Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժ. Կյուվիեն, օգտագործելով համեմատ. մեթոդը, հավաքել է էվոլյուցիայի գոյությունը հաստատող հսկայական փաստացի նյութ և գաղափար տվել շրջակա միջավայրի պայմաններին օրգանիզմների հարմարվողականության և օրգանիզմում առանձին մասերի ու օրգանների փոխկապվածության մասին: Գտնվելով աստվածային արարման տեսության ազդեցության տակ՝ նա կենդանիների ձևերի փոփոխությունները փորձել է բացատրել աղետների տեսությամբ:

19-րդ դ. նշանավորվեց բնագիտության տարբեր բնագավառներում խոշորագույն հայտնագործություններով, որոնք հարստացրին Է.ու.: Դրանցից կարելի է առանձնացնել անգլ. բնագետ Չ. Լայելի աշխատանքները, որտեղ, Ժ. Կյուվիեի տեսությանը հակառակ, նա զարգացրեց բնական երկրաբան. գործոնների ազդեցության հետևանքով Երկրի մակերևույթի դանդաղ ու անընդհատ փոփոխությունների մասին տեսությունը, գերմ. գիտնական Թ. Շվանի բջջային տեսությունը՝ կենդ. և բուս. օրգանիզմների միասնականության մասին, ինչպես նաև տարբեր երկրների գիտնականների հետազոտությունները՝ սաղմնաբանության, հնէաբանության, կենսաշխարհագրության, ընտրասերումնաբանության, համեմատ. անատոմիայի բնագավառներում:

Անգլ. գիտնական Չ. Դարվինն իր «Տեսակների ծագումը» (1859) գրքում ի մի բերեց մինչ այդ կատարված տես. և գործն. փաստերը: Գիտականորեն հիմնավորված այդ ուսմունքը, ի պատիվ իր ստեղծողի, կոչվեց դարվինիզմ: Նա բացահայտեց, որ էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Չ. Դարվինը նշել է փոփոխականության 2 տիպ՝ որոշակի և անորոշ: 1-ինն օրգանիզմի հարմարվող. հակազդեցությունն է արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ: Որոշակի փոփոխականությունները, որպես կանոն, անհետանում են, չեն ամրանում (կրում են խիստ հարմարվող. բնույթ): Անորոշ փոփոխականությունները նույնպես առաջանում են առանձին առանձնյակների մոտ շրջակա միջավայրի ազդեցության տակ, բայց դրանք կրում են պատահական բնույթ և, անկախ միջավայրի պայմաններից, փոխանցվում են սերնդեսերունդ: Եթե առաջացած անորոշ փոփոխություններն օգտակար են տվյալ տեսակի համար, ապա բնական ընտրության ընթացքում դրանք ամրանում են՝ սկիզբ տալով նոր տեսակի: Այսպիսով՝ չհարմարված օրգանիզմների (այսինքն՝ տվյալ տեսակի համար վնասակար կամ ոչ օգտակար հատկանիշներով օրգանիզմների) ոչնչացման միջոցով ընտրությունը ստեղծում է հարմարվողականություն: Գոյության պայքարում ապրում և սերունդ են տալիս միայն շրջակա միջավայրին ավելի հարմարված օրգանիզմները, որոնց հարմարվողականության աստիճանը սերնդեսերունդ աճում է: Բնական ընտրության անընդհատ ազդեցության շնորհիվ կենդանիները կամ բույսերը, գտնվելով տարբեր վայրերում, հարմարվում են տեղի պայմաններին, դրանց համապատասխան փոփոխվելով՝ հեռանում են իրենց հատկանիշներով՝ տարամիտվում են (դիվերգենցիա): Այդ գործընթացը հանգեցնում է նոր ձևերի առաջացման. 1 ելակետային ձևից առաջանում են նոր ձևեր (տեսակներ կամ տարատեսակներ): Ընդ որում՝ հատկանիշների տարամիտումը ոչ միայն ավելացնում է կենդանիների ձևերի բազմազանությունը, այլև ստեղծում է բնական պայմանների լավագույն օգտագործման հնարավորություն, քանի որ նոր օրգանիզմները (նոր հատկանիշներով) ընդունակ են գոյատևելու ելակետայինից տարբեր պայմաններում՝ առանց դրանց հետ մրցակցության (օրինակ՝ սննդի համար):

Կենսաբանության հետագա զարգացումը հաստատեց Չ. Դարվինի տեսության հիմն. դրույթների ճշմարտացիությունը, դարվինիզմը դարձավ «Է.ու.»-ի հոմանիշը:

Չ. Դարվինի տեսությունը Ֆ. Էնգելսը համարել է 19-րդ դ. մեծագույն նվաճումներից մեկը: Է.ու. դարվինիզմի ձևով հիմնավորեց բնության մեջ պատմ. մեթոդի օգտագործման հնարավորությունը, լուրջ հարված հասցրեց տեսակների հավերժ և անփոփոխ լինելու կրոն. պատկերացումներին, օրգ. աշխարհի զարգացման իդեալիստ. և մետաֆիզ. հայացքներին:

Հետդարվինյան շրջանում Է.ու-ի զարգացմանը նպաստել են ռուս գիտնական Վ. Կովալևսկու պատմ. մեթոդի վրա հիմնված հնէաբան., Ա. Կովալևսկու և Ի. Մեչնիկովի էվոլյուցիոն սաղմնաբանության բնագավառների, ինչպես նաև էվոլյուցիոն ձևաբանության հիմնադիր Ա. Սևերցովի աշխատանքները: Վերջինս բացահայտեց կենդանիների օրգանների զարգացման ուղիներն ու մեխանիզմները և ապացուցեց օրգանների էվոլյուցիայի 2 հիմն. ուղղությունների գոյությունը: Մի դեպքում տեղի են ունենում օրգանի առաջընթաց փոփոխություններ, բարելավվում է օրգանիզմի կենսագործունեությունը, ստեղծվում է նոր միջավայր մտնելու հնարավորություն (օրինակ՝ ցամաքային ողնաշարավորների առաջացումը հնարավոր դարձավ հնագույն վրձնալողակ ձկների լողակների կառուցվածքի փոփոխության և ցամաքային տիպի վերջավորությունների ձևավորման միջոցով): Մյուս ուղղությունը կապված է գոյության ավելի մասնագիտացված և կոնկրետ պայմաններին հարմարվելու հետ (օրինակ՝ խլուրդի կառուցվածքը հարմարված է միայն գետնի տակ ապրելուն):

Ժամանակակից Է.ու. հիմնված է ժառանգականության նյութ. բնույթը բացահայտող գենետիկայի նվաճումների վրա: Այդ տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՛չ առանձին անհատն է, ո՛չ էլ տեսակը, այլ պոպուլյացիան՝ որոշակի տարածքում երկարատև ապրող, միևնույն տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլյացիայի ժառանգ. փոփոխականության հիմքում ընկած է մուտացիոն փոփոխականությունը: Մուտացիաները կարող են առաջանալ ցանկացած բջջում, զարգացման ցանկացած փուլում, ինչպես գոյության սովոր. պայմաններում (ինքնաբեր մուտացիա), այնպես էլ ֆիզ. կամ քիմ. որևէ գործոնի ազդեցության հետևանքով (մակածված մուտացիա): Հետևաբար, ժամանակակից տեսանկյունից էվոլյուցիայի շարժիչ ուժերն են մուտագենեզը (մուտացիայի առաջացումը) և բնական ընտրությունը: Վերջինս հնարավորություն է տալիս ապրել այն օրգանիզմներին, որոնց մուտացիոն փոփոխությունները շրջակա միջավայրի որոշակի պայմաններում ապահովում են առավել հարմարվողականություն:


Բժշկության բնագավառում կարևոր նշանակություն ունեն մի քանի բնական պոպուլյացիաների փոփոխությունների ուսումնասիրությունները՝ կապված մարդու գործունեության հետևանքների հետ (տես Շրջակա միջավայրի պահպանություն): Այսպես՝ վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների պոպուլյացիաների գենետիկ. հետազոտությունները ցույց են տվել հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունից այդ ձևերի արագ փոփոխությունների մուտացիոն բնույթն ու այդ նյութերի հանդեպ կայուն մանրէահիմքերի (շտամներ) առաջացումը: Վնասակար միջատների դեմ զանգվածային պայքարում միջատասպանների կիրառումը հանգեցրեց թույների նկատմամբ կայուն նոր տեսակների առաջացման, իսկ բարձր ճառագայթման հետևանքով պոպուլյացիաները ձեռք բերեցին ճառագայթակայունություն:

Ժամանակակից է.ու-ում գլխ. տեղ է զբաղեցնում մարդու պոպուլյացիայի գենետիկ