նպաստում է վնասվածքների նվազմանը: Մարզ. վնասվածքները կանխելու համար անհրաժեշտ է խստորեն կատարել սահմանված կանոնները (օրինակ՝ հոկեյի ժամանակ սաղավարտի և վահանի կրում ևն), կարևոր է նաև մարզիկների վրա պարբերաբար բժշկ. հսկողություն սահմանելը: Հատուկ նշանակություն ունի երեխաների Կ-ի կանխարգելումը: Հարկավոր է նրանց ծանոթացնել վարքի կանոններին՝ փողոցում մարզ. խաղերի ժամանակ: Տարեց մարդկանց Կ-ի հաճախակի պատճառներից է ընկնելը: Ընկնելիս, մեկնված ձեռքի վրա հենվելիս, գրեթե միշտ առաջանում են ճաճանչոսկրի ծայրի Կ.: Ալկոհոլի չարաշահումը Կ-ի հաճախակի պատճառներից է: Հարբեցողության դեմ պայքարը նպաստում է ծանր Կ-ի նվազմանը:
Հազվադեպ լինում են նաև ախտաբան. Կ., որոնք առաջանում են հիվանդագին գործընթացներով (օրինակ՝ ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով: Դրանց ախտանշանը Կ-ի ժամանակ մեխ. (թեկուզ չնչին) ազդեցության բացակայությունն է. դրանք կարող են առաջանալ նույնիսկ քնած ժամանակ:
Առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի ժամանակ: Բուժում են ոսկրը քայքայող հիվանդության բնույթին համապատասխան և միայն հիվանդանոցում:
ԿՐԵՏԻՆԻԶՄ, հիվանդություն, որն առաջանում է վահանագեղձի ֆունկցիայի խանգարումից և բնորոշվում է ֆիզ. ու հոգեկան (մտավոր) զարգացման կասեցմամբ:
Կ-ի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասության կամ ներծին (էնդոգեն) անբավաոարության հետ: Հիվանդությունը բնորոշվում է մարդկանց և կենդանիների վահանագեղձի չափերի մեծացմամբ (տես Խպիպ): Հաճախ տարածված է լեռնային վայրերում: Կ-ով տառապողների մարմնակազմվածքն անհամաչափ է, վերջույթները կարճ են, ոտքերը՝ ծուռ, դաստակները՝ լայն, մատները՝ կարճ, դեմքը՝ փքված, ճակատը՝ նեղ, քիթը՝ թամբաձև, ակնախոռոչները՝ խոր, ականջները՝ մեծ: Լեզուն լայն է և բերանում չի տեղավորվում, ատամները քիչ են: Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթը՝ աղքատ: Հաճախակի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ: Սեռ. օրգանները, ինչպես նաև 2-րդային սեռ. հատկանիշները թերզարգացած են, նյութափոխանակությունը՝ խանգարված, լսողությունը՝ թույլ: Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու անընդունակ: Խանգարված է նաև խոսակցական ակտը:
Բուժումը. վահանագեղձի անբավարարությունը վերացնող պատրաստուկներ՝ թիրեոիդին կամ տրիյոդ թիրոզին:
Կանխարգելումը. ջրի ու սննդի յոդացում:
ԿՐԻԶՆԵՐ, հիվանդի վիճակի հանկարծակի, կտրուկ վատացում, որը բնորոշվում է հիվանդության նոր ախտանշանների առաջացմամբ կամ արդեն եղածների ուժեղացմամբ: Պատճառ կարող են լինել գերհոգնածությունը, հուզումները, ոչ բարենպաստ պայմաններում (աղմկոտ կամ տոթ միջավայր, աշխատանքային և հանգստի ոչ ճիշտ ռեժիմ) աշխատելը, եղանակի տատանումները, հակացուցված սնունդը (օրինակ՝ յուղալի, տապակած կամ թթու դրած), ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, ծխելը:
Գերճնշումային (հիպերտոնիկ) Կ. առաջանում են, երբ հիվանդի զարկերակային ճնշումն արագ բարձրանում է սովոր. մակարդակից: Այդ դեպքում նկատվում են գլխացավ, գլխապտույտ, աղմուկ և ծանրության զգացում գլխում, սրտխառնոց, փսխում: Հիվանդները հաճախ գանգատվում են սրտի ցավերից, երբեմն զգում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, քայլվածքը դառնում է երերուն: Նշված երևույթների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Թերճնշումային (հիպոտոնիկ) Կ. զարկերակային ճնշման հանկարծակի նվազումն է: Առաջանում է սուր սրտային կամ անոթային անբավարարության հետևանքով: Հիվանդների աչքերի առջև մթագնում է, ականջները՝ խցանվում, նկատվում է սրտխառնոց, երբեմն՝ ուշագնացություն:
Գլխուղեղային անոթային Կ. գլխուղեղային արյան շրջանառության անցողիկ նոպաներ են: Նկատվում են գլխապտույտ, գլխացավ, տեսողության մթագնում, փսխում, ձեռքի կամ ոտքի կարճատև թուլություն, երբեմն՝ թմրածություն, խոսքի դժվարացում: Նոպայից հետո նշված բոլոր խանգարումներն արագ և լրիվ վերականգնվում են:
Վեգետատիվ անոթային Կ-ին բնորոշ են զարկերակային արյան ճնշման տատանումները, սրտխփոցը, սրտի շրջանի ցավերը, երբեմն՝ դժվարացած շնչառությունը, ջերմաստիճանի փոփոխությունը, մաշկի գունատությունը կամ կարմրությունը, դողը, քրտնոտությունը: Երբեմն նկատվում են որովայնի ուժեղ ցավեր, զկռտոց, սրտխառնոց և փսխում:
Թիրեոտոքսիկ Կ. ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացումով, դեմքի գունատությամբ կամ կարմրությամբ, հաճախացած, ոչ ռիթմիկ սրտխփոցով, երբեմն՝ գիտակցության մթագնումով: Կարող են ավարտվել կոմայով:
Ադիսոնյան հիվանդության ժամանակ կարող է առաջանալ մակերիկամների անբավարարության նոպա՝ մակերիկամային կրիզ, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գլխացավով, որովայնի ցավերով, փսխումով, գիտակցության մթագնումով, ջղաձգություններով, երբեմն՝ կոմայով: Կ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ինքնաբուժումն անթույլատրելի է, քանի որ տարբեր Կ-ի 1-ին ախտանշանները նման են իրար, բայց բուժումը տարբեր է: Օրինակ՝ գլխապտույտ ու փսխում լինում են և՛ գերճնշումային, և՛ թերճնշումային Կ-ի ժամանակ: Եթե բժիշկը պարզել է միատեսակ կրկնվող Կ-ի առաջացման պատճառները, ապա նա կարող է խորհուրդ տալ որոշակի դեղանյութ:
Կ-ի ենթակա հիվանդներին անհրաժեշտ են աշխատանքի և հանգստի կանոնավոր հաջորդափոխում, սնուցման ճիշտ ռեժիմ, հանգիստ քուն: Պետք է վերացնել Կ. առաջացնող բոլոր գործոնները: Կանխարգելման համար անհրաժեշտ է հիմն. հիվանդության հետևողական բուժում:
ԿՐԻՊՏՕՐԽԻԶՄ, տես Գաղտնամորձություն:
ԿՐԾՈՂՆԵՐ, կաթնասունների դասի ամենամեծ և հնագույն կարգ: Կազմում են Երկրի վրա ապրող կաթնասունների 40 %-ը: Հանդիպում են բոլոր բնական գոտիներում՝ տունդրայից անապատ, բայց առավել մեծ մասը (մուկ, դաշտամուկ, առնետ, գետնասկյուռ, արջամուկ, ավազամուկ ևն)՝ անտառներում և տափաստաններում: Կ-ի մեծ թիվը պայմանավորված է դրանց բեղունությամբ և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններին հեշտությամբ հարմարվելով: Կ. սնվում են առավելապես բույսերով, ակտիվ են համարյա ամբողջ տարին, բայց որոշ տեսակներ (արջամուկ, գետնասկյուռ, շերտասկյուռ ևն) ցուրտ եղանակներին երկարատև քուն են մտնում:
Որոշ Կ. (արջամուկ, մշկամուկ, սկյուռ ևն) ունեն արդյունագործ., մյուսները (սպիտակ առնետ, համստեր ևն)՝ լաբորատոր նշանակություն:
Կ. մեծ վնաս են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը: Մեծ թիվ են կազմում անտառների, այգիների և այլ վնասատուները, որոնք ոչնչացնում և փչացնում են հատիկները, սննդամթերքը և