Զուտ շարժիչ գանգուղեղային նյարդերի շարքն են դասվում ակնաշարժ, դիմացի հավելյալ և ենթալեզվային նյարդերը: Ակնաշարժ նյարդերն ապահովում են ակնագնդերի շարժումներն ապահովող մկանների նյարդավորումը: Դիմային նյարդը նյարդավորում է դիմախաղի (միմիկա) մկանները, որոնցով ապահովվում են շրթունքների, այտերի, հոնքերի շարժումները, աչքերի փակումը, ենթալեզվային նյարդը՝ լեզվի մկանները, ապահովելով լեզվի նուրբ շարժումները, մասնակցում է նաև խոսքի ֆունկցիային, ծամելու և կլման գործողությանը: Հավելյալ նյարդն իրականացնում է ուսերը բարձրացնող և գլուխը դեպի կողմեր թեքող մկանների նյարդավորումը:
Գանգուղեղային նյարդերի մեջ հատուկ տեղ է գրավում թափառող նյարդը, որի կազմում կան շարժիչ, զգացող և վեգետատիվ նյարդաթելեր: Շարժիչ նյարթաթելերը նյարդավորում են ըմպանի և կոկորդի մկանները՝ ապահովելով կլման գործողությունը և ձայնալարերի աշխատանքը: Զգացող նյարդաթելերը փափուկ քիմքի, ըմպանի և կոկորդի ընկալիչներից, ինչպես նաև լեզվի հետին 1/3-ի համային ընկալիչներից տեղեկություն են հաղորդում գլխուղեղին: Թափառող նյարդի վեգետատիվ նյարդաթելերը թափանցում են կրծքավանդակ, որովայնի խոռոչ և ապահովում շնչառ., սիրտանոթային և մարսող. համակարգերի պարասիմպաթիկ կարգավորումը: Ըմպանի և կոկորդի զգացող և շարժիչ նյարդավորումը, լեզվի հետին 1/3-ից համային ազդակների հաղորդումը թափառող նյարդի հետ իրականացնում է ևս 1 «խառը» նյարդ՝ լեզվաըմպանայինը:
Ծ.ն.հ-ի գործունեությունը գտնվում է կենտր. նյարդային համակարգի մշտ. հսկողության տակ, որն ամբողջացնում, այսինքն՝ առանձին նյարդացողունները միավորում է 1 համակարգի մեջ՝ համաձայնեցնելով նրանց աշխատանքը: Ճիշտ չէր լինի ծայրամասային նյարդերը դիտել որպես պարզ մալուխ, որի հաղորդալարերով փոխանցվում են տարբեր ազդակներ: Նյարդաթելերը և նրանց միելինային թաղանթները կառուցված են այնպես, որ նյարդաբջջի «արձակած» նյարդային ազդակը կարծես ուժեղանում է նյարդով շարժվելիս: Կենտր. նյարդային համակարգի ամբողջացնող գործունեության շնորհիվ, որով ապահովվում է Ծ.ն.հ-ի բոլոր գոյացությունների ամբողջությունը, առանձին նյարդի վնասվածքը կամ բորբոքային ախտահարումը, որպես կանոն, ուղեկցվում է մյուս նյարդացողունների (հատկապես ախտահարված նյարդին անմիջապես մոտ գտնվող, նրա ֆունկցիան մասամբ փոխհատուցող) աշխատունակության բարձրացմամբ: Միաժամանակ կենտր. նյարդային համակարգում շարժիչ նյարդաբջիջները, որոնց ելուստներն ախտահարված նյարդում ընդհատված են, սկսում են ձևավորել նոր ելուստներ: Նրանք աստիճանաբար ներաճում են հին նյարդի մեջ՝ շարժվելով նրանով ինչպես հունով, օրական 1 մմ միջին արագությամբ և, վերջապես, հասնում համապատասխան մկանին ու վերականգնում նրա նյարդավորումը:
Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունները և կանխարգելումը: Ծ.ն.հ-ի հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ արյան շրջանառության խանգարումները, վնասվածքները, նյարդերի ճնշումը, թունավորումները (ալկոհոլով, կապարով, սնդիկով, մկնդեղով), նյութափոխանակության խանգարումները (օրինակ՝ շաքարախտի, թերվիտամինության ժամանակ), ինչպես նաև բորբոքումները: Հաճախ հիվանդության պատճառ է դառնում մի քանի գործոնների զուգակցումը, օրինակ՝ շաքարախտի ժամանակ Ծ.ն.հ-ի ախտահարումը պայմանավորված է ոչ միայն փոխանակային և ներզատ. խանգարումներով, այլև մանր արյունատար անոթների ախտահարմամբ, որից էլ խանգարվում է նյարդացողունների արյունամատակարարումը: Քրոնիկ. ալկոհոլամոլության ժամանակ (տես Ալկոհոլամոլություն քրոնիկական), նյարդացողունների վրա ալկոհոլի և օրգանիզմում նրա փոխակերպման նյութերի թունավոր ազդեցության հետ մեկտեղ, նշանակություն ունի լյարդի ֆունկցիայի աստիճանաբար առաջացող խանգարումը, երբ լյարդը կորցնում է թունավոր նյութերը վարակազերծելու հատկությունը: Բացի այդ, հարբած վիճակում մարդը հաճախ քնում է ցուրտ տեղում և անհարմար դիրքով, որը կարող է հանգեցնել ցրտահարության, արյունազրկման կամ նյարդացողունների ճնշման:
Կախված Ծ.ն.հ-ի ախտահարման տեղադրությունից՝ տարբերում են ողնուղեղի նյարդարմատների (նյարդարմատաբորբ), նյարդահյուսակների (հյուսակաբորբ), զգացող նյարդային հանգույցների (գանգլիոնիտ) և բուն նյարդացողունների (նյարդաբորբ) հիվանդություններ: Մի քանի նյարդերի միաժամանակյա զուգակցված և ընդհանուր պատճառից առաջացած ախտահարումն անվանվում է բազմանյարդաբորբ: Ողնուղեղի առաջային նյարդարմատների ախտահարման գերակշռությամբ ընթացող նյարդարմատաբորբերի ժամանակ մարմնի համապատասխան հատվածներում առաջանում են լուծանքներ և կիսալուծանքներ.. նկատվում է թուլություն և այդ հատվածի մկանների նիհարում, երբեմն՝ ակամա ցնցումներ: Բնորոշ է, որ զգայնությունն այդ դեպքում պահպանվում է: Ընդհակառակը, ողնուղեղի հետին նյարդարմատների ախտահարման ժամանակ առաջանում են մաշկի համապատասխան հատվածի սուր ցավեր և զգայնության նվազում: Այդպիսի երևույթներ են առաջանում նաև հետին նյարդարմատների ընթացքով տեղադրված զգացող նյարդահանգույցների ախտահարման ժամանակ, բայց այս դեպքում ցավերի և զգայնության նվազման հետ մեկտեղ, որպես կանոն, ախտահարված նյարդահանգույցով նյարդավորված մաշկահատվածում առաջանում է ցան (տես Տենդաբշտիկ): Նյարդահյուսակների և դրանցից գոյացած ծայրամասային նյարդերի ախտահարումն ուղեկցվում է զգայնության խանգարումների զուգակցմամբ, վեգետատիվ խանգարումներով և լուծանքներով ու կիսալուծանքներով (տվյալ նյարդով նյարդավորման կամ հյուսակի շրջանում): Հյուսակի ախտահարման շրջանում խանգարումները սովորաբար ավելի շատ են արտահայտվում, քան 1 նյարդի ախտահարման ժամանակ, քանի որ հյուսակում կարող են ախտահարվել բոլոր նյարդաթելերը, որոնցից այնուհետև սկզբնավորվում են տվյալ հյուսակից դուրս եկող նյարդերը: Օրինակ՝ բազկային հյուսակի ախտահարումը կարող է ուղեկցվել ձեռքի հիմն. նյարդերով (արմնկային, ճաճանչային և միջնակ) նյարդավորման շրջանի խանգարումներով: Գոտկային և սրբոսկրային հյուսակների ախտահարումները (դրանց զուգակցված ախտահարումը հանդիպում է բավականին հաճախ) կարող են ընթանալ ոտքի հիմն.՝ ազդրային նյարդով, նստանյարդով, ոլոքային և նրբոլոքային նյարդերով նյարդավորման շրջանների խանգարումներով:
Ծայրամասային նյարդերի ախտահարման ժամանակ այդ նյարդացողունով նյարդավորման շրջանում նկատվում են զգայական, շարժող. և վեգետատիվ խանգարումներ:
Յուրաքանչյուր գանգուղեղային նյարդի ախտահարումը բնորոշվում է յուրատեսակ խանգարումներով: Օրինակ՝ տեսող., հոտառ. կամ լսող. նյարդերի ախտահարումն առաջացնում է տեսողության, հոտառության կամ լսողության թուլացում, բայց այդ դեպքում բացակայում են ցավը, զգայնության խանգարումները և մկանային