վնասակար սովորույթներից և հակահիգիենային վարքագծից հրաժարվելը, կանխարգելիք միջոցառումներն իրականացնելիս առողջապահ. մարմիններին օգնություն ցուցաբերելը պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու կենսակերպի անբաժանելի տարրերը:
ԴԻՍՏՈՆԻԱ ԱՆՈԹԱՅԻՆ, արյունատար անոթների հարմարողական-լարումային ֆունկցիայի խանգարում: Առաջանում է նյարդային գերլարման կամ սուր և քրոնիկ. վարակիչ հիվանդությունների, թունավորումների, վիտամինային անբավարարության, նյարդային խզումների հետևանքով: Դրսևորվում է արյան հոսքի տեղային կամ ընդհանուր շրջանառության խանգարումներով: Ախտանշանները կարող են լինել մշտ. կամ արտահայտվել, այսպես կոչված, վեգետատիվ-անոթային նոպաներով (պարոքսիզմներ): Մշտ. ախտանշաններն ավելի հաճախ լինում են նյարդային համակարգի բնածին անկայունության դեպքում: Այդպիսի մարդիկ դժվար են տանում եղանակի փոփոխությունը, ֆիզ. աշխատանքի և հուզմունքի դեպքում արագ գունատվում են, կարմրում, առաջանում են սրտխփոց, ուժեղ քրտնարտադրություն: ՎԵգետատիվանոթային նոպաները սկսվում են գլխացավով կամ սրտի շրջանի ցավերով, սրտխփոցով, նկատվում են դեմքի կարմրություն կամ գունատություն, արյան ճնշման և ջերմաստիճանի բարձրացում, անոթազարկի հաճախացում, դող: Երբեմն առանց պատճառի վախ է առաջանում կամ լինում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աչքերի առջև մթագնում, քրտնոտություն, սրտխառնոց, արյան ճնշման իջեցում, անոթազարկի դանդաղում: Նոպաները տևում են մի քանի ր-ից մինչև 2-3 ժ և դադարում գրեթե առանց բուժման: Սրացումների դեպքում ձեռքերն ու ոտքերը դառնում են կարմրակապտավուն, խոնավ և սառը, իսկ գունատ հատվածները մաշկին տալիս են մարմարի տեսք: Մատները թմրում են, առաջանում են «մրջյունների սողալու» զգացում, ծակոցներ, երբեմն՝ ցավեր: Բարձրանում է զգայնությունը ցրտի նկատմամբ, ձեռքերն ու ոտքերը խիստ գունատվում են, մատները երբեմն ուռչում են, հատկապես ձեռքերի և ոտքերի երկարատև գերսառեցման դեպքում: Գերհոգնածությունից և հուզմունքից նոպաները հաճախանում են, իսկ նոպայի ավարտից հետո մի քանի օր կարող է լինել ջարդվածության և ընդհանուր թուլության զգացում:
Վեգետատիվ-անոթային նոպաների ձևերից է ուշագնացությունը, որի դեպքում հանկարծակի աչքերի առջև մթագնում է, դեմքը՝ գունատվում, առաջանում է ուժեղ թուլություն: Մարդը կորցնում է գիտակցությունը և ընկնում: Ջղաձգություն սովորաբար չի լինում: Ուշագնացությունն ավելի արագ է անցնում պառկած վիճակում, որին նպաստում է նաև քթին անուշադրի սպիրտ մոտեցնելը:
Անոթային դիստոնիայի կանխարգելման համար պետք է կոփվել մանկ. և պատանեկան տարիքից, ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի ռացիոնալ ռեժիմը (տես Օրգանիզմի կոփում), խուսափել նյարդային գերլարումներից, հիվանդանալիս կանոնավոր կատարել բժշկի բոլոր նշանակումները, իսկ մասնագիտ. վնասակարությունների պայմաններում աշխատելիս՝ աշխատանքի պահպանության վերաբերյալ հրահանգները:
Բուժումը համալիր է՝ դեղանյութերի և ֆիզիոթերապևտիկ. միջոցառումների կիրառում (բժշկի նշանակմամբ), բուժական ֆիզկուլտուրա, առողջարանային բուժում, զբոսաշրջություն ևն:
ԴԻՖԹԵՐԻԱ, սուր վարակիչ հիվանդություն, բնորոշվում է բկանցքի, կոկորդի լորձաթաղանթների բորբոքումով և տարբեր օրգանների ախտահարումով: Ուղեկցվում է պինդ թաղանթային փառերի առաջացմամբ և օրգանիզմի ընդհանուր ծանր թունավորմամբ: Առավել հաճախ հիվանդանում են 4-6 տարեկան երեխաները:
Հարուցիչը Դ-ի ցուպիկն է, որը կայուն է շրջակա միջակայրում: Ջրի և կաթի մեջ հարուցիչներն ապրում են 7 օր, ամանեղենի, գրքերի, խաղալիքների, սպիտակեղենի վրա կարող են պահպանվել մի քանի շաբաթ: Ոչնչանում են արևի ճառագայթների (մի քանի ժ-ից) և վարակազերծող նյութերի (լիզոլ, ֆենոլ, սուլեմա, քլորամին, ջրածնի գերօքսիդ, ֆորմալին ևն) ազդեցությունից:
Վարակի հիմն. աղբյուրը Դ-ով հիվանդ մարդն է, որը հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց որոշ ժամանակ անց վտանգավոր է շրջապատի համար: Հիվանդության հարուցիչները թքի կաթիլների, խորխի, լորձի հետ շրջակա միջավայր են ընկնում հազալիս, փռշտալիս և խոսելիս: Վարակի աղբյուր կարող է լինել բակտերիակիրը՝ հիվանդության ակնհայտ ախտանշաններ չունեցող, բայց Դ-ի ցուպիկակիր երեխան (առավել հաճախ) կամ մեծահասակը: Պատվաստումների (տես Կանխարգելիչ պատվաստումներ) շնորհիվ կտրուկ նվազել է երեխաների հիվանդացությունը և բակտերիակրությունը (տես Վարակիչ հիվանդությունների հարուցչակրություն):
Դ-ի ցուպիկն ախտահարում է քթաըմպանի, բկանցքի և վերին շնչուղիների (կոկորդ, շնչափող) լորձաթաղանթները: Առավել հազվադեպ բակտերիաները թափանցում են աղջիկների արտաքին սեռ. օրգանների լորձաթաղանթի, նորածինների պորտային վերքերի, վնասված մաշկի մեջ: Լորձաթաղանթից ցուպիկի արտազատած թույնն արյան ու ավշի միջոցով տարածվում է ամբողջ օրգանիզմում: Ցուպիկների տեղակայման և բազմացման մասում թույնը քայքայում է լորձաթաղանթները՝ առաջացնելով պինդ, հյուսվածքներին սերտորեն միացած մոխրասպիտակ փառ: Ըստ Դ-ի ցուպիկների ներթափանցման և բազմացման տեղի՝ լինում է բկանցքի, քթի խոռոչի, կոկորդի, աչքի, արտաքին սեռ. օրգանների և մաշկի Դ: Երբեմն միաժամանակ կարող են ախտահարվել մի քանի օրգաններ՝ զուգակցված Դ:
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-10 օր:
Բկանցքի Դ. սկսվում է թուլությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 38-39° C: Կոկորդը ցավում է, ենթածնոտային ավշահանգույցները մեծանում են: Բկանցքի լորձաթաղանթը կարմրում է, նշագեղձերը, հազվադեպ՝ փափուկ քիմքը, պատվում են սպիտակ կամ մոխրասպիտակ փառով: Որքան փառը տարածուն է, այնքան ուժեղ է օրգանիզմի թունավորումը, հետևաբար՝ ծանր է հիվանդության ընթացքը: Կարող է առաջանալ թունավոր Դ., որն սկսվում է սուր, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40° C, լինում են կոկորդի ուժեղ ցավեր (կուլ տալիս) և փսխում: Նկատվում է ընդհանուր թուլություն, անոթազարկը հաճախանում է, դեմքը՝ գունատվում: Ենթածնոտային ավշահանգույցների ենթամաշկային բջջանքն այտուցվում է, որը տարածվում է համարյա ամբողջ պարանոցի, երբեմն՝ մինչև կրծքավանդակի վրա: Թունավոր Դ-ի նախանշաններից է բկանցքի այտուցը, երբ նշագեղձերի և փափուկ քիմքի հյուսվածքները համարյա փակում են կոկորդի լուսանցքը: Փառը պատում է քիմքը, քթաըմպանը, շնչառությունը խռպոտում է, բերանը մնում է կիսաբաց, այնուհետև քթից առատ արտադրություն է լինում:
Քթի Դ. բնորոշվում է համառ ընթացող հարբուխով: Երեխայի ընդհանուր վիճակը և ջերմաստիճանը հնարավոր է չփոխվեն, և դա է պատճառը, որ ծնողները հիմնականում ուշացած են դիմում բուժօգնության: Կոկորդի Դ. կամ Դ-ային կրուպ: