ԴԻԶԵՆՏԵՐԻԱ, մարդու և կենդանիների սուր կամ քրոնիկ., կրկնվող վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է հաստ աղիքի ախտահարումով և օրգանիզմի ինքնաթունավորմամբ (թուլություն, գլխացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոց, երբեմն՝ փսխում):
Դ-ի հարուցիչները արտաքին բակտերիաներ են (Զոնեի, Ֆլեքսների, Շիգայի և այլ ցուպիկներ), որոնք երկար ժամանակ պահպանում են սննդամթերքում (կաթ, կարագ, պանիր, բանջարեղեն), որոշ ժաամանկ ապրում են հիվանդների արտաթորանքով ախտոտված հողում, աղբահորերում և կեղտոտ բաց ջրամբարներում: Մարդը վարակվում է Դ-ով հիվանդից կամ բակտերիակրից (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն): Հարուցիչները փոխանցվում են կենցաղային ճանապարհով, ինչպես նաև սննդի, ջրի միջոցով: Կենցաղային վարակումը տեղի է ունենում հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս (օրինակ՝ խնամելիս), նրա կամ բակտերիակրի կեղտոտ ձեռքերի և տնային գործածության առարկաների (ամանեղեն, դռան բռնակներ, անջատիչներ ևն) միջոցով: Հիվանդի ձեռքերից հարուցիչն ընկնում է սննդամթերքի, ամանեղենի և այլ իրերի վրա: Տաք եղանակին (հատկապես ամռանը և աշնանը) սննդամթերք աղտոտում են ճանճերը, որոնք կնճիթներով և թաթերով տարածում են բակտերիաներ պարունակող կղանքի մանր մասնիկներ: Ջերմային մշակման չենթարկված աղտոտված մթերքի (կաթ, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, հատապտուղ ևն) օգտագործումը կարող է առաջացնել Դ-ով խմբային հիվանդություն, որի բռնկման հնարավորությունը մեծանում է, եթե Դ-ով հիվանդը կամ բակտերիակիրն անմիջական մասնակցություն են ունեցել սննդի պատրաստմանը (սննդի և կաթի արդ-յան, հաս. սննդի հիմնարկներ, մանկ. կոլեկտիվների աշխատողներ) և չեն կատարել հիգենային պահանջները: Կարող են վարակվել նաև արտաթորանքով ախտոտված բաց ջրամբարների (գետեր, լճեր, արհեստ. լճակներ) ջրի օգտագործման կամ այնտեղ լողանալու դեպքերում:
Դ-ով առավել հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը՝ չլվացած մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, բաց ջրամբարների ջուրը չեռացրած օգտագործելու և այլ պատճառներով:
Հարուցիչներն օրգանիզմ են թափանցում միայն բերանի միջոցով: Դրանց մի մասը ընկնելով ստամոքս, ոչնչանում է՝ արտազատելով թունավոր նյութեր՝ էնդոտոքսիններ (տես Տոքսիններ), որոնք ներծծվում են աղիքներով, անցնում արյան մեջ և թունավոր ազդեցություն ունենում օրգանիզմի վրա, իսկ մյուս մասը թափանցում է հաստ աղիք, բազմանում և առաջացնում բորբոքում խոցերի գոյացմամբ:
Դ-ի հարուցիչը կարող է 2-7 օր (ծանր դեպքերում՝ մինչև մի քանի ժ) գտնվել մարդու օրգանիզմում և չառաջացնել ախտանիշներ (գաղտնի շրջան):
Հիվանդը հաճախ սկսվում է սուր: Նկատվում են թուլություն, դող, ճերմաստիճանի բարձրացում, որովայնի կծկանքային ցավեր: Կղումը հաճախանում է (օրական 10-25 և ավելի անգամ): Արտաթորանքն սկզբում ունենում է թանձր կղանքային բնույթ, հետո դառնում է հեղուկ, հայտնվում է լորձ ու արյուն, լինում է կղման կեղծ, ցավոտ ցանկություն (նքոց): Հիվանդությունը երբեմն ընթանում է գաղտնի և անախտանշան ձևերով, որոնք հիմնականում հայտնաբերում են լաբորատոր հետազոտությամբ:
Դ-ի ախտանշաններն ի հայտ գալիս մինչև բժշկի այցելելը, հիվանդին պետք է մեկուսացնել, առանձնացնել ամանեղենը, լվացվելու պարագաները, չկերակրել, միայն առատ և տաք հեղուկներ (օրինակ՝ ոչ քաղցր թեյ) տալ: Դողացնելու դեպքում փաթաթել տաք շորերով, ոտքերը և ձեռքերը տաքացնել ջեռակներով (40°C):
Հոսպիտալացման կամ տնային բուժման հարցը վճռում է բժիշկը:
Տնային պայմաններում բուժելիս խստորեն պահպանել նախազգուշական միջոցառումներ (շրջապատի անձանց չվարակելու համար), հիվանդի խնամքի կանոնները: Հիվանդին անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, առանձին երեսսրբիչ, ամանեղեն, պետքանոթ:
Բուժումը նշանակում է բժիշկը՝ ըստ հիվանդի վիճակի և տարիքի: Կան արդյունավետ դեղանյութեր, որոնց ներգործությունից ոչնչանում են Դ-ի բակտերիաները և չեզոքանում դրանց արտադրած տոքսիները: Չի թույլատրվում ինքնաբուժումը, որը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների: Սննդակարգը նշանակում է բժիշկը (որոշակի ժամկետով): Չպետք է օգտագործել աղիքներում խմորում առաջացնող և ստամոքսային համակարգը գրգռող մթերք (կաթ, ապուխտներ, տապակած, յուղով և կծու կերակրատեսակներ), սպիրտային խմիչքներ, գարեջուր: Հիվանդի ամանեղենը (յուրաքանչյուր օգտագործումից հետո), սպիտակեղենը եռացնել (30 ր) 2 %-անոց օճառասոդայաջրի լուծույթում (1.5 ճաշի գդալ կերակրի սոդան՝ 1 լ օճառաջրին): Կատարել սենյակի ամենօրյա խոնավ մաքրում՝ 1 %-անոց օճառասոդայաջրին տաք լուծույթով:
Դ-ով հիվանդացած և բակտերիակիր անձանց համար սահմանվոմ է դիսպանսերային և բժշկ. հսկողություն (տես Վարակիչ հիվանդությունների առանձնասենյակ):
Կանպարգելումը, հիվանդների ժամանակին հայտնաբերում և մեկուսացում (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների), համաճարակային օջախի վարակագործում, անձն. կանխարգելման նպատակով՝ տնային պայմաններում բուժվող հիվանդի ճիշտ խնամք: Ուտելուց առաջ ձեռքերը, ինչպես նաև բանջարեղենը, մրգերը լվանալ, կաթը և ջուրը եռացնել: Դ-ով հիվանդներին և բակտերիակիրներին չի թույլատրվում աշխատել սննդի ձեռնարկություններում և ջրամատակարարման օբյեկտներում: Ստամոքսաղիքային սուր վարակիչ հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս անհապաղ դիմել բժշկի:
ԴԻԶԵՆՏԵՐԻԱ ԱՄԵՈԲԱՅԻՆ, ամեոբիազ, մակաբուծ. հիվանդություն բնորոշվում է հաստ աղիքի խոցային ախտահարումով: Հարուցիչը դիզենտերիային ամեոբան է:
Դիզենտերիային ամեոբայի զարգացման բոլորաշրջանն ունի վեգետատիվ և հանգստի կամ ցիստի փուլեր: Ցիստը կայուն է շրջակա միջավայրի գործոնների ազդեցության նկատմամբ, 13-17°C ջերմաստիճանի պայմաններում արտաթորանքում այն կարող է պահպանվել 15 օր և ավելի, խոնավ հողում՝ մինչև 8 օր, մրգերի, բանջարեղենի, տնային առարկաների վրա՝ մի քանի օր, եռացնելիս, չորացնելիս ոչնչանում է:
Հիվանդությունն առավել տարածված է տաք կլիմայով վայրերում: Ամեոբան, ընկնելով մարդու օրգանիզմ, երբեմն չի առաջանում հիվանդության կլինիկ. ախտանշաններ, բացի այդ մարդիկ դառնում են ամեոբակիրներ և կարող են վտանգավոր լինել շրջապատի համար: Հիվանդներին ու ամեոբակիրներն արտաթորանքի հետ շրջակա միջավայր են արտազատում ամեոբայի ցիստեր, որոնք առողջ մարդկանց են փոխանցվում կեղտոտ ձեռքերի, տնային գործածության իրերի միջոցով: Վարակվում են նաև ոչ մաքուր սննդի, օրինակ՝ չլվացած բանջարեղենի և ջրի հետ (բաց ջրամբարների ջրի օգտագործման, այնտեղ լողանալու դեպքերում) ամեոբայի ցիստերը կուլ տալիս: Սննդամթերքի վրա ցիստերն ընկնում են կեղտոտ ձեռքերի և ճանճերի միջոցով: