-