Բուժումը նշանակում է բժիշկը՝ սննդակարգում սահմանափակելով աղը և քաղցրեղենը, բացառելով ալերգ. հակազդեցություն առաջացնող սննդամթերքը (ձու, շոկոլադ, ցիտրուսներ ևն), ինչպես նաև սուր և ապխտած կերակրատեսակները, ալկոհոլը: Խորհուրդ է տրվում հետևել աղիքների ճիշտ գործելուն: Սուր Ե-ի (սննդամթերքից կամ դեղանյութերից առաջացած) ժամանակ կարևոր է օրգանիզմն ազատել դրանցից՝ աղիքները մաքրելով հոգնայի միջոցով և առատ հեղուկներ օգտագործել:
Քրոնիկ. Ե-ի ժամանակ բժշկի խորհրդով օգտակար է առողջավայրային բուժումը, ծովում լողանալը, օդային և արևային լոգանքները: Քորը մեղմելու համար մաշկը կարելի է շփել որևէ սպիրտային լուծույթով (օրինակ՝ վաղենակի թուրմ, 2 %-անոց սալիցիլային սպիրտ, օղի ևն), սոդայի լուծույթով (1,5 թեյի գդալ սոդա՝ 1 բաժակ ջրին): Եթե բշտիկների ի հայտ գալն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ապա պետք է դիմել բժշկի, անհրաժեշտության դեպքում հիվանդը հոսպիտալացվում է: Ե-ից խուսափելու համար հարկավոր է հայտնաբերել օրգանիզմի զգայնությունը բարձրացնող սննդամթերքը և դեղանյութը, խուսափել դրանք օգտագործելուց: Պետք է խիստ հետևել բժշկի բոլոր ցուցումներին:
ԵՂՋԵՐԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔ ԾԵՐՈՒՆԱԿԱՆ, եղջերաշերտով ծածկված եզակի կամ բազմակի բծեր ու հանգուցիկներ. առաջանում են դեմքի, պարանոցի, դաստակների, տարեցների թիկունքի (կապված մաշկի տարիքային փոփոխությունների հետ) մաշկի վրա: Այդ բծերն ու հանգուցիկները կարմրավուն են կամ մուգ դարչնագույն, իսկ դրանց ծածկող բազմաթիվ թեփուկները, կեղևները կամ հաստ եղջերային շերտավորումը՝ դարչնագույն, որն ուժով պոկելիս մակերեսը մերկանում է և արյունահոսում: Հաճախակի վնասվելիս, արևի տակ երկար մնալիս այն կարող է վերածվել խոցերի: Նման գոյացություններ ի հայտ գալիս պետք է դիմել բժշկի: Որպես կանոն՝ ծերունական եղջերային ուռուցքը վտանգավոր չէ և հատուկ բուժում չի պահանջում: Կանխարգելման համար օգտակար է A վիտամինով հարուստ սննդամթերքը:
ԵՂՋԵՐԱՊԱՏՎԱՍՏՈՒՄ, կերատոպլաստիկա, աչքի եղջերաթաղանթի պատվաստման վիրահատություն: Այս մեթոդի մշակման գործում մեծ ներդրում ունի ռուս նշանավոր ակնաբան Վ. Ֆիլատովը: Ե. կիրառվում է եղջերաթաղանթի կայուն մթագնումների (տես Եղջերենու հատ) դեպքում, որը տեսողության կտրուկ վատացման պատճառ կարող է դառնալ: Արդի պայմաններում հիվանդի մթագնած եղջերաթաղանթը համարյա ամբողջությամբ փոխարինում են դոնորական թափանցիկ եղջերաթաղանթով: Աչքի ուժեղ այրվածքից առաջացած եղջերենու հատի ժամանակ գործածում են եղջերապրոթեզներ՝ օպտիկ. հատուկ կառուցվածքներ: Այս բնագավառում կարևոր նշանակություն ունեն հայ բժիշկներ Ա. Մալայանի և Ա. Կասպարովի ծառայությունները:
ԵՂՋԵՐԵՆԱԲՈՐԲ, կերատիտ, աչքի եղջերենու բորբոքում: Հաճախ պատճառը վիրուսն է (տենդաբշտիկային Ե.), երբեմն՝ այլ միկրոօրգանիզմները: Ե. կարող է առաջանալ եղջերենու վնասվելուց (հասկով, ծառի ճյուղով, եղունգով, օտար մարմնով քերծվելիս), որոշ վարակիչ հիվանդությունների (գրիպ, գոնոռեա, դիֆթերիա, տուբերկուլոզ, սիֆիլիս), վիտամին A-ի անբավարարության (տես Վիտամինային անբավարարություն) ժամանակ:
Հիվանդի մոտ առաջանում է լուսավախություն, արցունքահոսություն, աչքերում օտար մարմնի զգացողություն, ցավ: Երբեմն այս երևույթներն այնքան արտահայտված են, որ հիվանդն աչքերը չի կարողանում բացել: Եթե ախտահարվում է եղջերենու կենտր. մասը, ապա զգալիորեն նվազում է տեսողության սրությունը, իսկ եղջերաթաղանթի ծայրամասերի բորբոքումը տեսողության սրության վրա չի ազդում:
Նշված ախտանշաններն ի հայտ գալիս պետք է անմիջապես դիմել ակնաբույժի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Ե-ի ուշացած կամ սխալ բուժումը կարող է առաջացնել եղջերենու կայուն մթագնում (տես Եղջերենու հատ): Նման դեպքում տեսողության սրությունը երբեմն այնքան է նվազում, որ ախտահարված աչքով հիվանդն ընդունակ է միայն տարբերել լույսը մթից: Հիվանդությունից 5-6 ամիս հետո, տեսողության սրությունը խիստ նվազելու դեպքում, կարելի է կատարել եղջերապատվաստում, որը մասնակիորեն վերականգնում է տեսողության սրությունը:
ԵՂՋԵՐԵՆՈՒ ՀԱՏ (լեյկոմա), աչքի եղջերաթաղանթի կայուն մթագնում: Ե.հ. սպիական հյուսվածք է, առաջանում է հիմնականում եղջերաթաղանթի տարբեր բորբոքային հիվանդությունների (տես Եղջերենաբորբ) կամ դրա վնասվածքների հետևանքով, հազվադեպ հանդիպում է եղջերենու բնածին մթագնում: Մթագնման ուժգնությունից ելնելով՝ տարբերում են. հազիվ նկատելի ոչ մեծ մթագնում (ամպիկ), ավելի խիտ (բիծ), շատ խիտ սպիտակ կամ դեղնավուն (իսկական) Ե.հ.: Եթե ախտաբան. գործընթացի հետևանքով եղջերաթաղանթը պատռվում է, Ե.հ. սովորաբար սերտաճում է խորանիստ հյուսվածքների՝ հաճախ ծիածանաթաղանթի հետ՝ դառնալով ներակնային ճնշման բարձրացման (Երկրորդային գլաուկոմա) պատճառ, որն էլ հանգեցնում է եղջերենու և սպիտապատյանի արտանկման (ստաֆիլոմա):
Ե.հ-ի տեղադրությամբ, մեծությամբ ու ուժգնությամբ է պայմանավորված տեսողության նվազումը: Եթե այն եղջերենու կենտրոնում է՝ բբի դիմաց, ապա տեսողությունը խիստ է նվազում, իսկ եթե ծայրամասերում է՝ քիչ: Բուժումը հիմնականում վիրաբուժական է (տես Եղջերապատվաստում), դեղորայքով չի բուժվում:
ԵՂՈՒՆԳՆԵՐ, եղնգահունում տեղադրված եղնգային գլանիկներով շրջապատված եղջերային թերթիկներ: Ե. ունեն մարմին և արմատ, որը մտնում է հետին եղնգային գլանիկի տակ: Վերջինս, աղեղնաձև ծածկելով եղունգի մոտակա մասը, վերածվում է բարակ եղջերային երիզի՝ եղնգամաշկի, որն էլ մակաճում է եղունգի մարմնի կիսալուսնաձև, փայլատ հատվածին՝ լսնյակին: Եղունգի արմատով և լսնյակով ծածկված եղնգահունի հատվածը կոչվում է եղնգաբուն (մայր ակունք), որի բջիջների բազմացման շնորհիվ եղնգային թերթիկն աճում է՝ աստիճանաբար միաձուլվելով եղնգահունի ծայրին: Ե-ի աճի արագության (1 օրում