խմբերի (օրինակ՝ մրցակցություն տարածքի, սննդի, ջրի, վերարտադրության համար ևն) և տարբեր տեսակների առանձնյակների (օրինակ՝ գիշատչություն, մակաբուծականություն ևն) միջև փոխհարաբերությունները բնութագրող գործոնները: Աբիոտիկ գործոններից են ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը, տեղումները, մթն. ճնշումը, քամին, մթնոլորտի իոնացումը ևն:
Էվոլյուցիոն զարգացման ընթացքում յուրաքանչյուր տեսակ իր անհատ., ֆիզիոլոգ. առանձնահատկությունների շնորհիվ հարմարվել է Է-ական որոշակի գործոնների ազդեցությանը: ՀՀ-ում, օրինակ, բորակաթուփը, աղահասկիկը, սոդայասեր օշանն աճում են միայն Արարատյան դաշտի սոդայով հարուստ հողերում: Օրգանիզմը, ենթարկվելով միջավայրի Է-ական գործոնների (լույս, ջերմություն, խոնավություն ևն) ազդեցությանը, ինքն էլ իր հերթին ազդում է դրանց վրա: Կանաչ բույսերը ֆոտոսինթեզի միջոցով փոխում են օդի բաղադրությունը, ոչնչացնում ախտածին մանրէները: Արմատներն արտադրում են թթուներ, որոնք նպաստում են ապարների քայքայմանը, հողմահարմանը, հողառաջացմանը: Բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները, համատեղ երկարատև ապրելով ընդհանուր տարածքում, ստեղծում են գործնականորեն փակ Է-ական համակարգ, որի շղթայի որևէ օղակի խաթարումը կարող է հանգեցնել անսպասելի բնական փոփոխությունների (օրինակ՝ ծածանի ներմուծումը Սևանա լիճ անցանկալի ազդեցություն ունեցավ իշխանի վրա):
Կենդանի օրգանիզմների (ներառյալ մարդը) և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների ուսումնասիրությունները ներառում են ինչպես կենսբ., այնպես էլ ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, երկրաքիմիայի, աշխարհագրության, տնտեսագիտության և այլ գիտությունների մեթոդներն ու տվյալները: Միաժամանակ է. նպաստում է գիտության մյուս ճյուղերի զարգացմանը: Օրինակ՝ մակաբուծաբանության մեջ Է-ական ուղղությունը նպաստել է մարդու հիվանդությունների բնական օջախայնության մասին տեսության զարգացմանը:
Տարբերում են Է-ի 3 բաժին՝ բնագիտական Է. ուսումնասիրում է օրգանիզմների բնակվելու ֆիզքիմ. միջավայրը, ջրային, հողային և օդային միջավայրերի առանձնահատկությունները, պոպուլյացիաները, դինամիկ և ստատիկ բնութագրերը, համակեցությունների զարգացման օրինաչափությունները: Տեխնածնային Է. ուսումնասիրում է Է-ական ճգնաժամերը, որոնք առաջանում են ցամաքային ու ջրային էկոհամակարգերի և պաշարների չհիմնավորված եղանակներով ու չափերով օգտագործման հետևանքով և հանգեցնում են միջավայրի աղտոտմանը, Է-ական և տնտ. վնասների: 19-րդ դ. 70-ական թթ-ից սկսած՝ ձևավորվել է մարդու կամ սոցիալական Է., որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի հետ հասարակության փոխազդեցության օրինաչափությունները: Հետազոտություններ են կատարվում մարդու տնտ. գործունեության պայմաններում կենսոլորտի փոփոխության, մարդու օրգանիզմի վրա միջավայրի աղտոտող գործոնների ազդեցության, բնօգտագործման եղանակների լավարկման ուսումնասիրման ուղղություններով: Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման, այսպես կոչված, «էկոլոգիական ճգնաժամի» պայմաններում խիստ աճում է Է-ի կիրառ. նշանակությունը, տեղի է ունենում բնական գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների «էկոլոգացում»: Է-ական մոտեցումն անհրաժեշտություն է արտադր., գիտատեխ., ժողովրդավար. և այլ հարցեր լուծելիս: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի Է-ական ծրագրեր, որոնք էական ազդեցություն չունենան կենսոլորտի հավասարակշռության վրա:
Ժամանակակից Է-ի շատ խնդիրներ սերտորեն կապված են բժշկության հետ և ունեն խիստ արտահայտված սոցիալհիգիենային բնութ: Շրջակա միջավայրի վրա մարդու ներգործման աճող տեմպերը և դրա հետևանքով վերջինիս փոփոխությունները կարող են և հաճախ հանգեցնում են մարդու և շրջակա միջավայրի միջև Է-ական հավասարակշռության խախտման: Օրինակ՝ տայգայում անտառահատումները հաճախ հանգեցնում են գլխուղեղի բորբոքման (տզային) բնական օջախների ակտիվացմանը, իսկ աֆրիկյան սավաննաների ջրառատությունը՝ շիստոսոմատոզի տարածմանը:
Մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի լավացմանը նպաստող մարդու արտադր. գործունեության սկզբունքային կատարելագործման նպատակով դրված են խոշոր արտադր. կազմակերպությունների լավագույն կառավարման մեթոդների մշակման, խոշոր ձեռնարկություններում կենսապահովման հզոր լավորակման համակարգերի ստեղծման, լանդշաֆտների առողջացման, տարբեր հիվանդություններով մարդու վարակման վտանգի վերացման խնդիրները, որը նշանակում է հիվանդությունների բնական օջախայնության իմացության հետագա զարգացում, հիվանդությունների հարուցիչների և փոխանցողների Է-ի մանրամասն ուսումնասիրություն, բնական օջախում ներգործման նպատակով առավել խոցելի վայրերի հայտնաբերում, բնական օջախների առողջացման միջոցների մշակում: Օրինակ՝ մոծակների՝ մալարիայի փոխանցողների Է. իմանալով՝ հնարավոր դարձավ հեշտությամբ պայքարել այդ հիվանդության դեմ: Օնիխոցերկոզ հիվանդությունը փոխանցող մժղուկների բազմացումը խոչընդոտող հատուկ կառուցվածքի պատնեշների ստեղծումը նպաստեց այդ հիվանդության մի շարք բնական օջախների վերացմանը: Պայքարի կենսբ. մեթոդների (այսինքն՝ հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների նկատմամբ գիշատիչ կամ մակաբույծ տեսակների օգտագործում) մշակումը հնարավոր դարձավ միայն մարդու հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների օրգանիզմների կենսագործունեության առանձնահատկությունների ուսումնասիրությունների շնորհիվ:
ՀՀ-ում 1-ին Է-ական ծրագիրը միավորել է Սևանա լճի հիմնահարցի հետազոտությունները (1979-85), որի 2-րդ փուլն իրականացվել է 1986-90-ին: 1982-ից սկսած՝ բնության պահպանության տարածքային համալիր սխեմաներ են մշակվում առանձին քաղաքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան) և ամբողջ հանրապետության համար: 1988-ին ԵՊՀ կենսբ. ֆակ-ում ստեղծվել է Է-ի և բնության պահպանության ամբիոն, որտեղ ուսումնասիրում են շրջակա միջավայրի աղտոտման (արդ. և կենցաղային թափոնների արտանետում, կեղտաջրեր) ազդեցությունը ոռոգման ջրերի, հողի, գյուղատնտ. բույսերի վրա: ԵՊՃՀ-ում ստեղծվել են քիմ. տեխնոլոգիաների և բնապահպան. ճարտարագիտության (1991) և էներգետիկայի (1997) դեպարտամենտները, որտեղ զբաղվում են բնապահպան. ճարտարագիտության և շրջակա միջավայրի ճարտարագիտ. պաշտպանության (էներգետիկայի ճյուղում) հարցերով: 1992-ին ԵՊՀ քիմ. ֆակ-ում կազմակերպվել է քիմիայի և բնության պահպանության բաժին, 1995-ին Խ. Աբովյանի անվ. հայկ. պետ. մանկավարժ համալսարանում՝ էկոլոգիայի ամբիոն, որը 1997-ից վերանվանվել է էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն: Հանրապետության տարբեր քաղաքներում (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Քաջարան,