Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ-ի թույնը ուժեղ ազդեցություն է ունենում շատ օրգանների վրա՝ առաջացնելով ծանր բարդություններ՝ երիկամների, սրտի ախտահարումներ (տես Սրտամկանի բորբոքում), նյարդերի լուծանք (տես Բազմանյարդաբորբ), հաճախ նաև թոքաբորբ:

Բուժման հիմն. և արդյունավետ եղանակը հակադիֆթերիային շիճուկի ներարկումն է, որը չեզոքացնում է Դ-ի թույնը: Թունավոր Դ-ի և Դ-ային կրուպի ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ բուժում: Որքան վաղ ներարկվի հակադիֆթերիային շիճուկը, այնքան բուժումն արդյունավետ կլինի: Ըստ ցուցումների բժիշկը նշանակում է հակաբակտերիային միջոցներ, սրտի գործունեությունը խթանող դեղեր, տարբեր դեղապատրաստուկների ներերակային ներարկումներ ևն: Դ-ի ցանկացած ձևով հիվանդները բուժվում են միայն հիվանդանոցում՝ խիստ մեկուսացված պայմաններում:

Կանխարգելումն իրականացվում է 2 ուղղությամբ.

1. Դ-ով հիվանդների ժամանակին հոսպիտալացում, բնակարանի վարակազերծում: Այն իրերը (գրքեր, նկարներ, խաղալիքներ), որոնք հնարավոր չէ ախտահանել, գերադասելի է այրել: Հիվանդի բնակարանում գտնվող երեխաներին 7 օր արգելվում է հաճախել մանկ. հիմնարկ: Հիվանդանոցից դուրս են գրվում առողջանալուց հետո, երբ բկանցքի և քթի լորձաթաղանթների կրկնակի հետազոտությամբ Դ-ի ցուպիկներ չեն հայտնաբերվում:

Բակտերիակրության հետազոտման նպատակով մսուր և մանկապարտեզ հաճախող երեխաների կամ սննդի ձեռնարկությունների, բուժհիմնարկների և այլ աշխատողների բկանցքի և քթի լորձից բազմակի քսուքներ են վերցնում: Բակտերիակիրներին մեկուսացնում են մանկ. կոլեկտիվից և նրանց թույլատրում վերադառնալ միայն երկօրյա (տես Մեկուսացում վարակիչ հիվանդների) ընդմիջումով, բակտերիաբան. հետազոտությունների կրկնակի բացասական պատասխանից հետո: Բակտերիակրության կանխման հիմն. պայմանը մաքուր օդն է, լավ օդափոխությունը, վիտամինների ու դեղանյութերի օգտագործումը (բժշկի ցուցումով):

2. Կանխարգելման հիմն. մեթոդը պատվաստումն է, որն սկսում են 3 ամսականից՝ 3 փուլով, 1-1,5 ամիս ընդմիջումով: Հաջորդ պատվաստումը կատարում են 1,5-2 տարի հետո, այնուհետև 6 և 11 տարեկանում:

Երեխան անգինայով հիվանդանալիս պետք է անմիջապես դիմել բժշկի (և ոչ թե ինքնուրույն բուժել), որովհետև Դ-ով վարակվելու դեպքում հակադիֆթերիային շիճուկի ուշ ներարկումը կարող է երեխայի կյանքի համար վտանգավոր, ծանր բարդությունների պատճառ դառնալ:

ԴԻՖԻԼՈԲՈԹՐԻՈԶՆԵՐ, ճիճվային հիվանդություններ, առաջացնում են ժապավենաձև որդերը՝ լայն երիզորդն ու մարդու և կենդանիների աղիքներում մակաբուծող որոշ դիֆիլոբոթրիիդներ:

Լայն երիզորդի երկար. 7-10 մ է և կազմված է բազմաթիվ հատվածիկներից: Գլխի ծայրում կան 2 ծծող ճեղքեր (բոթրիաներ), որոնց օգնությամբ մակաբույծն ամրանում է աղիքի պատին: Հիվանդ մարդու կամ կենդանիների (շներ, կատուներ ևն) արտաթորանքի հետ արտազատվում են երիզորդի ձվերն ու մարմնից պոկված հատվածիկները: Քաղցրահամ ջրամբարներ ընկած ձվերից 3-5 շաբաթ անց դուրս են գալիս թրթուրները (կորացիդներ), որոնցով վարակվում են սկզբում թիոտանի խեցգետնիկները (ցիկլոպներ), ապա դրանցով սնվող ձկները: Մարդը վարակվում է միայն վատ եփած (տապակած) կամ հում ձուկ, ինչպես նաև անբավարար աղը դրած ձկան խավիար օգտագործելիս:

Հիվանդության ընթացքում առաջանում են սրտխառնոց, փսխում, երբեմն որովայնի ցավեր և ծանր սակավարյունություն: Ախտորոշվում է հիվանդի արտաթորանքում երիզորդի ձվերի կամ մարմնի հատվածիկների հայտնաբերմամբ: Բուժումն իրականացվում է հիվանդանոցում:

Կանխարգելման համար անհրաժեշտ է գետերը, լճերը, ջրամբարները պահպանել մարդու և կենդանիների արտաթորանքով աղտոտումից: Ձուկը սննդի մեջ օգտագործել միայն եփած, տապակած, ապխտած կամ լավ աղը դրած վիճակում:

ԴՈՆՈՐ, մարդ, որը կամավոր արյուն է հանձնում՝ հիվանդներին փոխներարկելու, ինչպես նաև բուժպատրաստուկների համար: Դ-ությունը նպաստում է փրկելու հիվանդների կյանքն ու առողջությունը:

Դ-ի արյունը վերցնում և պահածոյում են արյան փոխներարկման ԳՀԻ-ներում և կայաններում, այնուհետև մատակարարում տվյալ մարզի հիվանդանոցներին ու այլ բուժհիմնարկների: Այժմ խիստ կրճատվել է պահածոյած փոխներարկվող արյան քանակը, այն մշակվում, բաղադրամասերի է բաժանվում տեղում:

Դ. ենթարկվում է նախն. բժշկ. քննության, հաստատվում է փոխներարկման համար նրա արյան պիտանիությունը (հատկապես վարակիչ հիվանդությունների ժխտում), որոշվում է նաև, թե որոշակի քանակությամբ արյուն վերցնելը չի՞ վտանգում նրա առողջությունը: 1-ին անգամ Դ-ից վերցվում է 200-250 մլ, հաջորդ անգամ (2 ամիս հետո)՝ մինչև 450 մլ արյուն: Արյան այդ կորուստն օրգանիզմում վերականգնվում է 1 ամսվա ընթացքում և առողջության վրա չի ազդում: Դ-ական արյունը հավաքվում է հատուկ անոթում, որում նախապես լցվում է պահածոյող նյութ, վրան նշվում է արյան խումբը, Դ-ի ազգանունը և արյուն վերցնելու ամսաթիվը: Դ-ներն օգտվում են հատուկ արտոնություններից.

1. ձեռնարկությունների, հիմնարկների, ուս. հաստատությունների տնօրենները պարտավոր են բանվորներին, ծառայողներին, ուսանողներին բժշկ. քննության և արյուն հանձնելու օրերին թույլատրել գնալու առողջապահ. հիմնարկ՝ այդ ժամերի համար աշխատավայրում պահպանելով միջին աշխատավարձը: Արյուն հանձնելու հաջորդ օրը Դ-ին տրվում է հանգստյան օր, կամ նրա ցանկությամբ այն ավելացվում է հերթական արձակուրդին:

2. Արյուն հանձնելու օրը Դ. ազատվում է աշխատանքից: Եթե աշխատողն արյուն է հանձնում արձակուրդի ժամանակ, ապա վերջինիս տևողությունը երկարում է 1 օրով և վարձատրվում միջին աշխատավարձով: Դ-ական պարտականությունների կատարման հետ կապված աշխատունակության կորուստը հավասարազոր է աշխատանքի հետ կապված դժբախտ պատահարներից աշխատունակության կորստին:

3. Հանգստյան տների կամ առողջարանների ուղեգրերը հավասար պայմաններում տրվում են 1-ին հերթին փոխներարկման համար կանոնավոր արյուն հանձնող Դ-ին:

4. Դ., մինչև արյուն հանձնելը, ստանում է անվճար նախաճաշ, իսկ հանձնելուց հետո՝ ճաշ: Ժամանակակից բժշկությունում Դ. է համարվում նաև օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման, անպտղության բուժման նպատակներով օրգաններ, հյուսվածքներ և սերմնահեղուկ կամավոր հանձնող մարդը:

ԴՈՊԻՆԳ, տես Դեղերի չարաշահում հոդվածում:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔ, բաժանվում է կրտսեր (7-13 տարեկան) և ավագ՝ դեռահասություն (12-13-ից մինչև 17-18 տարեկան) Դ. տ-ների: Այս շրջանները, կապված երեխայի աճման ու զարգացման հետ, ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց վրա ազդում են սեռական հասունացումը, կյանքի պայմանները, կրած հիվանդությունները և ֆիզ. դաստիարակության ձևերը: Կյանքի ռեժիմի ճիշտ կազմակերպումը և սպորտով կանոնավոր