Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանոնավոր մաքրել վանդակը և 10 օրը մեկ այն լվանալ եռջրով կամ վարակազերծել քլորակրով, քլորամինով, այնուհետև չորացնել: Հնարավոր հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վանդակը մաքրելիս քիթը և բերանը փակել թանզիֆով, իսկ վերջացնելուց հետո ձեռքերը լվանալ օճառով: Հիվանդ թռչուններին պետք է մեկուսացնել և դիմել անասնաբույժի:

Կենդանիների մազի կամ թռչունների փետուրի նկատմամբ գերզգայուն որոշ մարդիկ դրանց հետ անմիջական շփումից կարող են հիվանդանալ ալերգ. հիվանդություններով (տես Ալերգիա) կամ կարող են սրանալ քրոնիկ. հիվանդությունները (օրինակ՝ բրոնխային հեղձուկի նոպան), ուստի նման հիվանդներին խորհուրդ չի տրվում տանը Ը.կ. պահել:

Խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, ձիերը, խոզերը հիվանդանում են մարդու համար շատ վտանգավոր հիվանդություններով՝ բրուցելոզ, սիբիրյան խոց, լեպտոսպիրոզ, էրիզիպելոիդ, Քյու տենդ, դաբաղ, խլնախտ, տրիխոֆիտիա, միկրոսպորիա, գոնջ, քոս ևն: Դրանցից խուսափելու համար առողջ կենդանիներին հիվանդներից մեկուսացնում են, տալիս լավորակ կեր, վարակազերծած ջուր, կատարում կանխարգելիչ պատվաստումներ: Չվարակվելու համար պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատուկ հագուստ հագնել և պարբերաբար ստուգել Ը.կ-ի վարակիչ և այլ հիվանդություններով վարակվածությունը:

Թ

ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏ, աբսցես, առաջանում է թարախածին մանրէներն (ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ ևն) օրգանիզմ ընկնելիս: Դրանք ներթափանցում են վնասված մաշկի, լորձաթաղանթների միջոցով և ներդրման տեղում առաջացնում Թ. կամ օրգանիզմում առկա թարախային օջախից՝ արյան և ավշային անոթներով տարածվում են հարևան հյուսվածքներ, հեռավոր օրգաններ (գլխուղեղ, սարդ, թոքեր ևն), որտեղ նույնպես կարող է գոյանալ Թ:

Մանրէները հյուսվածքներում առաջացնում են թարախային բորբոքում՝ հետագա քայքայումով և խոռոչների առաջացմամբ: Օրգանիզմի պաշտպան. հակազդեցության շնորհիվ թարախային խոռոչի շուրջ գոյանում է թաղանթ, որը Թ. բաժանում է առողջ հյուսվածքներից: Սուր Թ-ի դեպքում խոռոչում թարախի քանակությունն արագ ավելանում է, այն կարող է պատռել շրջապատող թաղանթը և. արտահոսել մաշկի մակերևույթի վրա կամ թափվել որևէ օրգանի (աղիքներ, ստամոքս) խոռոչ, որը նպաստում է առողջացմանը: Բայց հնարավոր է նաև այլ ելք, երբ թարախը թափանցում է շրջակա հյուսվածքների մեջ, առաջացնում ֆլեգմոն և նույնիսկ արյան վարակում (սեպսիս): Թարախը փակ խոռոչ (օրինակ՝ կրծքային և որովայնային) թափանցելիս կարող է առաջացնել ծանր, կյանքին վտանգ սպառնացող բարդություններ, որովայնամզի բորբոքում և կրծքամզի բորբոքում: Ուստի Թ-ի դեպքում, անկախ տեղադրությունից (մաշկի վրա կամ որևէ օրգանում), պահանջվում է վիրաբուժ. միջամտություն՝ Թ-ի հատում և խոռոչի դատարկում:

Թ-ի կանխարգելման համար հարկավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Մաշկը և լորձաթաղանթները վնասվելիս (կտրած վերքերը, ներարկումների տեղերը, քերծվածքները ևն) վնասված հատվածը մանրակրկիտ մշակում են վարակազերծող լուծույթներով (յոդի, ադամանդականաչի): Ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ հարկավոր է անպայման կատարել բժշկի խորհուրդները: Եթե ներարկումների, քերծվածքների, փշի ծակած տեղերում մաշկն ուռչում է, կարմրում, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Ոչ մի դեպքում չի կարելի կիրառել ջերմային կամ սառը բուժարարողություններ (ջեռակ, սառույց, կոմպրես), շփել, մերսել ուռածությունը, դրանք կարող են հանգեցնել լուրջ բարդությունների:

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ, կատարվում է օդի, ջրի և հողի աղտոտումը կանխելու նպատակով; Ոչնչացվում են ախտածին միկրոօրգանիզմները, որդերի ձվիկները, իսկ ոչ շատ կայուն օրգ. նյութերը փոխարկվում են կայուն միացությունների, որոնք արժեքավոր պարարտանյութ են: Թ.վ. իրականացվում է տարբեր մեթոդներով: Պինդ թափոնները հաճախ վնասազերծվում են կենսաջերմային եղանակով, որի հիմքում ընկած է թափոններում գտնվող միկրոօրգանիզմների հաշվին տեղի ունեցող ինքնատաքացման գործընթացը:

Պինդ թափոնների վնասազերծման կենսաջերմային մեթոդներից են կոմպոստացումը, զետեղումը ջերմոցներում և ջերմատներում, վարակազերծումը կատարելագործված աղբանոցներում:

Ջերմոցներում և ջերմատներում Թ.վ-ման համար ձմռանը թափոնները հավաքում են և պահում հատուկ առանձնացված տեղերում, իսկ զետեղումը կատարվում է գարնանը: Նշված մեթոդը կարելի է կիրառել քաղաքային Թ.վ-ման համար, ինչպես նաև գյուղ. վայրերի անհատ. տնտեսություններում: Ջերմոցներում (թափոնների շերտի ներսում) տեղի են ունենում կենսաքիմ. գործընթացներ, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ և ջերմության անջատմամբ, որն օգտագործվում է բանջարեղենի աճեցման համար, իսկ առաջացած բուսահողը՝ որպես պարարտանյութ:

Կատարելագործված աղբանոցներն ստեղծվում են հատուկ առանձնացված տեղամասերում՝ թափոնները պարտադիր ծածկելով 25-50 սմ հաստության հողի շերտով կամ այլ չփտող նյութով: Բեռնումը և այլ աշխատանքներ խոշոր աղբանոցներում մեքենայացված են, իսկ վնասազերծման գործընթացը տևական է, և վերամշակված թափոնները որպես պարարտանյութ չեն օգտագործվում:

Պինդ թափոնների լրիվ և արագ վնասազերծումը կատարվում է այրման միջոցով, հիմնականում անհատ. տնտեսություններում, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներում, անասնաբուժարաններում և այլուր:

Խորհուրդ չի տրվում թափոնները թողնել հողի մակերևույթին կամ ոչ խորը թաղել, քանի որ հողի մակերեսային շերտերը, զգալիորեն աղտոտվելով օրգ. ծագման թափոններով, կարող են վտանգավոր լինել բնակչության համար: Օրինակ՝ չկոյուղացված բնակավայրերի բակերում աղտոտությունների և թափոնների համար բարեկարգված ընդունիչների և մաքրման համապատասխան համակարգի բացակայության դեպքում հողն աղտոտվում է որդերի ձվիկներով և թրթուրներով:

Հեղուկ Թ.վ-ման համար ստեղծվում են աղբահանման վայրեր, որոնց տարածքը հանքայնացման և վնասազերծման գործնթացների ավարտից հետո համապատասխան ժամկետներում կարող է օգտագործվել գյուղատնտ. նպատակներով (բանջարանոցային այնպիսի բույսերի