Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պայման. ռեֆլեքսների արգելակման գործընթացները նպաստում են օրգանիզմի հակազդեցությունների առավել լրիվ համապատասխանությանը արտաքին պայմաններին, միջավայրին առավել կատարյալ հարմարվելուն: Իսկ դա տեղի է ունենում, որովհետև յուրաքանչյուր գրգռիչ սկզբում ընկալվում է ընդհանուր առմամբ, համակողմանի: Ընդ որում՝ դրդման գործընթացը ցրվում է, տարածվում գլխուղեղի կեղևի մեծ հատվածով: Գրգռիչի կրկնակի ազդեցության դեպքում ճառագայթումը (իռադիացիան) փոխարինվում է դրդման կենտրոնացումով կեղևի մի փոքր հատվածում, որը համապատասխանում է տվյալ գրգռիչն ընկալող վերլուծիչի ներկայացուցչությանը: Սկզբն. դրդման ժամանակ առաջացող ոչ պետքական նյարդային կապերի արգելակումն օգնում է պայման. ռեֆլեքսի մշակմանը: Եթե արգելակումը չլիներ, ապա դրդումը կտարածվեր գլխուղեղի ողջ կեղևով, որի հետևանքով ուղեղն ընդունակ չէր լինի առանձնացնել անհրաժեշտ ինֆորմացիան և մշակել անհրաժեշտ «հրաման»: Միաժամանակ, դրդման ճառագայթման (տարածման) գործընթացն օգտակար է, քանի որ գործողության մեջ են ընդգրկվում նաև ուղեղի ուրիշ՝ այլ գրգռիչների ընկալման համար պատասխանատու բաժինները: Այսպես, երաժշտության հնչյունները (գրգռիչ) ձայնային ապարատի ընկալիչներով առաջացնում են գլխուղեղի կեղևի համապատասխան հատվածների դրդում, որոնք պատասխանատու են հնչյունների ընկալման համար (լսում ենք երաժշտություն): Միաժամանակ, դրդման ալիքը տարածվում է գլխուղեղի կեղևով՝ ընդգրկելով այլ հատվածներ (օրինակ՝ տեսող.): Եվ երաժշտության հնչյունները երևակայության մեջ առաջացնում են տեսող. պատկերներ, այսինքն՝ տեսող. զուգորդություններ: Դրանով է բացատրվում, որ հեշտ դրդվող մարդիկ օժտված են զուգորդական (կապակցական) մտաոծղությամբ:

Գոյություն ունեն դրդման և արգելակման գործընթացների փոխադարձ կապն ու կարգավորումը, դրանց փոխազդեցության լավագույն մակարդակն ապահովող նաև այլ մեխանիզմներ: Այդ կապը խախտվելիս, որը տեղի է ունենում դրդման և արգելակման գործընթացների կարգավորման մեխանիզմների գերլարման հետևանքով, սկսում է գործել, այսպես կոչված, անդրսահմանային արգելակումը կամ պաշտպանական արգելակումը, որը խոչընդոտում է նյարդային բջիջների վրա չափազանց ուժեղ և տևական դրդումների հյուծող ազդեցությանը: Անդրսահմանային արգելակման առաջացումը կախված է ոչ միայն գրգռիչ գործոնի բացարձակ ուժից, այլև գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի վիճակից:

Ցանկացած գրգռիչ որոշակի պայմաններում կարող է դառնալ ազդանշան և օգնել օրգանիզմին՝ նախապատրաստվել ընկալելու շրջակա միջավայրում տեղի ունեցող որևէ փոփոխություն:

Ազդանշանման սկզբունքն առավել լայնորեն կիրառվում է մարդուն բնորոշ հոգեկան գործընթացների վերլուծության ժամանակ: Այդ նպատակով օգտագործվում է «2-րդ ազդանշանային համակարգ» հասկացությունը, որտեղ ազդանշանի ֆունկցիան կատարում է խոսքը:

2-րդ ազդանշանային համակարգի զարգացումն ու կատարելագործումը տեղի են ունենում անընդհատ՝ ուսուցման ընթացքում: Յուրաքանչյուր ուսուցում, ստեղծագործ. գործունեության ցանկացած ձև կապված են 2-րդ ազդանշանային համակարգի մշտ. կատարելագործման հետ: Այդ համակարգը բնորոշ է միայն մարդուն, բայց դրա հիմքում ընկած են պայման. ռեֆլեքսների մշակման ֆիզիոլոգ. մեխանիզմները, այսինքն՝ 1-ին ազդանշանային համակարգը: Այդ տեսակետից ավելի պարզ է դառնում մարդկային բանականության բարձր ստեղծագործ. գործունեության և շատերի, նույնիսկ ցածր կազմակերպվածություն ունեցող կենդանիների մոտ մշակվող պայման. ռեֆլեքսի միջև թվացյալ հակասությունը: Ընդ որում՝ ռեֆլեքսային գործողություն առաջացնող գրգռիչը դրա պատճառը չէ, այլ սոսկ գործողության, դեռ չիրագործված, բայց նախագուշակվող հակազդեցության արդյունքների վերլուծության խթան է: Այդ հակազդեցությունը կարող է ձևավորվել առանձին ռեֆլեքսային գործողություններից, բայց կարևորը ապագան գուշակելն է, որը փոխարկվում է կանխատեսման: Մարդը մտովի ընտրում է հնարավոր տարբերակները, գնահատում դրանք, մերժում և ընտրում ամենալավը: Եթե Նույնիսկ միայն պահանջներից (դրդապատճառներից) ելնենք, ապա դրանք, մարդու կյանքի սոցիալ. առանձնահատկությունների, գիտակցության, խոսքի հետ կապված խիստ տարբերվում են կենդանիների պահանջներից և նպաստում նրա միանգամայն այլ ձևի հոգեկան գործունեությանը:

Մարդու Բ.ն.գ., դրա բնույթը պայմանավորված են նյարդային համակարգի անհատ. առանձնահատկություններով: Այդ յուրահատուկ գծերի ամբողջությունը պայմանավորված է անհատի ժառանգ. առանձնահատկություններով, նրա կյանքի փորձով և կոչվում է Բ.ն.գ-յան տիպ: Վերջինիս համար, ըստ Ի. Պավլովի, օգտագործում են նյարդային համակարգի հետևյալ հատկությունները. դրդման և արգելակման գործընթացների ուժը, դրանց փոխադարձ հավասարակշռվածությունը (արգելակման ուժի և դրդման ուժի փոխհարաբերությունը) և շարժունությունը (այն արագությունը, որով դրդումը կարող է փոխարինվել արգելակմամբ և ընդհակառակը): Տարբերում են Բ.ն.գ-յան 4 հիմն. տիպ. 1. ուժեղ, բայց անհավասարակշռված տիպ, որը բնորոշվում է դրդման գործընթացների գերակայումով՝ արգելակման նկատմամբ («անզուսպ» տիպ): Նշված տիպը համապատասխանում է խոլերիկ խառնվածքին (մարդկանց բաժանումը տիպերի ըստ խառնվածքի առաջարկել է դեռևս Հիպոկրատը): 2. Ուժեղ, հավասարակշռված տիպ՝ նյարդային գործընթացների մեծ շարժունությամբ («կենդանի», շարժուն տիպ): Համընկնում է սանգվինիկ խառնվածքին: 3 Ուժեղ, հավասարակշռված, քիչ շարժուն նյարդային գործընթացներով տիպ («հանգիստ», սակավաշարժ, իներտ տիպ): Համապատասխանում է ֆլեգմատիկ խառնվածքին: 4. Թույլ տիպ, որին բնորոշ է ինչպես դրդման, այնպես էլ արգելակման գործընթացների թույլ զարգացումը: Այդ տիպին բնորոշ է նյարդային համակարգի արագ հյուծումը, որը հանգեցնում է աշխատունակության կորստի: Համապատասխանում է մելանխոլիկ տիպին:

Նյարդային համակարգի տիպը պայմանավորում է օրգանիզմի հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին և կայունությունը ախտածին գործոնների ազդեցության նկատմամբ: Այսպես՝ նյարդային համակարգի ուժեղ, հավասարակշռված տիպի կենդանիների օրգանիզմում դժվար է առաջացնել Բ.ն.գյան ախտաբան. խանգարում՝ նևրոզ կամ խափանում: Առանձնապես հաճախ է տարբեր նյարդային վիճակներում հայտնվում նյարդային համակարգի թույլ տիպը: Կյանքի դժվար ու բարդ իրավիճակներն այդ նյարդային տիպի անհատների մոտ ավելի հեշտ են առաջացնում Բ.ն.գ-յան խանգարումներ (տես Նևրոզներ): Ախտաբան. խանգարումների առաջացման պատճառ կարող են լինել նաև տարբեր թունավոր նյութերով սուր կամ քրոնիկ. թունավորումները, վարակները, առանձին օրգանների կամ համակարգերի (շնչառ., մարսող., ներզատիչ ևն) ֆունկցիաների խանգարումները,