Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆեսլյանը իր հետ բերել է եկեղեցական պաշտամունքի գրքեր և անոթներ, որոնք առ այսօր գործածվում են. 1923-ին հրավիրվել է (նորից Ռումինիայից) Եղիշե քհն. Ութուջյանը (հետագայում՝ ծայրագույն վարդապետ), որը 35 տարի ծառայելէ Ա-ի և Գերմանիայի հայ համայնքին: 1962-ին Ա-ի հայոց հոգևոր հովվությունը ստանձնել է Տեր Մեսրոպ վրդ. Գրիգորյանը (հետագայում՝ արքեպիսկոպոս), որը 1980-ից նաև Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակն է:

Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և Ա-ի հավար հովվության կենտրոնը Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցին է (ճարտ.՝ Է. Սրապյան), կառուցվել է 1965-68-ին, օծվել 1968-ին: Եկեղեցական վարչության որոշմամբ նորակառույց եկեղեցու շուրջ ստեղծվել է Ա-ի հայության կենտրոն՝ Մշակույթի տուն: Շենքի սրահներն օգտագործվում են համայնքի զանազան միջոցառումների համար: Նույն շենքում են տեղավորված «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, ինչպես նաև ՀԲԸՄ, ՀՄԸՄ Ա-ի մասնաճյուղերը, Հայկական ոաումնասիրությունների, փաստագրության և տեղեկատվության կենտրոնը: Եկեղեցական վարչության և համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ կենտրոնի շուրջ համախմբված ավստրիահայերը հնարավորություն են ստացել համատեղ քննարկել համահայկական խնդիրները, նշել ազգային տոները:

Ա-ում գոյություն ունի նաև հայ կաթոլիկների համայնք, որն սկզբնավորվել է Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատումից (1810) հետո (գրանցվել է 1991-ին. ժողովրդապետ-հովվապետն է Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան վրդ. Հովակիմյանը):

ԴՊՐՈՑ

Մխիթարյանների դպրոցներից հնագույնը հիմնվել է 1774-ին, Տրիեստում: Վիեննայում գործում է միաբանության Աստվածաբանական կղերանոց (ուսումնարան), որտեղ տարբեր երկրներից եկած ապագա Մխիթարյան վարդապետներ ուսումնասիրում են աստվածաբանություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, փիլիսոփայություն, հայ բանասիրություն և այլ առարկաներ: Վարդապետի աստիճան ստացած կղերանոցի սաները դասավանդում են շատ երկրների հայ համայնքներում գործող Մխիթարյան վարժարաններում:

1974-ին Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը հիմնել է հայերենի դասընթացներ: Ի շարունակություն դրանց՝ 1981-ին եկեղեցական վարչության ջանքերով Վիեննայում հիմնվել են «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա հայերեն դասընթացները (ցայսօր համայնքի միակ ուսումնարանն է): Այստեղ դասավանդվում են հայոց լեզու (արևմտահայերեն և արևելահայերեն), կրոն, գրականություն, հայոց պատմություն: Դասընթացների գործունեության առաջին տարիներին աշակերտների թիվն աճել է՝ 1988/89 տարեշրջանում հասնելով 110-ի: Հետագայում աշակերտների թիվը նվազել է: 1995/96 տարեշրջանում դասընթացներից օգտվել է մոտ 75 աշակերտ: 1987-ից գործում է ղպրոցի աշակերտներից բաղկացած երգչախումբը: Դպրոցի գործունեությունը գլխավորում են եկեղեցական վարչությունը և ծնողական խորհուրդը: Դասընթացների առաջին կրթական պատասխանատուն եղել է Գրիգոր Հալաճյանը (մինչև 1993-ը):

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ա-ի հայ համայնքում գործող հասարակական կազմակերպությունների նպատակն է կազմակերպել համայնքի ազգային կյանքը, նպաստել հայապահպանության խնդիրների լուծմանը, հայ մշակույթը ծանոթացնել ավստրիացիներին ևն: Հայ ազգային կուսակցություններից Ա-ում գործել է ՀՀԴ: 1907-ին Վիեննայում տեղի է ունեցել ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովը, 1923-ին՝ խորհրդաժողով, 1972-ին՝ 20-րդ ընդհանուր ժողովը, 1990-ին նշվել ՀՀԴ 100-ամյակը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վիեննայի մասնաճյուղ, հիմնվել է 1910-ին: Գործունեությունն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն (1914) պես: 1930- ական թթ. սկզբին և Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) անմիջապես հետո փորձեր են կատարվել մասնաճյոպը վերականգնել, սակայն՝ ապարդյուն: Վերականգնվելով 1960-ին՝ մասնաճյուղն օժանդակել է եկեղեցու, Մշակույթի տան, դպրոցի հիմնադրմանը, զգալի նյութական և բարոյական օգնություն ցուցաբերել համայնքի կարոտյալներին, ուսանող երիտասարդությանը, ինչպես նաև 1970-ական թթ. 2-րդ կեսին Ա-ի վրայով ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվող լիբանանահայերին ու պարսկահայերին: