Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոլեկուլի կառուցումը կառավարող կառուցվածքային գեների վրա ներգործող կարգավորիչ գեները:

Մեկ այլ տեսություն Ծ. կապում է մարդու և կենդանիների օրգանիզմներում տարբեր բակտերիաների ու օտարածին այլ նյութերի ներդրման հետևանքով արտադրվող հակամարմինների ֆունկցիաների փոփոխության հետ: Վարակիչ և օտարածին այլ գործոններից օրգանիզմը պաշտպանող իմունիտետի համակարգի աղավաղումը հանգեցնում է հակամարմինների առաջացման, որն ընկճում է ոչ միայն այդ գործոնները, այլև բնականոն բջիջները:

Ծ-ման ընթացքում փոխվում են բջիջների էներգիական գործընթացները, նվազում է շնչառ. (օքսիդացնող) ֆերմենտների ակտիվությունը, փոքրանում է բջջի հատուկ բաղադրամասերի՝ միտոքոնդրիաների քանակը, որոնցում առաջանում է էներգիա: Զգալիորեն փոխվում է օրգանների և համակարգերի ֆունկցիաների կարգավորումը, որոնց գործունեության մեջ տեղի են ունենում ոչ միայն քանակ., այլև որակ. տեղաշարժեր: Այսպիսով՝ Ծ. ոչ միայն գործընթացների ուժգնության նվազումն է, այլև նոր կենսբ. մեխանիզմների զարգացումը, որով ապահովվում են նյութափոխանակությունն ու ֆունկցիաները, օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխադարձ կապը կանոնավորող նոր կենսբ. մեխանիզմները: Ծերացող օրգանիզմի հարմարումը մարդկանց մոտ տեղի է ունենում տարբեր կերպ, և դա էլ կանխորոշում է Ծ-ման արագությունն ու բնույթը:

Կարևոր նշանակություն ունեն ժառանգ. գործոնները: Այսպես՝ հաստատվել է, որ երկարակյացների ընտանիքներում երեխաները, ինչպես նաև մոտ ազգականներն ավելի հաճախ են հասնում խոր ծերության և երկարակեցության: Հայտնի է, որ կյանքի տևողությունը կախված է ոչ միայն գենետիկ., այլև շրջակա միջավայրի գործոնների ներգործությունից, մարդու կենսակերպից: Վաղ մանկությունից և ամբողջ կյանքի ընթացքում իրականացվող կանխարգելիչ և հիգիենային միջոցառումները ոչ միայն նպաստում են հիվանդությունների ու վաղաժամ Ծ-ման կանխմանը, այլև զգալիորեն ազդում են սերունդների առողջության և երկարակեցության վրա:

Ժառանգ. հատկանիշների, ինչպես նաև սոցիալ. գործոնների (օրինակ՝ տղամարդկանց ալկոհոլամոլության և ծխելու) հետ են կապում կանանց ավելի դանդաղ ծերանալը (կանանց կյանքի միջին տևողությունը զարգացած երկրներում 4-11 տարով ավելի է, քան տղամարդկանցը):

Ծ-ման ընթացքում մարդու օրգանիզմում տեղի ունեցող աստիճան. տեղաշարժերը պայմանավորում են նրա օրգանների ու համակարգերի կազմության և ֆունկցիաների էական փոփոխությունները: Ծերացող մարդը պետք է իմանա իր օրգանիզմի տարիքային առանձնահատկությունների մասին, հաշվի առնի նրա պահեստային հնարավորությունների նվազումը, կենսբ. մեխանիզմների ոչ լիարժեքությունը, որոնք կանխորոշում են հարմարումը՝ օրգանիզմի գերլարում պահանջող գերհույզային (ստրեսային) իրավիճակներում:

Ֆիզիոլոգ. Ծ. բնորոշվում է տարիքային առանձնահատկություններով, որոնք աստիճանաբար զարգանում ու առավել արտահայտված են օրգանիզմի 2 գլխ. և սերտ փոխկապակցված՝ սիրտանոթային և նյարդային համակարգերում: Տարիքի հետ զգալիորեն փոխվում են սրտի հարմարվող. հնարավորությունները: Հանգիստ վիճակում նվազում է տարեց և մանավանդ ծեր մարդկանց սրտի ռիթմի հաճախությունը: Չափավոր ֆիզ. բեռնվածության դեպքում նրանց մոտ սովորաբար չի նկատվում երիտասարդներին բնորոշ սրտի ռիթմի հաճախացում, որը մի կողմից սիրտը պաշտպանում է գերլարումից, մյուս կողմից՝ սահմանափակում օրգանիզմի օրգանների ու համակարգերի արյունամատակարարումը, որոնք կարիք ունեն արյան առհոսի ուժեղացման: Մեծ ֆիզ. բեռնվածությունների հետ կապված՝ սրտի կծկումների կտրուկ հաճախացման ժամանակ առաջանում է անհամապատասխանություն՝ պսակային անոթներով սրտի արյունամատակարարման և սրտում տեղի ունեցող նյութափոխանակության արագացված գործընթացների միջև, դրանով պայմաններ են ստեղծվում սրտամկանի անբավարար արյունամատակարարման և հնարավոր բարդությունների համար:

Տարիքային փոփոխությունների հետ կապված՝ վատանում են նյարդային գործընթացների շարժունությունը և հիշողությունը մոտ անցյալի իրադարձությունների վերաբերյալ, առաջանում է հուզ. անկայունություն: Ընդունված է այն կարծիքը, որ ծերերի բնավորության գծերը «սրվում են», նրանք դառնում են պահպանող., ձգտում են սովորեցնել ուրիշներին, առանց առիթի շուտ վիրավորվում են: Թուլանում են նոր տպավորությունների գունեղությունն ու ցայտունությունը, որի պատճառով էլ նկատվում է «փախուստ դեպի անցյալը», հիշողությունների գերիշխում, մշտապես մտատանջվում են սեփական առողջության և հիվանդությունների համար: Սակայն այդ առանձնահատկությունները հաստատուն չեն և երբեմն գրեթե կամ բոլորովին բացակայում են: Այդպիսի փոփոխությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի գործոնները, մասնագիտ. և հաս. գործունեության շարունակումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը, մերձավորների հանդեպ սերն ու հոգատարությունը: Տարեց և ծեր մարդիկ իրենց ֆիզ. և հոգեկան առողջության վիճակով ոչ համասեռ խմբեր են ներկայացնում: Հիմնվելով միևնույն տարիքի մարդկանց առողջ. վիճակի և սոցիալ. ցուցանիշների վրա՝ նրանց առանձնացնում են «երիտասարդ ծերեր» և «ծեր ծերեր» խմբերում: Կոպիտ հաշվումներով՝ արդ. զարգացած երկրներում «Երիտասարդ ծերերը» (որոնք ընդունակ են ինքնասպասարկման, իսկ նրանցից շատերը նաև աշխատունակ են, կազմում են 60 և ավելի տարիքի մարդկանց 80-85%-ը, «ծեր ծերերը»՝ 15-20%-ը): Վերջինների բաժնեմասը մեծանում է ավելի բարձր տարիքային խմբերում, բայց նույնիսկ 80 և ավելի տարիքի մարդկանց մեջ շատերը չունեն լուրջ հիվանդություններ, գործնականորեն առողջ են և կարող են դասվել «երիտասարդ ծերերի» խմբին:

Գոյություն ունեն սերտ փոխհարաբերություններ օրգանիզմի Ծ-ման և մեծ մասամբ կյանքի 2-րդ կեսին նկատվող քրոնիկ. հիվանդությունների առաջացման միջև: Սիրտանոթային համակարգի կառուցվածքի և ֆունկցիայի տարիքային փոփոխությունները, անոթային պատում և սրտամկանում նյութափոխանակության խանգարումները, կարգավորիչ համակարգերի տեղաշարժերը պատճառ են դառնում սիրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման համար: Առավել տարածված է աթերոսկլերոզը, որի բարդություններ կարող են լինել սրտի, գլխուղեղի արյունամատակարարման խանգարումները և կրծքային հեղձուկը կամ սրտամկանի ինֆարկտը: Տարեց հասակում հաճախ նկատվում է հիպերտոնիկ հիվանդություն, որը, որպես կանոն, զուգակցվում է աթերոսկլերոզի դրսևորումների հետ: Շատ հետազոտողների կարծիքով բջջի Ծ-ման գործընթացներն ու գենետիկ. ապարատի փոփոխությունները նախադրյալներ են ստեղծում նրա գործունեության խանգարման համար, որը հանգեցնում է ուռուցքների առաջացման: Տարեց հասակում հաճախ հանդիպող հիվանդություններից են շաքարախտը, օստեոխոնդրոզը,