Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՎՍՏՐԻԱ

Ավստրիայի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Տարածքը՝ 83,9 եզ. կմ2: Բնակչությունը՝ 8,2 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Վիեննա (1,6 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 4 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայ-ավստրիական առնչությունները սկզբնավորվել են միջնադարում: 1683-ի սեպտեմբերին, երբ թուրքական բանակը պաշարել է մայրաքաղաք Վիեննան, ավստրիացիներին օգնության հասած Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու զորքերի կազմում եղել է լեհահայերի ջոկատ, որն աչքի է ընկել Վիեննայի մոտ տարած հաղթական ճակատամարտում: 1700-ին հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին բանակցություններ է վարել ավստրիական կայսր Լեոպոլդ I-ի արքունիքի հետ՝ փորձելով եվրոպական պետությունների դաշինք ստեղծել Հայաստանը մահմեդական լծից ազատագրելու նպատակով: Հայտնի է նաև, որ Ա-ում ապրող առանձին հայեր վարել են պետական բարձր պաշտոններ. ХVII դ. Ներսես վարդապետը եղել է պալատական քահանա (հոֆկապլան), XVIII դ. Օգոստինոս Աղամալյանը՝ պալատական թարգմանիչ: XVII դ. Վիեննայում հաստատվել են պոլսահայ վաճառականներ, հիմնականում գորգավաճառներ, որոնց խանութների մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը: Ըստ ավստրիական աղբյուրների՝ Վիեննայի իշխանությունները 1685-ին թույլատրել են պոլսահայ Հովհաննես Աստվածատրյանին մայրաքաղաքում բացել առաջին սրճարանը:

Ա-ի հայ գաղութը սկսել է կազմավորվել XVIII դ.՝ Մարիա Թերեզա թագուհու օրոք, ըստ այդ ժամանակվա մարդահամարի՝ Վիեննայում բնակվել է 21 հայ ընտանիք: 1811-ին Վիեննա են փոխադրվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբաններ: XIX դ. ընթացքում հայերի թիվը շարունակել է աճել՝ ի հաշիվ Վիեննայի համալսարանում և կոնսերվատորիայում, ինչպես նաև տեղի Մխիթարյան միաբանության Աստվածաբանական ուսումնարանում սովորող ուսանողների: XIX դ. Վիեննայում և շրջակա ավաններում բնակվել է շուրջ 75 հայ:

Ա-ի պետական-եկեղեցական իրավունքի 1867-ի դեկտեմբերի 21-ի N 142 օրենքում հայերի համար գրված է, թե «հանդուրժելի են» և «իրավունք ունեն ազատ կրոնական պաշտամունքի»: Առաջին համաշխարհային պատերազմից (1914—18) հետո Ա-ում ապաստան են գտել մի քանի տասնյակ հայ ընտանիքներ Թուրքիայից և Արևմտյան Հայաստանից: Սակայն հայերի ամենամեծ հոսքը Ա. տեղի է ունեցել 1970-ական թթ. 2-րդ կեսին՝ Լիբանանից և Իրանից: 1970-80-ական թթ. ավելացել է Վիեննա ուսանելու եկած (Իրանից, Թուրքիայից, Լիբանանից, Եգիպտոսից ևն) հայ երիտասարդների թիվը: Նրանցից շատերը, ավարտելով ուսումը, բնակություն են հաստատել Ա-ում: 1990-ական թթ. սկզբին Ա. են եկել հայեր Ադրբեջանից, նաև Հայաստանից: Ներկայումս (2003) Ա-ում հայերի թիվը շուրջ 4 հզ. է: Նրանք հիմնականում զբաղված են արդյունաբերության, առևտրի, սպասարկման ոլորտներում, արվեստի բնագավառում: Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի տարբեր բաժանմունքներում աշխատում են 40-ից ավելի հայեր, որոնք վարում են պատասխանատու պաշտոններ. ՅՈՒՆԻԴՕ-ի Վիեննայի կենտրոնի ընդհանուր տնօրենի առաջին տեղա-