Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անհրաժեշտ է դիմել բժշկի և ժամանավորապես դադարեցնել մարզումները: Անպայման պետք է նշել նաև ձեռքբերած արդյունքները: Եթե պարապմունքները ճիշտ են կազմակերպված, արդյունքները բարձր են, և ընդհակառակը: ֆիզկուլտուրայով և սպորտով պարապլիս անհրաժեշտ է պահպանել հիգիենային ռեժիմ. արթնանալ և քնել նույն ժամերին, կանոնավոր սնվել, չծխել և ալկոհոլային խմիչքներ չօգտագործել, պահպանել աշխատանքի և հանգստի, անձնական հիգիենայի կանոնները: Ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը միայն այդպիսի պայմաններում կարող է լավ արդյունքներ տալ և ամրապնդել առողջությունը:

ԻՆՔՆԱՄԱՐԶՈՒՄ, աnւտոտրենինգ, օրգանիզմի հոգեկան ու ֆիզ. վիճակի վրա ինքնազդեցության մեթոդ: Հիմնված է ինքնաներշնչման հետ զուգակցված առավելագույն մկանային թուլացման վրա:

Ի. կիրառվում է նևրոզներով, պսիխոպաթիայով, հոգեծին (պսիխոգեն) խանգարումներով հիվանդների բուժման, ինչպես նաև սուբյեկտիվորեն ծանր, բախումային իրադրությունում գտնվող մարդկանց հուզ. լարվածությունը վերացնելու նպատակով: Ի-ման օգնությամբ հուզական-վեգետատիվ հակազդեցությունների ինքնակարգավորումը հնարավորություն է տալիս այն օգտագործել նաև ավիացիոն ու տիեզեր. ֆիզիոլոգիայի, ճարտարագիտ. հոգեբանության, ընդհանուր և զինվորական մանկավարժության բնագավառներում: Ի. օգտակար է օպերատորների, սուր և քրոնիկ. գերհույզային վիճակների հետ կապված այլ մասնագիտություններով զբաղվողների համար, ինչպես նաև մարզիկների պատրաստման ժամանակ: Բուժման այլ տեսակների համալիրում Ի. լայնորեն կիրառում են սրտի մի շարք հիվանդությունների (օրինակ՝ սրտային հեղձուկ), հիպերտոնիկ հիվանդության նախն. ձևերի, խցանող էնդարտերիտի (տես Էնդարտերիտ խցանող), նյարդամաշկաբորբի և այլ դեպքերում:

Գոյություն ունի Ի-ման մի քանի համակարգ:

Ի-ման գործելաձևերը յուրացվում են կանոնավոր պարապմունքների ընթացքում, որոնք անցկացնում է հոգեբույժը: Հետագայում հիվանդը կարող է Ի-մամբ զբաղվել ինքնուրույն: Մեթոդն ընդհանուր առմամբ անվնաս է, սակայն վտանգավոր է դառնում, երբ փորձում են փոխել բուժման այլ միջոցներով: Բուժող բժշկի հետ նախապես խորհրդակցելը պարտադիր է: Ի. քիչ արդյունավետ է զգացողությունների գնահատման և գիտակցության հսկողության անբավարարության կամ անճշտության դեպքերում, ուստի այն կիրառելի չէ երեխաների և պսիխոզով հիվանդների համար:

ԻՆՔՆԱՄԵՐՍՈՒՄ, տես Մերսում:

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ, տես Առաջին օգնություն հոդվածում:

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, ճառագայթումներ, որոնց փոխազդեցությունը միջավայրի հետ հանգեցնում է տարբեր նշանի էլեկտր. լիցքերի առաջացման: Տեսանելի լույսը և անդրամանուշակագույն ճառագայթումն Ի.ճ-մանը չեն պատկանում:

Ի.ճ. հայտնի դարձավ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերումից (1895, գերմ. ֆիզիկոս Վ. Ռենտգեն), ինչպես նաև ռադիոակտիվության երևույթի բացահայտումից (1896, ֆրանս. գիտնական Ա. Բեքերելի) հետո, որն արդեն 1899-ին կիրառվում էր չարորակ ուռուցքների բուժման համար:

Ի.ճ-ման աղբյուր են բնական և արհեստ. ռադիոակտիվ նյութերը, որոնց ստացումը հնարավոր դարձավ արհեստ. ռադիոակտիվության երևույթի հայտնաբերումից (1934, Ֆ. և Ի. Ժոլիո-Կյուրիներ) հետո: Տիեզեր. ճառագայթումը նույնպես իոնացնող է և մշտապես ներգործում է բուս. ու կենդ. աշխարհի վրա: Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթման զգալի մասը և բնակիչներին պաշտպանում դրա վնասակար ազդեցությունից:

Տարբերում են ուղղակի և անուղղակի Ի.ճ.: Ուղղակի Ի.ճ. են լիցքավորված մասնիկների (ալֆա-, բետա- ևն) ճառագայթումները, որոնք, ընկնելով ճառագայթահարվող միջավայր, իոնացնում են վերջինիս ատոմներն ու մոլեկուլները: Անուղղակի Ի.ճ. (ռենտգենյան, գամմա, նեյտրոնային ևն) էլեկտրամագնիս. և չեզոք մասնիկների ճառագայթումներն են, որոնք անմիջական իոնացում չեն առաջացնում: Ընկնելով որևէ միջավայր՝ դրանք փոխազդում են ատոմի (ատոմային միջուկի կամ թաղանթի էլեկտրոնների) հետ, էներգիա են հաղորդում էլեկտրոնին (2-րդային էլեկտրոն) կամ ատոմի միջուկին (այսպես կոչված տացքի միջուկին), որոնք էլ կատարում են հետագա իոնացումը:

Ի.ճ-ման հիմն. հատկությունը ճառագայթահարվող միջավայրի միջով թափանցելու ունակությունն է, որը բնորոշվում է միջավայրում մասնիկի կամ ֆոտոնի ազատ վազքի երկարությամբ: Ամենամեծ թափանցող հատկությամբ օժտված է անուղղակի Ի.ճ.: Ուղղակի Ի.ճ-ներն, ընկնելով որևէ միջավայր, արագ կորցնում են իրենց էներգիան իոնացման համար, որի պատճառով ունեն ազատ վազքի համեմատաբար ոչ մեծ երկարություն: Որքան մեծ են մասնիկների լիցքը և զանգվածը, այնքան փոքր է ազատ վազքի երկարությունը՝ միևնույն էներգիայի դեպքում:

Ճառագայթահարվող կենսբ. օբյեկտներում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց բնույթը կախված է ճառագայթման տեսակից և ճառագայթային ներգործության տևողությունից ու քանակից:

Ի.ճ. լայնորեն կիրառվում է գիտության, տեխնիկայի և գյուղատնտեսության տարբեր բնագավառներում և մասնավորապես բժշկության մեջ՝ հիվանդությունների ախտորոշման (տես Ռենտգենաբանական հետազոտություն, Ռադիոիզոտոպային ախտորոշում), ինչպես նաև ուռուցքների, բորբոքային և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար (տես Ճառագայթաբուժություն):

Ի.ճ. կարող է ունենալ և վնասակար կենսբ. ազդեցություն, որը հայտնի դարձավ Ի.ճ-ման հայտնաբերման 1-ին տարիներին և ավելի ակնհայտ դրսևորվեց ճապոն. Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ատոմային ռումբի պայթյունի հետևանքով մարդկանց զանգվածային ոչնչացումից հետո:

Ի.ճ-ման կենսբ. ազդեցության մշտ. ուսումնասիրումը հնարավորություն է տալիս մշակել հիվանդների հետազոտման և բուժման արդյունավետ ու անվնաս մեթոդներ:

Ճառագայթաբուժության ժամանակ կարևոր է ճառագայթման աղբյուրի ընտրությունը, քանի որ տարբեր ճառագայթներ հյուսվածքների մեջ են թափանցում ոչ միևնույն խորությամբ: Օրինակ՝ ցածր էներգիայով ռենտգենյան ճառագայթումը և ալֆա- մասնիկներն արտաքին ճառագայթահարման դեպքում հյուսվածքների մեջ են թափանցում մի քանի մմ խորությամբ և օգտագործվում են մակերեսորեն տեղադրված ախտաբան. գոյացությունների բուժման համար: Բարձր էներգիայով ռենտգենյան, պրոտոնային և էլեկտրոնային ճառագայթումներն ունեն բարձր թափանցելիություն և կիրառվում են օրգանիզմի ներսում տեղադրված ախտաբան. օջախների ճառագայթահարման համար:

Ռադիոակտիվ նյութերի և ճառագայթման այլ աղբյուրների հետ աշխատելիս պետք է պահպանել աշխատանքի հիմն. սան. և ճառագայթային անվտանգության կանոնները: