Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակութային կյանքը ավստրալահայ համայնքում սկսել է աշխուժանալ ազգային կառույցների կազմակերպմանը զուգընթաց:

1950-ական թթ-ից Մելբուռնում և Սիդնեյում կազմակերպվել են մշակութային տարբեր միջոցառումներ: 1969-ից դերասան և ռեժիսոր Ն. Խաչատրյանի ղեկավարությամբ գործել է «Հակոբ Պարոնյան» հայկական առաջին թատերախումբը: 1971-ից Ա-ում է ստեղծագործել եգիպտահայ դերասան և ռեժիսոր Ս. Գոչունյանը, որը Սիդնեյում կազմակերպել է թատերախումբ, բեմադրել հայ և օտար դրամատուրգների գործեր: 1973-ին Սիդնեյում Կ. Նիկողոսյանը բեմադրել է Պ.Մասիկյանի «Աղջիկտես» կատակերգությունը, 1974-ին ղեկավարել «Արաքս» թատերախումբը (բեմադրություններից է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը): 1979-ին Մելբուռնում բեմադրվել է Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը, որին մասնակցել են տեղի շնորհալի դերասաններ Ն. Խաչատրյանը, Ա. Ինկիլիզյանը, Վ. Տոլպագյանը, Վ. Կյուլեսերյանը, Ա. Կյուլեսերյանը, Հ. Մալճյանը: Մելբուռնի Մեսրոպ Մաշտոց վարժարանում Զ. Վահրիճյանի ղեկավարությամբ 1980-ին բեմադրվել է «Աբիսողոմ աղա և Թովմաս աղա» կատակերգությունը: 1980-ից Ժ. Պոզաճյանի ղեկավարությամբ գործել է «Մասիս» թատերախումբը, բեմադրվել են «Թիվ 5 խելագարը», «Չարշըլը Արթին աղա» ևն պիեսներ, որոնց մասնակցել են Հ. Մուրադյանը, Ն. Սարգսյանը և ուրիշներ: Թատերախմբի հետ «Ակնոց» թերթի խմբագիր Ն. Ապաքյանը, 1982-ին ներկայացրել է Բյուրատի «Ավարայրի արծիվը» պիեսը: 1982-ին թերթի նախաձեռնությամբ կազմակերպվել է Մելբուռնի հայկական թատերախմբերի ստուգատես:

Գեդան կարչուհի Բեատրիս Մանուկյանի նախաձեռնությամբ Մելբուռնում 2002-ից գործում է «Հայ արթ» մշակութային կենտրոնը (կազմակերպում է հայ գեղանկարիչների, լուսանկարիչների ցուցահանդեսներ, նաև նկարչության կիրակնօրյա դասեր երեխաների համար):

ՄԱՄՈՒԼ

Ա-ում առաջին հայ պարբերականին՝ «Լույս» ամսագրին (1955-ից) հաջորդել են մի շարք պարբերականներ, որոնց մի մասը կարճատև կյանք է ունեցել («Ձայն», «Նոր սերունդ», «Կայծ», «Արագած», «Ակնոց», «Նյուզ լեթըր»): Ներկայումս (2003) հրատարակվում է 6 պարբերական:

«Արմենիա», մինչև 1979-ը «Հայ դատ», ամսաթերթ, 1994-ից՝ շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1975-ից, Սիդնեյում: ՀՀԴ պաշտոնաթերթ: Հրատարակում է խմբագրական կազմը: Լինելով գաղութի միակ շաբաթաթերթը՝ լայն տարածում է գտել ընթերցողների շրջանում: Ունի նաև անգլերեն բաժին:

«Գարուն», ամսաթերթ: Լույս է տեսնում 1995-ից, Սիդնեյում: Հրատարակում է խմբագրական կազմը: Հովանավորն է Համազգային մշակութային միության «Նաիրի» մասնաճյուղը: Տպագրվում է արևելահայերենով:

«Զանգ», հասարակական-քաղաքական, տեղեկատվական երկամսյա պարբերաթերթ: Լույս է տեսնում 1995-ից, Սիդնեյում: ՍԴՀԿ Ավստրալիայի շրջանի վարիչ մարմնի պաշտոնաթերթ: Տպագրում է հայրենասիրական հոդվածներ, ներկայացնում հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը, լուսաբանում գաղութային կյանքի իրադարձությունները: Ունի նաև անգլերեն բաժին:

«Լույս», կրոնաեկեղեցական բնույթի ամսագիր: Լույս է տեսնում 1955-ից, Սիդնեյում: Պատասխանատուն է Աղան արք. Պալիոզյանը:

«Հույս», ամսագիր: Լույս է տեսնում 1966-ից, Մելբուռնում: Պատասխանատուն է Մելբուռնի եկեղեցու վարչությունը: Հրատարակում է խմբագրական մարմինը:

«Միություն», ազգային, քաղաքական, մշակութային ամսաթերթ: Լույս է տեսնում 1987-ից, Սիդնեյում՝ հայերեն և անգլերեն: ՀԲԸՄ պաշտոնաթերթ: Խմբագիր՝ Ավետիս Ցափուճյան:

Գրկ. Ա բ ր ա հ ա մ յ ա ն Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967: Armenians in Australia and New Zealand, Sydney, 1966.

Նաիրա Խլղաթյան