սկզբում պետք է լինի 35° C, իսկ 1 շաբաթից, իջեցնելով (յուրաքանչյուր 1-2 օրը՝ 1-2° C-ով), հասցնել 24-22° C-ի: Ջրային բուժարարողության համար (ոտքերի շփում, ջրցողում) ջրի սկզբն. ջերմաստիճանը պետք է լինի 30°C, 1 շաբաթից, իջեցնելով (յուրաքանչյուր 1-2 օրը՝ 1-2° C-ով), հասցնել 16-14°C-ի: Ջրով կոփում կարելի է սենյակային օդի ջերմաստիճանի պայմաններում: Բուժարարողությունից հետո մաշկը պետք է չորացնել: Եթե կոփումը ժամանակավորապես դադարեցվում է, ապա վերսկսվում, ջրի ջերմաստիճանը պետք է 2-3° C-ով բարձր լինի, քան վերջին բուժարարողության ժամանակ:
Լողանալիս օդի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 22°C-ից, իսկ 10-12 տարեկան երեխաների համար ջրի ջերմաստիճանը՝ 20°C-ից: Առավել բարենպաստ է օրվա 2-րդ կեսը, երբ ջուրը լավ տաքացած է:
Արևային լոգանքները գերադասելի է ընդունել ժամը 10-12-ին, երբ ստվերում օդի ջերմաստիճանը 18°C-ից ցածր չէ: 1-ին լոգանքի տևողությունը պետք է լինի 2 ր, ընդ որում՝ 1 ր մեջքի, 1 ր փորի վրա պառկած, իսկ 1-2 օրից բուժարարողության տևողությունը 2 ր-ով ավելացվում է:
ԴՐԴՈՒՄ, կենդանի հյուսվածքի պատասխան հակազդեցությունը արտաքին ազդեցությանը: Դրսևորվում է հյուսվածքում ընթացող գործընթացների բնույթի կամ ուժգնության փոփոխությամբ: Ավելի նեղ իմաստով Դ. ֆիզիոլոգ. գործընթաց է, որի շնորհիվ նյարդային, մկանային և գեղձային բջիջները պատասխանում են արտաքին ազդեցությանը (գրգռիչին): Բջիջների և հյուսվածքների գրգռմանը Դ-մամբ պատասխանելու ունակությունը կոչվում է դրդելիություն: Գրգռիչի նվազագույն ուժը, որին գրգռվող հյուսվածքը պատասխանում է Դ-ման առաջացմամբ, կոչվում է շեմքային, որքան փոքր է այդ մեծությունը, այնքան բարձր է դրդելիությունը:
Բազմաբջիջ օրգանիզմներում Դ. դարձել է նյարդային հյուսվածքի բջիջների հիմն. ֆունկցիան: Դ. և դրա հակադարձ երևույթը՝ արգելակումը, նյարդային (այդ թվում՝ հոգեկան) գործունեության հիմքն են (տես Բարձրագույն նյարդային գործունեություն): Մկանային և գեղձային բջիջների Դ. բնորոշվում է հանգստի վիճակից ֆիզիոլոգ. գործունեության անցնելով, որն արտահայտվում է մկանային բջիջների կծկումով, իսկ գեղձայիններինը՝ հյութազատությամբ: Դ. առաջանալիս հյուսվածքներում ուժեղանում է նյութափոխանակությունը, որն ուղեկցվում է բջիջներում կուտակված էներգիական պաշարների ծախսմամբ: Տևական Դ-ման դեպքում (օրինակ՝ նյարդային հյուսվածքի բջիջների) էներգիական (սննդարար) նյութերի պաշարներն սպառվում են, կարող է առաջանալ «նյարդային հյուծում», որն ուղեկցվում է օրգանիզմի նյարդային, հիսթերիային և այլ վիճակներով (տես Հիսթերիա, Նևրոզներ): Տարբերում են տեղային և տարածվող Դ.: Տեղային Դ. ուղեկցվում է բջջաթաղանթի առանձին հատվածի էլեկտր. հատկությունների փոփոխություններով, որն առաջանում է թաղանթի 2 կողմում իոնների վերաբաշխման հետևանքով: Նշված Դ. որոշակի նշանակություն ունի սոսկ 1 բջջի սահմանում: Միաժամանակ տեղային Դ. հանդիսանում է բջիջների առանձնահատուկ ֆունկցիան (թափանցելիության փոփոխություն, հյութազատություն, նյարդային ազդակի առաջացում) «գործարկող» գործոնը:
Տարածվող Դ. փոխհատուցում է տեղային Դ-ման ավելի հեռու (ամբողջ օրգանիզմով) տարածվելու անընդունակությունը: Լույսի, աղմուկի, ջերմության և այլ գործոնների ազդեցությունից ընկալիչներում առաջացած Դ. (բավականաչափ ուժեղ գրգռիչի դեպքում) սկսում է տարածվել բջջի մեջ հաստատուն արագությամբ: Տարածվող Դ-ման ազդակները հաղորդվում են կենտր. նյարդային համակարգ, իսկ այդտեղից վարընթաց ուղղությամբ՝ աշխատող օրգաններին (մկաններ, անոթներ, գեղձեր), որտեղ առաջացնում են համապատասխան հակազդեցություններ (օրինակ՝ շարժում, արյունատար անոթի պատի կծկում, հյութազատություն ևն):
Գործն. բժշկության մեջ և կենցաղում «Դ.» տերմինը Նշանակում է որևէ համակարգի (օրինակ՝ սիրտանոթային, նյարդային) առանձին օրգանի կամ ամբողջ օրգանիզմի գործունեության ուժեղացում, երբ մի շարք պատճառների հետևանքով մարդու վարքագիծը բնորոշվում է չափազանց շարժող. կամ խոսքային ակտիվությամբ, քնելու դժվարությամբ ևն: Նման Դ-մանը, որպես կանոն, նախորդում են աշխատանքի և հանգստի ռեժիմի խանգարումները:
ԴՈՒՈԴԵՆԻՏ, տես Տասներկումատնյա աղիքի բորբոքում:
ԵՂՆՋԱՑԱՆ, հիվանդություն, բնորոշվում է մաշկի, երբեմն լորձաթաղանթների վրա բշտիկների առաջացմամբ, որոնք նման են եղինջով դաղելուց առաջացած բշտիկների:
Ե. առաջանում է ալերգ. հակազդեցությունների հետևանքով (տես Ալերգիա), որոշ սննդամթերքների (հատկապես երեխաների մոտ՝ ձվից, շոկոլադից, ելակից, մանդարինից, պանրից, սնկից, երբեմն ձկից ևն), դեղերի, ինչպես նաև միջատների կծելու հանդեպ օրգանիզմի գերզգայնությունից: Հաճախ պենիցիլին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, քինին ևն օգտագործելիս առաջանում է սուր ալերգ. հակազդեցություն, որը տևում է մի քանի ժ-ից մինչև մի քանի օր:
Քրոնիկ., իսկ հաճախ պարբերաբար վերսկսվող (երբեմն մի քանի ամիս տևողությամբ) Ե., որպես կանոն, պայմանավորված է լյարդի, երիկամների, ստամոքսաղիքային հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով, որդերի կամ դանդաղ ընթացող վարակի օջախների՝ նշագեղձերի (տես Նշագեղձերի բորբոքում), քթի հավելյալ ծոցերի (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), ականջի (տես Ականջաբորբ) և այլ քրոնիկ. բորբոքումների առկայությամբ: Քրոնիկ. Ե. կարող է առաջանալ նաև ցածր կամ բարձր ջերմաստիճանի նկատմամբ օրգանիզմի գերզգայնությունից:
Ե. առաջանում է հանկարծակի՝ իրանի, ձեռքերի, ոտքերի, հազվադեպ երեսի՝ մինչ այդ առողջ մաշկին: Բշտիկները տարբերվում են չափերով և ձևով, մուգ վարդագույն են, երբեմն՝ կենտրոնում սպիտակ, մաշկի մակերևույթից քիչ բարձր, կարող են ուղեկցվել ուժեղ քորով և նույնիսկ այրոցով, արագ փոխել չափը, ձևը և անհետանալ մի քանի ժամվա, նույնիսկ րոպեների ընթացքում: Բշտիկներն ի հայտ գալիս ջերմաստիճանը կարող է բարձրանալ՝ ուղեկցվելով թուլությամբ ևն: Երբեմն բշտիկները մաշկի վրա շատ խոշոր են լինում (հսկա Ե. կամ Կվինկեի այտուց), միաժամանակ կարող է առաջանալ փափուկ քիմքի, ըմպանի, ներքին օրգանների լորձաթաղանթների այտուց, որը ծանր է ընթանում: