հաբերն են, որոնք պետք է ընդունել ճառագայթահարման վտանգի դեպքում՝ անձն. կանխարգելման նպատակով (6 հաբ):
Հակաբակտերիային միջոց № 1 (բնիկ № 5). 2 անգույն տուփերի (քառակուսի պատյաններով) դեղին հաբերն են, որոնք պետք է ընդունել բակտերիային վարակի վտանգի կամ վարակիչ հիվանդությունների 1-ին ախտանշանների դեպքերում, ինչպես նաև վարակիչ հիվանդության օջախում աշխատելիս՝ շտապ կանխարգելման նպատակով: Սկզբում պետք է խմել 1-ին տուփի պարունակությունը՝ 5 հաբ, իսկ 6 ժ-ից՝ 2-րդինը՝ ևս 5 հաբ:
Ճառագայթապաշտպան միջոց No 2 (բնիկ No 6). սպիտակ տոււիի հաբերն են, որոնք պետք է ընդունել ճառագայթաակտիվ տեղումների կամ վարակված տարածքներում արածած կենդանիների կաթը խմելու դեպքում: Մարդու վահանաձև գեղձում ռադիոակտիվ յոդի (կարող է օրգանիզմ թափանցել կաթի հետ) կուտակման կանխման կամ սահմանափակման համար մեծերին և երեխաներին խորհուրդ է տրվում ընդունել 1-ական հաբ՝ 10 օրվա ընթացքում:
Հակափսխեցուցիչ միջոց (բնիկ No 7). երկնագույն տուփի հաբերն են, որոնք պետք է գործածել գլխի վնասվածքի, ցնցման ու սալջարդի, սրտխառնոցի ժամանակ (1 հաբ)՝ փսխումից խուսափելու համար:
Ֆոսֆորօրգ. միացություններով (ՖՕՄ) վարակվելու դեպքում և որպես հակափսխեցուցիչ միջոց, մինչև 8 տարեկան երեխաներին 1 ընդունման համար տրվում է 1/4 հաբ, 8-15 տարեկան երեխաներին՝ 1/2 հաբ, իսկ մնացած նյութերը տրվում են կրճատված դեղաչափերով՝ կցված հրահանգին համապատասխան:
Անհատական Դ. AИ-1. նախատեսված է զինծառայողներին օգնություն ցույց տալու համար: Ի տարբերություն AИ-2 Դ-ի ՖՕՄ-ից թունավորվելու դեպքում օգտագործվող դեղանյութը լուծույթի ձևով գտնվում է ներարկիչ-պարկուճում:
Տնային Դ-ում դեղանյութերի պահպանումը: Դեղանյութերը կարող են փչանալ արևի ճառագայթների ազդեցությունից, խոնավությունից, ջերմությունից, երկար պահելուց և այլ գործոններից: Հետևաբար կարող են կորցնել ակտիվությունը, իսկ երբեմն դրանցում պարունակվող բաղադրիչների փոխազդեցությունից կարող են առաջանալ թունավոր նյութեր: Ուստի պետք է հետևել դրանց պահպանման կանոններին և պիտանիության ժամկետներին: Գործարանային պայմաններում և դեղատոմսով պատրաստված բոլոր դեղանյութերն ունեն պիտակ, որում, բացի անվանումից և քանակից, որպես կանոն, նշվում է պիտանիության ժամկետը, իսկ եթե նշված չէ, ապա խորհուրդ չի տրվում տնային պայմաններում պատրաստուկը պահել 5 տարուց ավելի: Դեղատներին արգելվում է վաճառելու ժամկետանց դեղորայք: Երբեմն, համապատասխան ուսումնասիրությունից հետո, որոշ պատրաստուկների պիտակի կամ փաթեթի վրա նշված պիտանիության հիմն. ժամկետից բացի, նշվում է նաև լրացուցիչ ժամկետ (սովորաբար՝ հիմնականի կեսին հավասար): Այդ մասին դեղատնային հիմնարկը տեղեկացնում է լրացուցիչ պիտակով կամ պատրաստուկի փաթեթի վրայի մակագրությամբ:
Գործարանային արտադրության դեղանյութերի պատրաստման տվյալները սովորաբար արտահայտվում են փաթեթի վրա՝ թվերով: 1-ինը պատրաստուկի սերիան է, 2 նախավերջինները՝ արտադրության ամիսը և 2 վերջինները՝ թողարկման տարեթիվը: Իսկ բժշկի դեղատոմսով դեղատանը պատրաստված դեղի պիտակի վրա, բացի պատրաստուկի անվանումից, նշվում է պատրաստման տարեթիվը, օգտագործման եղանակը, պահպանման պայմանները, օրինակ՝ «Պահել սառը, մութ տեղում», այսինքն՝ 12-15°C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Եթե դեղի պիտակի վրա կա նախազգուշական մակագրություն (օրինակ՝ «Թույն», «Զգույշ վարվել», «Պահպանել կրակից», «Պահպանել երեխաներից» ևն), ապա դրանք պետք է պահել փակվող պահարանում, իսկ երեխաների առկայության դեպքում, առավել զգույշ լինել, որովհետև շատ դեղանյութեր ունեն հրապուրիչ տեսք: Գործարանային արտադրության դեղերի պահպանման մասին սովորաբար նշվում է փաթեթի վրա կամ հատուկ ներդիրներում, իսկ դեղատներում պատրաստվածների մեծ մասը նախատեսված չէ երկարատև պահպանման և օգտագործման համար: Օրինակ՝ աչքի կաթիլները, ներարկվող լուծույթները, թուրմերը և եփուկները դեղատնից պետք է վերցնել պատվիրելուց 2 օր հետո, էմուլսիաները և կախույթները՝ 3 օրից ոչ ուշ, մյուս դեղաձևերը՝ 10 օրվա ընթացքում: Առավել շուտ են փչանում ջրային թուրմերը, դեղաբույսերից (տուղտ, կուժկոտրուկ, արջխաղող ևն) պատրաստված եփուկները: Սենյակային պայմաններում դրանք 2-3 օրից, իսկ սառնարանում 5-6 օրից ավելի չի կարելի պահել: Պղտորված կամ փառակալած թուրմերը և եփուկները պիտանի չեն: Շատ անկայուն են հակաբիոտիկներով դեղաձևերը (լուծույթներ, քսուքներ), ինչպես նաև աչքի կաթիլները, որոնք միայն 7-10 օր կարելի է օգտագործել: Արտադրությունում թողարկվող ներարկիչ կաթոցիկներով աչքի կաթիլների պիտանիության և պահպանման ժամկետը ավելի երկար է: Կես տարին մեկ անհրաժեշտ է ստուգել տնային Դ-ում պահվող դեղորայքը: Առանց պիտակի, անհասկանալի մակագրությամբ, արտաքին տեսքը փոխած (պղտորված, մգացած, բծավորված ևն), ինչպես նաև ժամկետանց դեղորայքը պետք է թափել: Դեղորայքի հանդեպ անփույթ վերաբերմունքը կարող է դառնալ դժբախտ դեպքերի պատճառ: Ուստի դրանք գործածելիս պետք է ուշադիր լինել, հատկապես՝ երեխաների նկատմամբ:
Որպես տնային դեղարկղիկ՝ գերադասելի է ունենալ պատին փակցվող հատուկ պահարանիկ, որի դարակներից մեկում պետք է դասավորել ներքին, մյուսում՝ արտաքին օգտագործման դեղերը: Թունավորները պետք է առանձնացնել, իսկ երեխաներից պահել արտաքինից կոնֆետի նման (դրաժեներ, վառ, փայլուն թաղանթապատ հաբեր) դեղերը:
ԴԵՂԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ, վտանգավոր է առողջության համար, որովհետև դեղերը պարունակում են մարդու օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա ազդող նյութեր: Դեղաչափից կախված՝ միևնույն դեղանյութը կարող է ունենալ հրաշալի բուժիչ հատկություն և հակառակը՝ օրգանիզմին վնաս պատճառել, հաճախ՝ անդառնալի: Տարբերում են դեղերի բուժիչ, թունավոր և մահացու չափաքանակներ: Որոշ պատրաստուկների բուժիչ և թունավոր չափաքանակների տարբերությունը շատ փոքր է: Ուստի պետք է շատ ուշադիր հետևել բժշկի ցուցումներին և երբեք դեղերը չօգտագործել նշանակվածից բարձր չափաքանակով և հաճախակի: Նույնիսկ 1-ին հայացքից անվտանգ թվացող պատրաստուկների (օրինակ՝ վիտամիններ) չարաշահումը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ:
Այսպես՝ D վիտամինի չարաշահումը կարող է առաջացնել երիկամների ֆունկցիայի և կալցիումի փոխանակության խանգարում, C վիտամինի բարձր չափաքանակների երկարատև օգտագործումը նպաստում է թրոմբի առաջացմանը: