Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(սպազմ) կամ խցանման (թրոմբոզ), ինչպես նաև արյունահոսության (Գ-ի արյունազեղում) հետևանքով: Եթե Գ-ի արյունամատակարարման խանգարումը կարճատև է, և արյան շրջանառությունը արագ է վերականգնվում, ապա ուղեղանյութի լուրջ վնասում տեղի չի ունենում, և Գ. արագ վերականգնում է իր աշխատանքը. այդպիսի դեպքերն անվանում են կրիզ: Գ-ի արյան անոթների ծանր ախտահարման ժամանակ, որն ուղեկցվում է արյունամատակարարման երկարատև խանգարմամբ կամ ծավալուն արյունազեղմամբ, առաջանում է կաթված: Կախված այն բանից, թե Գ-ի որ անոթն է ախտահարված, վնասվում են կենտր. նյարդային համակարգի տարբեր գոյացություններ և առաջանում համապատասխան խանգարումներ, լուծանքներ, խոսքի, զգացողության և այլ խանգարումներ: Երեխաների Գ-ի արյան շրջանառության խանգարումները հազվադեպ են և պայմանավորված են արյան անոթների վնասվածքով կամ արյան հիվանդություններով: Գ-ի ախտահարումը կարող է պայմանավորված լինել նաև վնասվածքային գործոնով: Գանգի ոսկրերը բավականին հուսալի կերպով պահպանում են Գ., բայց ուժեղ ֆիզ. գործոնների ազդեցությամբ գանգի կոտրվածքները կարող են առաջացնել ուղեղանյութի և դրա պատյանների լուրջ վնասումներ, խանգարել կենտր. նյարդային համակարգի արյան շրջանառությունը: Գլխի վնասվածքների ժամանակ Գ-ի և դրա պատյանների ախտահարումներն անվանում են գանգագլխուղեղային վնասվածք: Այդ խմբում հատուկ տեղ է գրավում երեխայի գլխի ծննդաբեր. վնասվածքը: Որպես կանոն՝ գլխի տրամագիծը միշտ մեծ է ծննդաբեր. ուղիների տրամագծից և բնականոն ծննդաբերության ժամանակ այն սովորաբար ենթարկվում է ճնշման: Առողջ երեխայի Գ. թեթև է տանում այդ ճնշումը: Այն դեպքերում, երբ ծնվում է թույլ երեխա, որը ներարգանդային կյանքում կրել է թթվածնային անբավարարություն կամ որևէ հիվանդություն, նրա Գ. վատ է տանում այդ ճնշումը, որը նպաստում է նորածինների գանգագլխուղեղային ծննդաբեր. վնասվածքի առաջացմանը:

Բորբոքային հիվանդությունների թվին են պատկանում Գ-ի վարակ. բնույթի ախտահարումները՝ գլխուղեղի բորբոքումը և ուղեղապատյանաբորբը: Վերջիններս կարող են լինել թարախային և ոչ թարախային: Թարախայինն ընթանում է առավել ծանր, բայց ժամանակին կատարված ողնուղեղային ընդծակումը և բուժումը հնարավորություն են տալիս հասնել լրիվ առողջացման: Երբեմն բորբոքումն ընտրողաբար ընդգրկում է միայն 1 պատյան՝ ոստայնենին (տես Ոստայնաբորբ): Միջին և ներքին ականջի թարախային բորբոքումների, դեմքի ֆուրունկուլների, ներքին օրգանների ախտահարումների ժամանակ թարախային վարակը կարող է թափանցել ուղեղանյութ և առաջացնել թարախակույտ, որը շրջապատվում է պինդ թաղանթով կամ պատիճով: Վերջինս պատռվելիս թարախային պարունակությունը տարածվում է, ընդգրկում շրջակա ուղեղանյութը և լուրջ վտանգ սպառնում հիվանդի կյանքին:

Գ-ի ուռուցքները կարող են տեղադրվել նրա տարբեր բաժիններում: Դրանց յուրահատկությունն այն է, որ աճում են ներգանգային խոռոչի փակ տարածությունում՝ հանգեցնելով այս կամ այն հատվածի, զարկերակի, երակի, ուղեղապատյանների ճնշման՝ խանգարելով ուղեղողնուղեղային հեղուկի շրջանառությունը: Ժամանակին կատարված ընդծակումը, ուղեղագրությունը, համակարգչային շերտագրությունը, աչքի հատակի հետազոտությունը և նյարդաբան. հետազոտությունները հնարավորություն են տալիս Գ-ի ուռուցքը հայտնաբերել ամենավաղ փուլերում, որը նշանակալիորեն թեթևացնում է վիրահատ. բուժման ընթացքը: Մեծ խումբ են կազմում Գ-ի ժառանգ. հիվանդությունները: Դրանք պայմանավորված են ֆերմենտային սպիտակուցների ժառանգ. արատներով (տես Ֆերմենտներ), որոնք պատասխանատու են նյարդաբջիջներում կամ նյարդաթելերում կատարվող նյութափոխանակության համար: Կախված այն բանից, թե որ ֆերմենտն է արատավորը, ժառանգ. հիվանդությունների ժամանակ կարող են ախտահարվել Գ-ի բոլոր գոյացությունները, առավելապես՝ նյարդաբջիջները, նյարդաթելերը կամ մեկուսացած որևէ առանձին բաժին: Հիվանդության 1-ին ախտանշանները կարող են հայտնաբերվել ծննդյան օրից, մանկ. կամ հասուն տարիքում, երբեմն նաև տարեցների մոտ:

Գոյություն ունեն նաև, այսպես կոչված, Գ-ի ֆունկցիոնալ հիվանդություններ, որոնք պայմանավորված են Գ-ի գերհոգնածությամբ, ֆունկցիոնալ հյուծմամբ, ինչպես նաև դրդման ու արգելակման գործընթացների բնականոն փոխհարաբերության խանգարումներով (տես Նևրոզներ): Այդ հիվանդության ժամանակ առաջանում են ընդհանուր թուլություն, գերհոգնածություն, դյուրագրգռություն, ուշադրության և հիշողության արագ հյուծում, տագնապալի կասկածամտություն, քնկոտություն կամ անքնություն ևն (տես Նյարդաթուլություն): Հատուկ խումբ են կազմում հոգեկան հիվանդությունները:

Գ-ի հիվանդությունների բուժումը որոշվում է ըստ դրանց ծագման: Բուժամիջոցների պաշարը, որն օգտագործում են նյարդախտաբանն ու հոգեբույժը, ընդգրկում է դեղանյութեր, բուժ. ֆիզկուլտուրա և մերսում, ֆիզիոթերապիա, անհրաժեշտության դեպքում (Գ-ի ուռուցք, թարախակալում, գանգագլխուդեղային ծանր վնասվածք, Գ-ի արյան շրջանառության խանգարման որոշ ձևեր, Գ-ի ջրակալում ևն)՝ վիրահատ. միջամտություն: Ներկայումս շատ հիվանդություններ բուժվում են ժամանակին: Վերջին տարիներին մեծ հաջողություններ են ձեռք բերվել թարախային ուղեղապատյանաբորբերի, ուղեղաբորբերի որոշ ձևերի, գանգագլխուղեղային վնասվածքների, կաթվածների (թրոմբի հեռացում կամ Գ-ի արյան անոթի պատռվածքի կարում), պարկինսոնիզմի, հիպերկինեզների բուժման բնագավառներում: Դրա հետ մեկտեղ Գ-ի մի շարք հիվանդություններ ընթանում են ծանր և բնորոշվում հիվանդագին ախտանշանների խորացմամբ: Այդպիսի դեպքերում բժիշկը խնդիր է դնում կասեցնել հիվանդության խորացումը, թեթևացնել հիվանդի վիճակը: Որքան վաղ ախտորոշվի հիվանդությունը, և սկսվի բուժումը, այնքան առողջացման հավանականությունը մեծ է:

Գ-ի մի շարք հիվանդությունների սկզբն. դրսևորումները կարող են ընդհանուր գծեր ունենալ, ուստի դրանց ժամանակին ախտորոշումը հնարավոր է միայն բժշկ. հետազոտությամբ: Ինքնաբուժումը կարող է անուղղելի վնաս պատճառել:

Գ-ի հիվանդությունների կանխարգելումը պայմանավորված է դրանց պատճառներով: Վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմն. մեթոդը կանխարգելիչ պատվաստումներն են, վարակիչ հիվանդների մեկուսացումը (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների), հիգիենայի կանոնների պահպանումը, դիմադրողականությունը բարձրացնող միջոցառումները (տես Օրգանիզմի կոփում): Ժառանգ. հիվանդությունների կանխարգելման համար գոյություն ունի բժշկագենետիկական խորհրդատվություն, որտեղ կարելի է եզրակացություն ստանալ հիվանդ երեխա ծնվելու հավանականության և հետագա մանկածնության նպատակահարմարության վերաբերյալ: Կարևոր նշանակություն է տրվում վնասվածքային ախտահարման (հատկապես՝