Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արարատ ևն) քիմ. և լեռնամետալուրգ. ձեռնարկությունների արտանետումները նվազեցնելու նպատակով սահմանափակվում են որոշ արտադր. կարողություններ, վերապրոֆիլավորվում և մշակվում են անթափոն (փակ շրջանով) արտադրությունների տեխնոլոգ. ձևեր:

Է-ի բնագավառի պետ. ծրագրերի իրականացումը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ համագործակցելով նաև այդօրինակ միջազգային կազմակերպությունների հետ:

Տես նաև Շրջակա միջավայրի պահպանություն:

ԷՆԴԱՐՏԵՐԻՏ ԽՑԱՆՈՂ, ծայրամասային զարկերակների հիվանդություն: Բնորոշվում է արյունատար անոթների ներքին թաղանթի աճակալումով, առաձգականության կորստով, լուսանցքի հետագա մասնակի կամ լրիվ խցանումով և դեպի հյուսվածքներ արյան հոսքի խանգարումով: Սովորաբար ախտահարվում են ոտքերի զարկերակները: Հիմն. պատճառը արյունատար անոթների կայուն նեղացում (կծկանք) առաջացնող գործոններն են. օրինակ՝ տևական սառեցումը, հատկապես ցրտահարումը, քրոնիկ. թունավորումները (օրինակ՝ կապարով), նյարդահոգեկան գերլարումը, որոշ վարակիչ հիվանդություններ (տիֆ, սիֆիլիս) ևն: Ուղղակի կապ կա նաև ծխելու հետ, քանի որ ծխախոտի նիկոտինն առաջացնում է անոթների տևական կծկանք:

Հիվանդանում են հիմնականում տղամարդիկ: Առավել հաճախ ախտահարվում են 1 ոտքի անոթները ապա՝ նաև մյուսինը: Հիվանդության 1-ին ախտանշանը սրունքի (ձկնամկանի) և ոտնաթաթի ցավերն են, որոնք առաջանում են քայլելիս և հիվանդին ստիպում են երբեմն կանգ առնել (ընդմիջվող կաղություն): Ավելի ուշ ցավեր են լինում նաև պառկած վիճակում: Նկատվում են մկանների թմրածության զգացում և դրանց ջղաձգային ցնցումներ: Բարձրանում է զգայնությունը ցրտի հանդեպ, ոտքերը շուտ են մրսում: Հիվանդ ոտքի մաշկը դառնում է սառը, գունատ, երբեմն՝ կապտավուն, ապա՝ կարմրակապտավուն: Ոտնաթաթերի զարկերակների անոթազարկը դանդաղում է, իսկ հետո անհետանում: Հիվանդությունն ընթանում է դանդաղ՝ ժամանակավոր բարելավումներով: Խորանալու դեպքում կարող է առաջանալ մատների, հազվադեպ՝ ամբողջ ոտնաթաթի փտախտ:

Բուժում է բժիշկը: Անհրաժեշտ է անոթալայնիչ դեղանյութերի միջոցով լավացնել ոտքերի արյունամատակարարումը: Ֆիզիոթերապևտիկ. և առողջարանաառողջավայրային բուժում: Փտախտի և հիվանդության որոշ ձևերի դեպքում՝ վիրահատ. միջամտություն: Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի (բուժումը որքան շուտ է սկսվում, այնքան արդյունավետ է):

Կանխարգելման նպատակով պետք է վերացնել արյունատար անոթների կծկանք առաջացնող գործոնները, հրաժարվել վնասակար սովորություններից, 1-ին հերթին՝ ծխելուց: Հիվանդության սկզբն. ախտանշաններն ի հայտ գալիս պետք է խուսափել ոտքերի սառեցումից, չհագնել նեղ կամ խոնավ կոշիկ: Պահպանել ոտքերի հիգիենան, երեկոյան ոտքերը լվանալ գոլ ջրով և օճառով, իսկ ոտնաթաթերի քրտնոտության դեպքում՝ բժշկի խորհրդով օգտագործել հատուկ դեղանյութեր:

Հիվանդությունն սկսվելիս անմիջապես դադարեցնել ծխելը, հագնել (նաև ամռանը) տաք գուլպաներ, խուսափել մաշկի փոքր վնասումներից, զգուշորեն կտրել եղունգները, կոշտուկները, քանի որ ախտահարված վերջույթի վնասվածքները դժվար են լավանում և կարող են բարդանալ թարախային գործընթացներով:

ԷՆԴՈՄԵՏՐԻՏ, տես Արգանդի մկանալորձենաբորբ:

ԷՆԴՈՍԿՈՊԻԱ, տես Ընդերադիտում:

ԷՆՏԵՐԻՏ, տես Ստամոքսաղիքաբորբ հոդվածում:

ԷՆՏԵՐՈԲԻՈԶ, ճիճվային հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են երեխաները: Առաջացնում է սրատուտը, որը կլոր որդ է, մարմնի երկար. մոտ 1 սմ: Մակաբուծում է մարդու բարակ աղիքների ստորին հատվածում: Էգերը պարբերաբար դուրս են գալիս (ավելի հաճախ երեկոյան և գիշերային ժամերին) հետանցքից և ձվադրում շրջակա մաշկածալքերում, որն ուղեկցվում է ուժեղ քորով: Ձվերը հասունանում են 4-6 ժ ընթացքում, գրանցում ձևավորվում են թրթուրներ, որից հետո ձվերը դառնում են վարակիչ: Մաշկը, որի վրա սրատուտի ձվեր կան, քորելիս հիվանդն աղտոտում է ձեռքերը, բացի այդ, դրանք ընկնում են նաև անկողնու սպիտակեղենի, ներքնաշորի վրա: Անկողինը հարդարելիս կարող են հայտնվել օդում, ապա ընկնել շրջակա առարկաների, խաղալիքների, սննդամթերքի, բերանի և քթի լորձաթաղանթների վրա: Այսպես, կեղտոտ ձեռքերի, տնային գործածության առարկաների, վարակված սննդի և փոշու միջոցով սրատուտի ձվերն ընկնում են մարդու աղիքների մեջ, որտեղ մակաբույծի կյանքի տևողությունը 3-4 շաբաթ է: Այդպես տեղի է ունենում մշտ. ինքնավարակում:

Սրատուտը կպչում է բարակ աղիքների լորձաթաղանթին, երբեմն գլխային մասով մտնում աղիքի մեջ, որի հետևանքով աղիքի պատի վրա առաջանում են կետավոր արյունազեղումներ և մակերեսային խոցեր: Բացի այդ, սրատուտի կենսագործունեության արգասիքները և օրգանիզմի պաշտպան. ուժերի թուլացման հետևանքով առաջացած բակտերիային վարակը կարող են հանգեցնել բարակ աղիքների լորձաթաղանթի բորբոքման, ալերգ. երևույթների առաջացման (մաշկի քորի ձևով) (տես Ալերգիա): Է-ի առավել հաճախ հանդիպող ախտանշաններից է հետանցքի շրջանի քորը: Քորվածքները, թարախային վարակի միացումը, սրատուտի ձվերի գրգռող ազդեցությունը հետանցքի շրջանում առաջացնում են թաց էկզեմա հիշեցնող մաշկի ախտահարում, որն ուղեկցվում է համառ քորով, կարմրությամբ և այտուցով: Տանջալից քորը խանգարում է քունը, և եթե հիվանդը ժամանակին չի բուժվում, առաջանում են անքնություն, գլխացավ, գլխապտույտ, գերհոգնածություն, ախորժակի վատացում: Երեխաներն ատամները կրճտացնում են, նկատվում են ցրվածություն, գիշերային անմիզապահություն: Աղջիկների հետանցքի քորը և սրատուտների սողալը դեպի սեռ. օրգաններ կարող են հանգեցնել ձեռնաշարժության:

Բուժում է բժիշկը: Վաղ դիմելու դեպքում բուժումը սահմանափակվում է մակաբույծների հեռացմամբ, և հիվանդը լրիվ առողջանում է: Բարձիթողի դեպքերում նյարդային համակարգի խանգարումները պահանջում են հատուկ, երբեմն՝ երկարատև բուժում: Շատ կարևոր է կանխել կրկնակի ինքնավարակումը, որի համար բուժման ընթացքում պետք է հագնել կիպ վարտիք, առավոտյան շեքի շրջանը լվանալ օճառով և գոլ ջրով: Անկողնու սպիտակեղենը, ներքնաշորերն ամեն օր արդուկել տաք արդուկով, կտրել ձեռքի եղունգները: Արթնանալուց և զուգարանից հետո, ուտելուց առաջ լվացվել օճառով, ունենալ առանձին ցամքոց, որը յուրաքանչյուր օգտագործումից հետո եռացնել: Կատարել սենյակների խոնավ մաքրում: Խաղալիքները լվանալ օճառով և վրան եռջուր լցնել: Ինքնաբուժմամբ չզբաղվել: Բուժման ընթացքում առանձնացնել ընտանիքի անդամների անձն. հիգիենայի առարկաները: