Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

A վիտամինի բարձր չափաքանակը կարող է առաջացնել մազաթափություն, մաշկի թեփոտում, ողնուղեղային հեղուկի ճնշման բարձրացում ևն: Քիչ չեն դեպքերը, երբ հսկողության բացակայությունը, և հաճախ ոչ անհրաժեշտ դեղերի (օրինակ՝ հակաբիոտիկների) օգտագործումն առաջացնում է ալերգ. հիվանդություններ (տես Ալերգիա), ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող հակազդեցություններ՝ անաֆիլաքսային շոկ (տես Անաֆիլաքսիա): Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը կարող է բարդացնել հիվանդի վիճակը, փոխել հիվանդության դրսևորման ձևը և ապակողմնորոշել բժշկին: Ցավամոքիչ և ջերմիջեցնող որոշ դեղանյութերի (անալգին, ամիդոպիրին, ացետիլսալիցիլաթթու ևն) անհիմն, երկարատև օգտագործումը երբեմն առաջացնում է արյան բաղադրության փոփոխություն և վնասում մարսող. համակարգի լորձաթաղանթները: Առանց բժշկի նշանակման դեղանյութեր օգտագործելուց օրգանիզմը հարմարվում է դրանց, և իսկական վտանգի դեպքում մարդը դառնում է անօգնական: Հատկապես ծանր հետևանքներ կարող են ունենալ հանգստացնող և քնաբեր դեղանյութերի (սեդուքսեն, իլենիում, մեպրոբամատ, նոքսիրոն, նատրիումի էթամինալ, ֆենոբարբիտալ ևն) օգտագործումը: Սխալ գործածելուց դրանք արագ դառնում են անարդյունավետ: Արդյունավետության համար անհրաժեշտ է լինում բարձրացնել դեղաչափը, բայց քանի որ այդ պատրաստուկներն ազդում են նյարդային համակարգի վրա՝ փոխելով հոգեկան վիճակը, ուստի դրանց բարձր չափաքանակն առաջացնում է հոգեկան խանգարումներ. 1-ին ախտանշաններից են թուլությունը, գրգռվածությունը, տրամադրության անկումը, հիշողության նվազումը: Սակայն մարդիկ հակված են իրենց վիճակը կապել կենցաղային տարբեր դժվարությունների, հոգնածության հետ ևն, իսկ քնաբերների բարձր չափաքանակից քնի խանգարումը՝ որպես դեղի «թույլ» ներգործություն: Չխորհրդակցելով բժշկի հետ՝ նրանք շարունակում են ավելացնել դեղաչափը: Որոշ հանգստացնող և քնաբեր դեղանյութերի չարաշահումը կարող է առաջացնել դրանց նկատմամբ հիվանդագին հակումներ՝ ուղեկցվելով օրգանիզմի նյարդային և համակարգերի ֆունկցիաների խանգարումներով: Քիչ վտանգավոր չեն նաև այն դեղանյութերը (դոպինգներ), որոնք գրգռում են կենտր. նյարդային և սիրտանոթային համակարգերը՝ ակտիվացնելով օրգանիզմի ֆիզ. և հոգեկան ֆունկցիաները: Դրանց մեջ կան նաև հիվանդ օրգանիզմի համար շատ օգտակար՝ փրկարար միջոցներ: Սակայն, երբ պատրաստուկն օգտագործվում է առանց հսկողության ու անհրաժեշտության, օրգանիզմն անխուսափելիորեն ընտելանում է դեղաչափի բարձրացմանը, և անհրաժեշտ արդյունքի համար մեծ դեղաչափ է պահանջվում: Դոպինգը, առաջացնելով ուժեղ ֆիզ. հնարավորությունների և աշխատունակության կեղծ զգացողություն, շատ մեծ, երբեմն անդառնալի վնաս է պատճառում առողջությանը և կարող է դառնալ հանկարծակի մահվան պատճառ: Դեղանյութերի չհիմնավորված ընդունումից օրգանիզմին հասցված վնասը հսկայական է, դրանք չի կարելի օգտագործել առանց բժշկի նշանակման, հետևել պատահական անձանց խորհուրդներին ու ծանոթների հաջող բուժման փորձին:

Տանը պետք է ունենալ դեղարկղիկ, որում լինի յոդի սպիրտային լուծույթ, բինտ, բամբակ, ջերմաչափ, անուշադրի սպիրտ, քրոնիկ. հիվանդությունների համար դեղանյութեր (բժշկի նշանակմամբ), օրինակ՝ սիրտանոթային հիվանդությունների ժամանակ՝ վալիդոլ, նիտրոգլիցերին: Հիվանդանալիս պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Տես նաև Ինքնաբուժում:

ԴԵՂՆԱԽՏ, մաշկի, աչքի սպիտապատյանի և լորձաթաղանթների դեղին գունավորում՝ կապված հյուսվածքներում բիլիռուբինի՝ լյարդում առաջացող լեղապիգմենտի կուտակման հետ:

Առաջացման պատճառներից և մեխանիզմից կախված՝ տարբերում են լյարդային (պարենքիմային), մեխ. և արյունատարրալուծական Դ.: Լյարդային Դ. հաճախ առաջանում է վիրուսային լյարդաբորբի (տես Լյարդաբորբ վիրուսային) կամ քրոնիկ. ալկոհոլամոլության ժամանակ (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական, Լյարդի ցիռոզ): Խախտվում է բիլիռուբինի առաջացումը և արտազատումը դեպի աղիքներ, կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում: Մեխանիկական Դ. առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, օրինակ, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով (տես Լեղաքարային հիվանդություն), լեղին չի անցնում աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինը: Մեխ. Դ-ի ժամանակ կղանքն անգույն է, մեզը՝ մուգ, նկատվում է նաև մաշկի քոր: Արյունատարրալուծական Դ. պայմանավորված է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ և նրանցում պարունակվող բիլիռուբինի արտազատմամբ: Լինում է բնածին կամ ձեռքբերովի՝ արյունատարրալուծական սակավարյունությունների ժամանակ: Կղանքը և մեզը, ի տարբերություն Դ-ի մյուս ձևերի, մուգ գույնի են:

Դ-ի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում նկատվում է աչքի սպիտապատյանում, փափուկ քիմքի լորձաթաղանթում, լեզվի տակ, այնուհետև՝ մաշկին: Գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի կոնցենտրացիայով: Դ. հաճախ ուղեկցվում է մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու հետևանք է: Դ-ի ժամանակ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, որպեսզի Դ-ով հիվանդը (օրինակ՝ լյարդի վիրուսային ախտահարմամբ) չվարակի շրջապատողներին, իսկ մեխ. Դ-ի ժամանակ երբեմն անհրաժեշտ է վիրաբուժ. միջամտություն:

Նորածինների կյանքի 2-3-րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական Դ.՝՝ պայմանավորված լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ, որն անհետանում է կյանքի 1-2-րդ շաբաթում և բուժում չի պահանջում: Մոր և երեխայի արյան անհամատեղելիությունից նույնպես կարող է առաջանալ Դ. և ուղեկցվել նորածինների արյունատարրալուծական հիվանդությունով:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՑԱՆԵՐ, ալերգ. հակազդեցություն, որն առաջանում է դեղերով բուժվելիս և պայմանավորված է դրանց նկատմամբ օրգանիզմի անհատ. գերզգայնությամբ: Դ.ց. մաշկի և լորձաթաղանթների վրա դրսևորվում են տարբեր ձևերով՝ երբեմն ուղեկցվելով ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ ևն:

Դ.ց. կարող են առաջանալ բրոմի և յոդի պատրաստուկների, քինինի, ամինազինի, պիրամիդոնի, անալգինի, պենիցիլինի, տետրացիկլինի, ստրեպտոմիցինի, նորսուլֆազոլի, սուլֆադիմեզինի և գրեթե բոլոր դեղանյութերի օգտագործման ժամանակ: Հաճախ Դ.ց. առաջանում են ինքնաբուժման դեպքում՝ հիվանդի հայեցողությամբ դեղ օգտագործելուց՝ առանց հաշվի առնելու դեղաչափն ու հակացուցումները:

ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ, կյանքի շրջան՝ 12-13-ից մինչև 17-18 տարեկանը: Դա սեռ. հասունացման ժամանակն է, որն ուղեկցվում է ֆիզ. զարգացման արագացմամբ: Պայմանականորեն ընդունված է համարել, որ Դ. վերջանում է բուռն զարգացման ավարտով: