Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուծույթներ, ինչպես նաև քթի և աչքի համար նախատեսված դեղանյութերի լուծույթները, չափավորում են կաթիլներով:

Թուրմերը եվ եփուկները ստանում են դեղաբույսերի հումքը (տերևներ, արմատներ, խոտեր ևն) 100° C ջերմաստիճանի ջրով որոշակի ժամանակամիջոցում մշակելով: Բացի ներգործող տարրերից, դրանք պարունակում են նաև անվնաս և բուժիչ նշանակություն չունեցող խառնուրդներ կամ բալաստային նյութեր (շաքարներ, տանին, գունակներ ևն): Թուրմերը և եփուկներն արագ են քայքայվում, ուստի դրանք պատրաստում են դեղատներում՝ հիվանդին տալուց անմիջապես առաջ (3-4 օրվա օգտագործման համար): Տնային պայմաններում դրանք պահում են սառը տեղում: Թուրմերը և եփուկները նշանակվում են ներքին ընդունման, հազվադեպ՝ արտաքին օգտագործման (օրինակ՝ ողողումների) համար: Ներքին ընդունման համար թուրմերը և եփուկները չափավորում են մեծերի համար ճաշի գդալով կամ աստիճանանշված չափանոթներով, իսկ երեխաների համար՝ աղանդերային կամ թեյի գդալներով:

Սպիրտային թուրմերը թափանցիկ, հեղուկ սպիրտային, սպիրտաջրային կամ սպիրտաեթերային մզվածքներ են: Պատրաստում են դեղաբույսերից, առանց ջերմային մշակման, դեղագործ. հիմնարկներում: Նշանակվում են հիմնականում ներքին ընդունման համար, չափավորում են սովորաբար կաթիլներով: Ի տարբերություն սովորական թուրմերի և եփուկների՝ սպիրտային թուրմերը կայուն Դ. են և երկար են պահպանվում մութ տեղում, սենյակային ջերմաստիճանում, լավ փակված սրվակներում:

Մզվածքները նույնպես խտացրած Դ. են, ստացվում են դեղաբույսերից, բայց, ի տարբերություն սպիրտային թուրմերի, կարող են տարբեր թանձրություն ունենալ՝ լինելով հեղուկ, թանձր և չոր: Հիմնականում ներքին ընդունման համար են: Հեղուկները չափավորվում են կաթիլներով, իսկ թանձրերը և չորերը, որպես կանոն, օգտագործվում են ինչպես պինդ Դ. (տես ներքևում): Սպիրտային թուրմերը և մզվածքները կոչվում են գալենյան պատրաստուկներ՝ ի պատիվ 2-րդ դ. հռոմեացի բժիշկ Կլավդիոս Գալենի, որն 1-ինն է օգտագործել դեղաբույսերի մզվածքները:

Լորձերը թանձր, կպչուն հեղուկներ են, որոնք ստացվում են տարբեր լորձային (օրինակ՝ արաբ. և ծիրանի խեժերը), ինչպես նաև վուշի սերմերում, սալեպի պալարներում պարունակվող նյութերը ջրում լուծելիս կամ ուռչեցման ճանապարհով: Մաշկը և լորձաթաղանթները տարբեր գրգռող գործոններից, այդ թվում նաև որոշ քիմ. միացություններից պաշտպանելու համար պատում են լորձի բարակ շերտով: Լորձերը սովորաբար օգտագործում են հեղուկ Դ-ի հետ (որոնք պարունակում են գրգռող ազդեցություն ունեցող նյութեր)՝ որպես լրացուցիչ բաղադրամաս:

Էմուլսիաները ներքին օգտագործման համար են, որոնց մեջ ջրում չլուծվող հեղուկները (ճարպայուղ, բալասաններ) փոքրիկ մասնիկների տեսքով գտնվում են կախույթի վիճակում: Համասեռ, անթափանց, կաթնանման հեղուկներ են: Էմուլսիայի ձևով սովորաբար պատրաստում են տհաճ համ կամ լորձաթաղանթների վրա գրգռող ազդեցություն ունեցող դեղանյութերը: Էմուլսիաներում պարունակվող չլուծվող բաղադրամասերը կանխում են այդ անցանկալի հատկությունների դրսևորումը: Էմուլսիաները կայուն չեն, սովորաբար դուրս են գրվում 3-4 օրվա համար և թողարկվում են հետևյալ՝ «Գործածելուց առաջ թափահարել» և «Պահել սառը տեղում» պիտակներով:

Կախույթները որևէ հեղուկում (ջուր, բուսայուղ, գլիցերին) կախույթի վիճակում գտնվող մանրացված դեղանյութեր են (պինդ մասնիկների տեսքով): Կախույթներ պատրաստում են, երբ դեղանյութը գործնականորեն անլուծելի է տվյալ հեղուկում կամ դրա անհրաժեշտ քանակը գերազանցում է լուծելիությանը: Գործածելուց առաջ կախույթը պետք է լավ թափահարել:

Դեղախառնուրդները որևէ հեղուկում լուծված կամ կախույթի վիճակում գտնվող դեղանյութեր են: Դեղախառնուրդի բաղադրությունում կարող են լինել թուրմեր, եփուկներ, սպիրտային թուրմեր, մզվածքներ, էմուլսիաներ, լուծվող և չլուծվող փոշիներ: Նշանակում են ներքին ընդունման, երբեմն՝ արտաքին օգտագործման համար: Ներքին ընդունման դեղախառնուրդները չափավորում են ինչպես լուծույթները (տես վերևում): Չլուծվող կամ դժվարալույծ նյութեր պարունակող դեղախառնուրդները մինչև օգտագործելը պետք է թափահարելով խառնել: Թուրմեր, եփուկներ և էմուլսիաներ պարունակող դեղախառնուրդները պետք է պահել սառը տեղում:

Փափուկ Դ-ից են քսուքները, ցնդող օծանելիքները, մածուկները, մոմիկները և սպեղանիները:

Քսուքները համասեռ, առանց հատիկների, փափուկ զանգված են՝ բաղկացած դեղանյութից և քսուքային հիմքից (բուս. կամ կենդ. ճարպ, ճարպանման նյութեր, նավթի վերամշակման և սինթետիկ