Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Միջին ականջի քրոնիկ. բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտ. ճեղք է մնում, քայքայվում են լսող. ոսկրիկները, լսողությունը թուլանում է, իսկ թարախահոսությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում: Քրոնիկ. Ա. հատկապես վտանգավոր է, երբ ականջում առաջանում է, այսպես կոչված, ոսկրափուտ (խոլեստեատոմա), ոսկրն աստիճանաբար քայքայվում է, և թարախային գործընթացն անցնում ներքին ականջ՝ առաջացնելով ներքին Ա.՝ լաբիրինթաբորբ: Հիվանդի մոտ առաջանում են գլխապտույտ, սրտխառնոց կամ նույնիսկ փսխում, հավասարակշռության խախտում, անվստահ քայլվածք ևն: Նման ախտանշաններ նկատելիս քրոնիկ. Ա-ով հիվանդը պետք է անհապաղ դիմի բժշկի: Եթե ժամանակին չի բուժվում, ապա կարող են առաջանալ ավելի վտանգավոր ներգանգային բարդություններ՝ ուղեղապատյանաբորբ, արյան վարակում և նույնիսկ գլխուղեղի հյուսվածքների թարախակույտ: Հաճախ հիվանդները, տասնյակ տարիներ տառապելով քրոնիկ. Ա-ով, դրա հետ բոլորովին չկապելով այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ջերմությունը, ուժեղ գլխացավը, խոսքի խանգարումը, չեն դիմում բժշկի, այնինչ դրանց պատճառը ականջի թարախային օջախն է:

Միջին ականջի քրոնիկ. բորբոքումը պետք է կանոնավոր բուժել և անպայման քիթկոկորդականջաբանի հսկողությամբ: Քանի որ այդ հիվանդությունից թմբկաթաղանթի վրա մշտապես անցք է մնում և Ա. հաճախ սրանում է ականջը ջուր լցվելիս, ուստի լողանալիս և գլուխը լվանալիս անհրաժեշտ է ականջների արտաքին լսող. անցուղիները փակել վազելինով կամ հեղուկ յուղով տոգորված բամբակով: Վերջին տարիներին, քրոնիկ Ա-ի դեպքում, երբ զգացվում է լսողության թուլացում, կատարում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ թմբկաթաղանթի պատվաստում:

ԱԿԱՆՋԻ ԾԾՄԲԱԽՑԱՆ, ծծմբի կուտակումը ականջի արտաքին լսող. անցուղում, որն այդտեղ գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք է: Ա.ծ. անմաքրության արդյունք չէ. դրա առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսող. անցուղու նեղությունը և ոլորունությունը, պատերի գրգռվածությունը, լսող. անցուղի ցեմենտի, ալյուրի փոշիներ ընկնելը ևն: Ա.ծ. սկզբում փափուկ է, այնուհետև պնդանում է, համարյա քարանում: Գույնը բաց դեղինից մուգ դարչնագույն է: Երբ Ա.ծ. ամբողջությամբ չի փակում լսող. անցուղին, ապա որևէ խանգարում չի առաջանում: Իսկ եթե լսող. անցուղին ամբողջությամբ խցանվում է, ապա զգացվում է ականջի փակվածություն և լսողության թուլացում՝ ծանրալուրություն (տես Խլություն), սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում (աուտոֆոնիա): Այդ խանգարումներն առաջանում են հանկարծակի, հիմնականում լողանալիս, գլուխը լվանալիս լսող. անցուղու մեջ ջուր լցվելիս (Ա.ծ. այդ ժամանակ ուռչում է) կամ ականջը քչփորելիս (լուցկու հատիկով, հերակալով ևն): Ա.ծ., երբ ճնշում է լսող. անցուղու պատերին և թմբկաթաղանթին, կարող է առաջացնել նաև այլ խանգարումներ, ինչպես, օրինակ, հազ, աղմուկ ականջներում և նույնիսկ գլխապտույտ:

Նշված խանգարումները նկատելիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է այն փափկացնող միջոցներ: Դրանցից խցանը կարող է ընդարձակվել և ծանրալուրությունն ուժեղացնել, որը, սակայն, չպետք է անհանգստացնի հիվանդին: Ոչ մի դեպքում, հատկապես սուր առարկաներով (հերակալ, լուցկու հատիկ ևն), չի կարելի ինքնուրույն հեռացնել Ա.ծ., քանի որ դրանք կարող են վնասել թմբկաթաղանթը և արտաքին լսող. անցուղու պատերը:

ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն աչքի հիվանդությունների մասին, ընդգրկում է ակնագնդի, նրա հավելյալ և պաշտպանիչ մասերի բուժումն ու վիրահատությունները, ինչպես նաև ֆիզիոլոգ. օպտիկան:

Աչքի հիվանդությունների նկարագրությանն ու բուժմանը մեծ տեղ են հատկացրել միջնադարի հայ բժիշկները: Աչքի հիվանդությունների մասին Մխիթար Հերացու մեզ չհասած երկից «Վասն շինուածոյ և յորինուածոյ աչացն» արժեքավոր պատառիկը 17-րդ դ. Ասար Սեբաստացին ընդգրկել է 12-րդ դ. ասորի բժիշկ Աբու Սաիդի «Յաղագս կազմութեան մարդոյ» աշխատության իր խմբագրած տարբերակում: Հերացուն հայտնի են եղել եղջերաթաղանթի բորբոքման, տրախոմայի, գլաուկոմայի կլինիկ. նկարագրություններն ու բուժման եղանակները: Աչքի մասին Հերացու ուսմունքը հետագայում զարգացրել է Ամիրդովլաթ Ամասիացին: Նրա «Օգուտ բժշկութեան» աշխատությունում մանրամասն (20 գլուխ) նկարագրված են աչքի արտաքին մասերի հիվանդությունները (կոպերի այտուցը և էկզեման, շաղկապենու բորբոքային հիվանդությունները, եղջերաթաղանթի խոցերն ու հատը, վնասվածքային հիվանդությունները, տեսողության խանգարումները ևն), դրանց բուժման (այդ թվում՝ վիրահատ.) եղանակները: 17-րդ դ. Բունիաթ Սեբաստացին «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունում առանձին գլուխ է հատկացրել աչքի հիվանդություններին: 20-րդ դ. սկզբին Հայաստանում մեծ համբավ է վայելել ակնաբույժ Ն. Նավասարդյանը (նախաձեռնել է Հայաստանում տրախոմայի դեմ պայքարը):

ՀՀ-ում Ա-յան զարգացումը կապված է 1925-ին Երևանի համալսարանի բժշկ. ֆակ-ում Հ. Կանայանի նախաձեռնությամբ Ա-յան ամբիոնի ստեղծման հետ: Կանայանն 1-ինն է հայ. թարգմանել Ա. Ա. Կրյուկովի և Վ.Պ. Օդինցովի «Աչքի հիվանդությունների դասագիրքը» (հրտ. 1937):

Ամբիոնում սկզբն. շրջանում ուսումնասիրվել են տրախոմայի բուժման և Հայաստանում դրա վերացման հարցերը (Բ. Մելիք-Մուսյան):

Բ. Մելիք-Մուսյանը և Հ. Գեմիրչօղլյանը ՀՀ-ում 1-ինն են ներդրել (1954) էլեկտրացանցենագրության մեթոդը: Զբաղվել են գարնանային կատառի և տրախոմայի տարածվածության, դրանց դեմ պայքարի ու բուժման հարցերով (Ե. Մեսրոպյան):

Ուսումնասիրվել են Հայաստանում աչքի տոքսոպլազմոզի և սնկիկային հիվանդության տարածվածությունը, ախտորոշումն ու բուժումը, ինչպես նաև աչքի առաջային հատվածի պլաստիկ վիրահատության մեթոդները՝ պահածոյած սաղմնային հյուսվածքի և սոսնձի կիրառմամբ (Ս. Մուրադյան, Ռ. Նախիկյան, Լ. Գալստյան): 1994-ին հրատարակվել է աչքի հիվանդությունների հայերեն 1-ին դասագիրքը (Տ. Օսիպյան, Ս. Մուրադյան, Մ. Գզգզյան, Ա. Մալայան): Աշխատանքներ են կատարվել աչքի վնասվածքների, դրանց կանխարգելման և բուժման հարցերի վերաբերյալ: Ա. Մալայանի «Աղետների ժամանակ տեսողական օրգանի ախտահարումը» աշխատությունում վերլուծվել են 1988-ի դեկտ. երկրաշարժի հետ կապված տեսող. օրգանի փոփոխությունները: Նրա նախաձեռնությամբ Ս. Մալայանի անվ. ակնաբան. հանրապետ. կլինիկ. կենտրոնի հիմքի վրա կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժ. վնասվածքաբանության 1-ին կենտրոնը, որտեղ Ա. Մալայանն 1-ին անգամ ՀՀ-ում կատարել է եղջերաթաղանթի և արհեստ. ոսպնյակի պատվաստում:

Երևանի Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) 1963-ին բացվել է աչքի