Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացակայության դեպքում լողասենյակում տեղադրվում է գազային սյունակաթսա: Սանհանգույցը պետք է մշտապես մաքուր լինի: Զուգարանակոնքն ամեն օր պետք է լվանալ հատուկ խոզանակով: Լոգարանը նույնպես լողանալուց հետո պետք է լավ լվանալ: Ջրցողվելու ժամանակ, ջրի ցայտելուց խուսափելու համար, պետք է կախել ջրապաշտպան վարագույր:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻՑ, մարդկանց առողջությունը և կյանքը պաշտպանելու նպատակով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) վնասակար ազդեցությունը թուլացնելու կամ կանխելու համար ձեռնարկվող կազմակերպ., ճարտարագիտ., բժշկ. և այլ միջոցառումների համալիր:

ԶՈԶ-ից պաշտպանությունը կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության պետը, իրականացնում են քաղաքաց. պաշտպանության համապատասխան շտաբները, ծառայություններն ու կազմակերպությունները՝ հակառակորդի կողմից կիրառված զենքի մասշտաբներին և քաղաքաց. պաշտպանության ու զորքերի հնարավորություններին համապատասխան: ԶՈԶ-ի տեսակներն են միջուկային, քիմ. և կենսբ. զենքերը:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ (ՄԶ). ազդող գործոնը պայթյունի ժամանակ անջատվող հսկայական ներմիջուկային էներգիան է: ՄԶ 1-ինը կիրառել է ԱՄՆ-ը, 1945-ին, ճապոն. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Ատոմային ռմբակոծության արդյունքում Հիրոսիմա քաղաքում տուժել է 136 հզ. մարդ, որից 45 հզ. մահացել է 1-ին օրը: 11,5 հզ. կմ2 մակերեսի վրա 75 հզ. շենքից ամբողջովին ավերվել և մասնակիորեն քանդվել է 60 հզ-ը: Նագասակիում զոհվել է 64 հզ. մարդ, որից 1-ին օրը՝ 22 հզ:

1950-ական թթ. կեսերից ՄԶ ներդրվել է մի շարք երկրների զինված ուժերում: Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ռումբերի ընդհանուր հզորությունը 40 կտ էր (համազոր է 40 հզ. տ սովորական պայթուցիկ նյութի՝ տրինիտրոտոլուոլի):

ՄԶ՝ որպես հավաքական հասկացություն, ներառում է տարատեսակ միջուկային մարտագլխիկներ և դրանք մինչև նպատակակետը տեղափոխող ու կառավարման միջոցները: Միջուկային մարտագլխիկներ կրող ամենաարդյունավետ միջոցները տարբեր տիպի և կայանման հրթիռներ են: Միջուկային մարտագլխիկները նպատակակետին հասցվում են նաև ինքնաթիռներով ու այլ միջոցներով: ՄԶ կիրառելիս, կախված դրա հզորությունից ու լիցքի տեսակից, տեղանքի բնույթից ու պաշտպանվածությունից, զորքն ու բնակչությունը կարող են կրել տարբեր չափի վնասներ:

Տարբերում են օդային, վերգետնյա (վերջրյա), ստորգետնյա (ստորջրյա) և բարձունքային միջուկային պայթյուններ:

Օդային միջուկային պայթյունի ժամանակ առաջանում է արագ տարածվող կուրացուցիչ պայծառ կրակե գունդ, որի լուսարձակման ժամանակն ու չափերը կախված են պայթյունի հզորությունից: Լոաարձարկող հատվածն սկսում է բարձրանալ ծխի ամպի ձևով՝ գետներեսից իր հետևից քաշելով փոշու սյուն: Այդ ամպն աստիճանաբար ստանում է սնկի ձև, որի վերին մասը ծածկվում է խտացած գոլորշու սպիտակ գլխարկով: Հսկայական քանակությամբ ռադիոակտիվ նյութեր (մակածված ռադիոակտիվությամբ գրունտի մասնիկներ, լիցքերի միջուկային տրոհման արգասիքներ) պարունակող սնկաձև ամպը քամու հետ քշվում է տասնյակ և հարյուրավոր կմ-եր: Դրանում պարունակվող նյութերն ամպի շարժման ճանապարհին նստում են ռադիոակտիվ տեղումների ձևով: Մեծ բարձրություններում պայթյունի դեպքում առաջացող փոշու սյունը չի միանում պայթյունի ամպի հետ, որի հետևանքով տեղանքի ռադիոակտիվ աղտոտում գործնականում տեղի չի ունենում:

Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում գետնի մակերեսին առաջանում է կուրացուցիչ պայծառ լույս արձակող կիսագունդ, որը հետագայում մեծանում է՝ հասնելով ավելի մեծ չափերի, քան նույն հզորության օդային պայթյունից առաջացածը: Փոշու ամպը և փոշու սյունը նույնպես ավելի մեծ են, քան բարձունքային պայթյունի դեպքում: Վերգետնյա պայթյունի էպիկենտրոնում առաջանում է ձագար: Վերգետնյա միջուկային պայթյունի զարգացման մնացած պատկերը նույնն է, ինչ օդային պայթյունինը:

Միջուկային պայթյունի ազդող գործոններն են հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը, տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը, էլեկտրամագնիս. ազդակը և սեյսմապայթյունային ալիքները:

Հարվածային ալիքը ՄԶ վնասող գործոններից հիմնականն է: Դրան բաժին է ընկնում միջուկային պայթյունի էներգիայի մոտ 50 %-ը: Այն պայթյունի կենտրոնից բոլոր ուղղություններով գերձայնային արագությամբ շարժվող սեղմված օդի խիստ սահմանափակ շերտ է: Ազդեցության աստիճանը, հետևաբար նաև ավերածությունների շառավիղը, մակերեսն ու ծավալը, կախված են միջուկային պայթյունի հզորությունից և բարձրությունից: Հարվածային ալիքի ազդեցության և տարածման վրա էական ազդեցություն են թողնում տեղանքի ռելիեֆը և օդերևութաբան. պայմանները (մթնոլորտի անհամասեռությունը, օդի ջերմաստիճանը, քամու արագությունը): Հարվածային ալիքը կարող է քանդել շենքեր, տարբեր շինություններ և վնասել մարդկանց՝ պայթյունի էպիկենտրոնից զգալի հեռավորությունների վրա:

Լուսային ճառագայթումը միջուկային պայթյունի պահին առաջացող էլեկտրամագնիս. ճառագայթների խումբ է՝ անդրամանուշակագույն, ենթակարմիր և տեսանելի տիրույթում: Ազդեցության տևողությունը մեծ չէ 9-15 վրկ-ից, սակայն դրան բաժին է ընկնում միջուկային պայթյունի էներգիայի 1/8-ը: Դրա վնասող ազդեցությունը բնութագրվում է լուսային ազդակի մեծությամբ՝ ամբողջ ճառագայթման ընթացքում պայթյունի կենտրոնից անշարժ, չէկրանավորված միավոր մակերեսին ուղղահայաց ուղղությամբ ընկնող լուսային ճառագայթման էներգիայի քանակով: Լուսային ազդակը չափվում է կալ/սմ2 միավորներով: Լուսային ճառագայթումը մարդկանց և կենդանիների մոտ առաջացնում է տարբեր աստիճանի այրվածքներ ու ժամանակավոր կամ լրիվ կուրություն: Պայթյունի էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա կարող են առաջանալ հրդեհներ: Օրինակ՝ Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունի ժամանակ ծառերն ածխացել էին էպիկենտրոնից 3 կմ հեռավորության վրա: 1 Մտ հզորության մարտագլխիկի պայթյունի ժամանակ նման արդյունք կարող է դիտվել 6-8 կմ, 5 Մտ-ի դեպքում՝ 17-20 կմ շառավղով:

Թափանցող ճառագայթումը գամմա- (γ) ճառագայթների և նեյտրոնների հոսք է, որն անջատվում է պայթյունի գոտուց պայթյունի պահից սկսած 10-25 վրկ տևողությամբ: Թափանցող ճառագայթման հիմն. աղբյուրը տրոհվող միջուկներն ու տրոհման արգասիքներն են: γ-ճառագայթներն ու նեյտրոնների հոսքն օժտված են մեծ թափանցունակությամբ և կարող են տարածվել հարյուրավոր ու հազարավոր կմ-եր: Պայթյունի ժամանակ առաջանում են նաև բետա (β) և ալֆա (α) մասնիկներ, բայց դրանք հեռու չեն տարածվում. 1-ինների վազքի երկարությունը մի քանի սմ է, 2-րդներինը՝ մի քանի սմ: γ-ճառագայթներն ու նեյտրոնները լուրջ ախտահարող ազդեցություն են թողնում մարդկանց վրա (առաջացնում են ճառագայթային