Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նիսի և շրջակայքի հայ գաղութը վերջին 15-20 տարիների ընթացքում բազմացել և բարգավաճել է շնորհիվ Կ. Պոլսից, Լիբանանից և Իրանից եկած բարեկեցիկ ընտանիքների, որոնք նոր լիցք են հաղորդել համայնքային կյանքին: Նիսահայ համայնքն ընդգրկում է իտալական սահմանից մինչե Սեն Ռաֆայել երկարող միջերկրածովյան գոտին, որտեղ ներկայումս գործում են հայկական հաստատություններ ու միություններ. Նիսի և շրջակայքի Հայոց կրոնական ընկերակցությունը հիմնվել է 1951-ին՝ ազգային բարերար Տիգրան Չամքիրթյանի ջանքերով: Զբաղվում է եկեղեցու, երիցատան, Պարսամյան ամենօրյա վարժարանի մատակարարման գործերով: Նիսահայ տիկնանց միությունը կազմակերպվել է 1974-ին՝ հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու նպատակով: Հովանավորում է Պարսամյան համալիրում գործող մեկօրյա դպրոցը (ունի հինգ դասարան, դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, հայ մշակույթ և կրոն), զբաղվում է նաև կարիքավոր հայրենակիցների խնդիրներով:

Հայ մշակութային ակումբը հիմնվել է 1972-ին: Կազմակերպում է դասախոսություններ և մշակութային միջոցառումներ, ունի գրական, գեղարվեստական, երաժշտական, պարային, թատերական բաժիններ: Սևան մշակութային ակումբը կազմակերպվել է 1982-ին, Կանն քաղաքում՝ ֆրանսիական հասարակությանը հայ մշակույթին և արվեստին ծանոթացնելու նպատակով: Հայ մարզական միությունը հիմնվել է 1926-ին: Նախապես գործել է որպես ֆուտբոլի թիմ: Ունի ընդարձակ հավաքատեղի, որը տրամադրել է քաղաքապետարանը:

Համայնքում գործում են նաև ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Ֆրանսահայ Կապույտ խաչի, Հայ դատի պաշտպանության կոմիտեի, Հայ նախկին ռազմիկների միության մասնաճյուղերը, Հայ արվեստի և գրականության բարեկամների միությունը, «Սայաթ-Նովա» երգչախումբը, լույս է տեսնում «Բարև» հանդեսը: 1988-1994-ին գործել է «ՏՕՏ Արմենի» կազմակերպության տեղական մասնաճյուղը, որի ջանքերով Նիսի հիվանդանոցներում բուժվել են մի խումբ երեխաներ: 1990-ին Նիսում հանդիսավոր պայմաններում բացվել է մարզադաշտ, որին տրվել է «Սպիտակ» անվանումը:

Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1920-22-ից: Նրանց մեծ մասը գաղթել է Խարբերդից, Մալաթիայից, ավեյի ուշ՝ Բրուսայից: Հիմնականում բանվորություն են արել Վալանսի մետաղագործական, սննդի, տեքստիլ, կաշվի, թղթի գործարաններում: Հայերի ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1927-ին հիմնվել է Վալանսի ազգային միությունը: 1951-ին Վալանսում կառուցվել է մատուռ, որը 1953-ին օծվել է որպես եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Վալանսահայերը մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ֆրանսիական բանակի շարքերում, և Դիմադրության շարժմանը:

Ներկայումս Վալանսում բնակվում է շուրջ 8 հզ. հայ: Գործում են ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ-ի (1934-ից), Հայ Կարմիր խաչի, Հայ Կապույտ խաչի, Մալաթիա կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության տեղական մասնաճյուղերը, Մալաթիայի հայրենակցական միությունը, Հայ մշակույթի տունը, Համազգային մշակութային միության «Մուշեղ Իշխան» Վալանսի մասնաճյուղը (ճանաչված է ֆրանսիական կառավարության կողմից, ունի ռադիոժամ՝ «Համազգային ձայն»), Ազգային կրոնական ընկերակցությունը, ինչպես նաև այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ (1992-ին Դրոմ դեպարտամենտի իշխանությունները գրանցել են հայկական 28 կազմակերպություն): 1969-ին Վալանսի նորաբաց թաղամասերից մեկը կոչվել է «Երևան՝ մայրաքաղաք Հայաստանի»: 1988-ին ազգային բարերար Վարուժան Պոզաճյանի նյութական օժանդակությամբ կառուցվել է Ս. Սահակ եկեղեցին: Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Նարեկ քհն. Վարդանյանի ղեկավարությամբ գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը (1996-ին աշակերտների թիվը՝ 130): 1988-ի Սպիտակի երկրաշարժից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից (1991) հետո հիմնվել են «Սփյուռք-Հայաստան» (մարդասիրական), «Հայաստան երկիր» (օգնություն է կազմակերպում Արցախին), «Արմենիա» (մշակութային) միությունները: Համայնքն ունի ֆուտբոլի թիմ: Վալանսի քաղաքապետ Պատրիկ Լաբոնի երկու խորհրդականները հայ են՝ Ժոզեֆ Դեմիջյան և Ժանուել Կոշկարյան: Քույրացած է ՀՀ Իջևան քաղաքի հետ: