և անբավարարվածությունը, գործազրկությունը և վաղվա օրվա անհուսալիությունը, ինչպես նաև մրցակցությունը, «գոյության պայքարը», որոնք պահանջում են ֆիզ. և հոգեկան ուժերի գերլարվածություն, նյութ. բարեկեցության հասնելու ձգտումը, որը չի հսկվում բարոյական չափանիշների հետ հարաբերակցությամբ, ամուսն. հարաբերությունների՝ անբնական, առավել հաճախ՝ շահամոլական հիմքերն են, որոնք ամուսիններին՝ փոխադարձ սիրով և կամավոր պարտավորություններով կապված զույգերից դարձնում են ֆինանս. գործարքների օբյեկտ, բարոյազրկում և չարացնում են մարդկանց՝ նրանց դարձնելով անհանդուրժող ու դաժան, երեխաների կամ լավագույն դեպքում նրանց հոգեաշխարհի հանդեպ անտարբեր:
Չնայած երեխաների հանդեպ կոպիտ և անուշադիր վերաբերմունքը հակասում է ցանկացած հասարակության բարոյական չափանիշներին, նրանցից ոչ մեկը չի կարող լրիվ երաշխավորված լինել այն անձանցից, որոնք ճիշտ չեն հասկանում իրենց ծնողական պարտքը: Երեխաների դաստիարակության սխալները հատկապես հաճախ են այն անձանց մոտ, ովքեր մանկության շրջանում իրենք են եղել ֆիզ. կամ բարոյական բռնության օբյեկտ, ընտանիքում կամ շրջապատում ականատես են եղել երեխաների, ծնողների, կենդանիների հանդեպ ծաղրուծանակի կամ անհոգի վերաբերմունքի, կամ էլ դաստիարակվել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողներն իրենց երեխաներին վերաբերվում են որպես սեփականություն և ցանկացած միջոցներով ձգտում են երեխային պատվաստել այնպիսի բնավորության գծեր ու սովորույթներ, որոնք համապատասխանում են բարոյականության, օրինավորության, երեխայի ապագա մասնագիտության վերաբերյալ իրենց պատկերացումներին՝ առանց հաշվի առնելու երեխայի հակումներն ու բնավորության առանձնահատկությունները: Երբեմն ծնողական պարտականության մասին սխալ պատկերացումները ձեռք են բերում մոլեռանդության գծեր, ծնողը երեխային ստիպում է ցանկացած գնով կատարել իր պահանջները՝ գործադրելով նույնիսկ բռնություն:
Սխալների պատճառների մեջ բավական կարևոր տեղ են գրավում առանձին մարդկանց նյութ. ապահովվածության և մշակութային, հոգեկան զարգացման անհամապատասխանությունը, ինչպես նաև սպառողական և կուտակման հակումներն ընտանիքում:
Հատուկ վտանգ է ներկայացնում ծնողների ալկոհոլամոլությունը, որի հետ է կապված երեխաներին հասցվող ֆիզ. վնասվածքների 40 %-ը: Բացի այդ, ընտանիքում բարոյազուրկ մթնոլորտը և հետաքրքրությունների նեղ շրջանակը հանգեցնում են ծնողների հանդեպ հարգանքի կորստի, երեխայի ինքնամփոփության, չարացածության, բարոյական և մտավոր աղքատացման: Այս բոլորը հետագայում անդրադառնում է մարդու սոցիալ. դիրքորոշման, նրա հայացքների և վարքի ձևավորման վրա, պայմանավորում վատ ազդեցություններին ենթարկվելու հակումը: Այսպիսով, ծնողների ալկոհոլամոլությունը հաճախ նպաստում է դեռահասի վարքի հակահաս. կողմնորոշմանը (սովորելու, աշխատելու ցանկություն չունենալը, սեռ. սանձարձակությունը, օրինախախտումները): Գիտնականներն ուսումնասիրում են ընտանեկան դաստիարակության սխալների դրսևորումները և հատկապես կոպիտ, դաժան վերաբերմունքը երեխաների հանդեպ: Շատ երկրների քրեական և քաղաքաց. օրենսգրքերում կատարված լրացումներն ու ուղղումները նպաստում են ծնողական իրավունքներից ժամանակին զրկմանը, պատասխանատվության են ենթարկվում այն անձինք, ովքեր ականատես են եղել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի և այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Մասնագետներն ընդգծում են երեխաների հետ դաժան, ոչ ճիշտ վարվելու դեպքերի ժամանակին բացահայտման կարևորությունը: Ծեծի հետքեր ունեցող երեխաների ծնողները հաճախ հաստատում են, որ երեխան «ընկել է», «կռվել է», «անկարգություն է արել»:
Երեխան հաստատում է այդ կեղծիքը: Մեծերից ամաչելը, ծնողների կողմից կրկին պատժվելու վախը դժվարացնում են պարզաբանել պատճառը: Բժշկին կամ ոստիկանության աշխատակիցներին օգնում են հարևանների վկայությունները, որոնք լսել են երեխայի լացը, ճչոցները կամ նրան «դաստիարակող» մեծերի ձայները: Այդպիսի ծնողների բացատրությունները սովորաբար հակասական են, խառնաշփոթ:
Ֆիզ. վնասվածքի ժամանակ պոլիկլինիկայի, վնասվածքաբան. կետերի կամ հիվանդանոցների բժիշկները կարող են հաստատել վտանգավոր վերաբերմունքի փաստերը՝ երեխային զննելու և հարցուփորձի միջոցով ուշադրություն դարձնելով ծնողների պատմածի մեջ անճշտություններին, երեխայի արտասովոր վարքին, որը վախեցած է, լացկան, տագնապահույզ կամ հակառակը՝ չափից ավելի քնքուշ: Տեղամասային բժիշկները, ոստիկանության աշխատակիցները պարտավոր են հանդիպել ընտանիքի անդամներին, ծանոթանալ երեխայի կյանքի պայմաններին, լրացուցիչ տեղեկություններ ստանալ հարևաններից: Ուշադրության արժանի է այն փաստը, որ ավելի հաճախ տուժում են կրծքի երեխաները և դպրոցականները, ընդ որում՝ տղաներն ավելի շատ:
Ընտանեկան դաստիարակության սխալների կանխարգելման միջոցառումները պետք է լինեն համալիր: Պատանիների և աղջիկների նախապատրաստումն ապագա ընտանեկան կյանքին, երիտասարդների կողմից մանկավարժության հիմունքների ուսումնասիրումը, երեխաների դաստիարակությունը՝ դպրոց. նստարանից սկսած, կօգնեն հասկանալ, որ ցանկացած շփման ժամանակ, հատկապես երեխաների հետ, անհրաժեշտ է լինել հանգիստ, ծանրակշիռ, դիմել հարգալից ձայներանգով: Վճռական նշանակություն ունի ընտանիքում տիրող բարոյական մթնոլորտը, որտեղ դաստիարակվում է երեխան, և 1-ին հերթին՝ ծնողների փոխհարաբերությունները, բարությունը և տարեցների, հիվանդների հանդեպ գթասրտությունը: Հասուն մարդիկ պետք է իրենց օրինակով և ճիշտ վարքով նպաստեն աճող սերնդի առողջ. ներդաշնակ զարգացմանը: Ֆիզ. պատիժներն անթույլատրելի են և, որպես կանոն, ավելի շատ թերություններ ունեն, քան առավելություններ: Երեխաների հետ վտանգավոր վարվելաձևի կանխման համար կարևոր դերը պատկանում է հասարակությանը, հատկապես մանկ. նախադպրոց. հիմնարկների և դպրոցների աշխատողներին: Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպքը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա և տեղեկացվի իրավապահ մարմիններին: Ծնողական պարտականության ճիշտ կատարումը հուսալի երաշխիք է ապագա քաղաքացու դաստիարակության համար: Տես նաև Կրծքի Երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄ, տես Կրծքի երեխա հոդվածում:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐ, պտղի և երեխայի աճման ու զարգացման շրջաններ, երբ աստիճանաբար ավարտվում է բոլոր օրգանների, համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը, վերափոխումը հասուն օրգանիզմի:
Տարբերում են երեխայի զարգացման 2 հիմն. շրջան՝ ներարգանդային և արտարգանդային: