Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է և դառնում նեղուցանման: Դա պետք է նկատի ունենալ Ա-ի օտար մարմինները հեռացնելիս: Արտաքին լսող. անցուղին պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպան. նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս ևն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսող. անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան: Արտաքին լսող. անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս Ա. ցավում է: Արտաքին լսող. անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է:

Արտաքին լսող. անցուղու վերջում գտնվում է միջին Ա., որի արտաքին պատը թմբկաթաղանթն է (նուրբ, բայց բավականին ամուր): Միջին Ա-ի հիմն. մասը թմբկախոռոչն է, որի մեջ տեղակայված են լսող. 3 ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը: Թմբկախոռոչը քթաըմպանի հետ հաղորդակցվում է լսող. (եվստախյան) փողով, որը բացվում է կուլ տալիս և օդը բաց է թողնում քթաըմպանից դեպի միջին Ա.: Խոռոչի պատերը շատ մոտ են տեղակայված կյանքի համար խիստ կարևոր գոյացություններին՝ գլխուղեղին, խոշոր անոթներին և դիմային նյարդին: Ներքին Ա. գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և կոչվում է նաև լաբիրինթոս (նկ. 2): Ներքին Ա. բաղկացած է անդաստակից, խխունջից (լսող. օրգան) և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան): Խխունջում տեղակայված են ձայնազգաց բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսող. անցուղին, թմբկաթաղանթը և լսող. ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները: Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսող. նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն: Մարդու Ա. ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները (տես Լսողություն): Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն Ա-ին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը:

Հավասարակշռության օրգանը (անդաստակային ապարատ) բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից: Խողովակներում և պարկիկներում կան նյարդային բջիջներ, որոնք գրգռվում են տարածության մեջ տեղաշարժվելիս, ինչպես նաև գլխի կտրուկ շարժումների ժամանակ: Անդաստակային ապարատի վիճակը բնականոն պայմաններում տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Որոշ մարդկանց մոտ այն հեշտությամբ է գրգռվում, և նման դեպքում մարդը վատ է տանում ավտոմեքենայով երկարատև ճանապարհորդությունը կամ նավարկությունը: Այլ դեպքերում, ինչպես նաև հատուկ մարզումների ժամանակ, անդաստակային ապարատը թույլ է ընկալում նույնիսկ այնպիսի ուժեղ գրգիռներ, որոնց ազդեցությանը ենթարկվում է օդաչուն ինքնաթիռում կամ տիեզերանավում: Անդաստակային ապարատը կապված է աչքի շարժումներ, սրտի կծկումներ, քրտնարտադրություն և այլ ֆունկցիաներ կատարող նյարդերի հետ, ուստի ուժեղ գրգռման, օրինակ՝ ներքին Ա-ի բորբոքման, այսպես կոչված, լաբիրինթաբորբի ժամանակ կարող են առաջանալ անոթազարկի փոփոխություն, քրտնոտություն, սրտխառնոց, փսխում, աչքերի յուրօրինակ շարժում (տես Ակնաշարժ):

Ա-ի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև Ա-ի ախտահարված մասը: Լսողությունն ստուգում են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ՝ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամերտոնով (գործիք, որն արձակում է վրկ-ում որոշակի թվով տատանումներ): Լսողությունն ավելի ստույգ որոշվում է հատուկ ապարատների՝ լսաչափերի (աուդիոմետր) միջոցով: Վերջին տարիներին ավելի լայնորեն կիրառվում է լսողության հետազոտության նոր մեթոդ՝ պատկերընկալ լսաչափություն (համակարգչի օգնությամբ): Մեթոդը հիմնված է Ա-ում ի պատասխան ձայնի առաջացող լսող. նյարդի կենսահոսանքների գրանցման վրա: Պատկերընկալ լսաչափության մեթոդով լսողության հետազոտումը հատկապես կարևոր նշանակություն ունի վաղ մանկ. տարիքում:

Ա-ի բորբոքային հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է ականջաբորբը: Կախված նրանից, թե Ա-ի որ բաժինն է ախտահարված, տարբերում են՝ արտաքին, միջին և ներքին ականջաբորբեր: Եթե բուժումը ժամանակին է կատարվում, ապա մեծ մասամբ Ա-ի բորբոքումը բուժվում է, իսկ բժշկի նշանակումներին չհետևելուց կամ ինքնաբուժումից հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկ., երբեմն էլ՝ առաջանալ բարդություններ՝ ուղեղապատյանաբորբ (մենինգիտ), արյան վարակում (սեպսիս), գլխուղեղի հյուսվածքների թարախակույտերի առաջացում ևն: