Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբարված մթերքը: Կ. մարդու և ընտանի կենդանիների շատ վարակիչ հիվանդությունների հարուցիչների հիմն. կրողներն ու տարածողներն են: Շատ Կ., որոնցով սնվում են արյունածուծ միջատները (լու, մոծակ, մժղուկ ևն) և տզերը, համարվում են վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ: Կ. նպաստում են բնության մեջ մարդու համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի (գետնասկյուռ, արջամուկ, ավազամուկ, առնետ), տուլարեմիայի (ջրային դաշտամուկ, մշկամուկ, դաշտային և տնային մկներ), լեպտոսպիրոզի (մուկ, առնետ), գլխուղեղի տզային բորբոքման (անտառային Կ-ի մեծ մասը), ռիկետսիոզների (մուկ, առնետ), մաշկային լեյշմանիոզների (ավազամուկ) հարուցիչների պահպանմանը: Վտանգավոր են նաև առնետներն ու տնային մկները:

Մարդը Կ-ից վարակվում է նրանցով աղտոտված սննդամթերքից, ջրից (լեպտոսպիրոզ, տուլարեմիա, ռիկետսիոզներ), արդյունագործ. նշանակություն ունեցող Կ-ի հետ անմիջական շփումից (ժանտախտ, տուլարեմիա): Վարակման (ժանտախտ, գլխուղեղի տզային բորբոքում, որոշ ռիկետսիոզներ, մաշկային լեյշմանիոզ) հնարավոր ուղիներն են միջատների և տզերի խայթոցը, գյուղատնտ. մշակաբույսերի կալսելուց առաջացած փոշու շնչումը (տուլարեմիա, Քյու տենդ): Ավելի հաճախ մարդիկ վարակվում են Կ-ի զանգվածային աճի ժամանակաշրջանում:

Կ-ի դեմ կարելի է պայքարել դրանց անմիջական ոչնչացմամբ, կերից, բազմացման ու տարածման հնարավորություններից զրկելու ճանապարհով (տես Կրծողների ոչնչացում):

ԿՐԾՈՂՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ, դերատիզացիա, պայքարի համալիր միջոցառումներ կրծողների դեմ, որոնք մեծ վնաս են հասցնում տնտեսությանը, ինչպես նաև մարդու վարակիչ հիվանդությունների աղբյուր կամ փոխանցող են: Կրծողների դեմ պայքարն ընդգրկում է կանխարգելիչ և ոչնչացնող միջոցառումներ:

Կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են կրծողների բնադրման, սնման, բազմացման պայմանների նվազեցմանը, ինչպես նաև բնակելի և այլ տնտ. կառույցները դրանցից պահպանելուն: Ձավարեղենը, ալյուրը, բանջարեղենը, միսը և այլ մթերքներ պահվում են կրծողներից ապահով տարաներում: Օդանցքները պատում են մետաղե ցանցով, կրծողների բներն ապակու փշրանք են լցնում, դրանց մուտքերը ցեմենտապատում են, իսկ նկուղների և ձեղնահարկերի պատուհանները՝ ապակեպատում:

Մեխ., քիմ., կենսբ. մեթոդներով ոչնչացնող միջոցառումներն անպայման զուգակցվում են կանխարգելիչներով:

Կ.ո-ման մեխ. մեթոդը կրծողների որսն ու ոչնչացումն է ծուղակներով, թակարդներով կամ կենդանիներ որսալու այլ ձևերով: Մեծ թվով կրծողներ որսալու համար պետք է 7-10 օր դրանց կերակրել չլարված թակարդներում: Այնուհետև թակարդները լարել առանց կողմնակի համ ու հոտ ունեցող թարմ խայծով (բուս. յուղով ներծծված հաց, ճարպ, երշիկ, գազար ևն): Կ. ո-ման քիմ. մեթոդը սննդային խայծերին խառնված տարբեր թույներն են: Օրինակ՝ 100 գ հացին խառնում են 2-3 գ բուս. յուղ և 1-2 գ կրիսիդ կամ 5 գ օսլայի ու զոոկումարինի խառնուրդ (թողարկվում է 0,5 կամ 1 %-անոց զոոկումարինը օսլայում): Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում թունավորված խայծից առաջ մի քանի օր չթունավորվածը դնել, այնուհետև 4-5 օր՝ թունավորվածը, իսկ խայծի մնացորդը ոչնչացնել: Կիրառում են նաև հեղուկ խայծեր, օրինակ՝ նշված թույների ու ջրի լուծույթները: Խայծերն անհրաժեշտ է դնել երեխաներին և ընտանի կենդանիներին անմատչելի տեղերում:

Թույների հետ աշխատելիս պետք է զգույշ լինել, թունավորած խայծը պատրաստելուց, տեղադրելուց հետո ձեռքերը, օգտագործած ամանները լավ լվանալ տաք ջրով ու օճառով, իսկ թույնը պահել լավ փակվող և «թույն» մակագրությամբ բանկայում: Թունավորման կասկածի դեպքում շտապ դիմել բժշկի: Կրծողների կենսբ. ոչնչացումն իրականացնում են կատուների, շների և այլ կենդանիների միջոցով, ինչպես նաև արգելում են որոշ գիշատիչների (աքիս, կզաքիս, բու, ցին, մկնաբազե) որսը:

Քաղաքներում կրծողների դեմ անհատ. պայքարն ավելի քիչ արդյունավետ է: Սովորաբար կրծողները բնակվում են ամբողջ շենքում, և որևէ բնակարանում ոչնչացնելու փորձի դեպքում՝ նրանք տեղափոխվում են այլ բնակարաններ, հարկից հարկ: Ուստի դրանց հայտնվելու դեպքում պետք է դիմել հիգիենային և հակահամաճարակային կայան, որպեսզի ոչնչացվեն ամբողջ շենքի կրծողները:

ԿՐԾՔԱՄԶԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պլեվրիտ, սովորաբար առաջանում է որպես թոքաբորբի բարդություն, հազվադեպ՝ տուբերկուլոզի, ռևմատիզմի և այլ վարակիչ ու ալերգ. հիվանդությունների, ինչպես նաև կրծքավանդակի վիրավորումների ու վնասվածքների ախտանշան է:

Կ. բ. պայմանականորեն բաժանում են չոր և թաց (բորբոքահեղուկային) ձևերի: 1-ինի դեպքում կրծքամիզն ուռչում է, հաստանում, դառնում անհարթ, թացի դեպք կրծքամզի խոռոչում կուտակվում է հեղուկ, որը կարող է լինել թափանցիկ, արյունխառն կամ թարախային: Որպես կանոն՝ կրծքամզի թերթիկների վրա առաջանում են բորբոքային կուտակումներ: Կ. բ. հաճախ լինում է միակողմանի, սակայն կարող է լի նաև երկկողմանի: Սովորաբար սուր Կ.բ. սկսվում է կրծքավանդակի ցավերով, որոնք ուժեղանում են շնչառման և հազի ժամանակ, նկատվում է ընդհանուր թուլություն, տենդ: Ցավերի առաջացումը պայմանավորված է շնչառության ժամանակ կրծքամզի խորդուբորդ թերթիկների շփումով. եթե հեղուկ է կուտակվում, կրծքամզի թերթիկներն իրարից բաժանվում են, և ցավը կարող է վերանալ: Ցավերը կարող են պայմանավորվել նաև Կ. բ. բարդացման հիմն. գործընթացով:

Կ. բ-ով տառապողները հաճախ պառկում են հիվանդ կողմի վրա, քանի որ այդ վիճակում պակասում է կրծքամզային թերթիկների շփումը, հետևաբար՝ մեղմանում ցավը: Կրծքամզի խոռոչում մեծ քանակությամբ հեղուկի կուտակման դեպքում, թոքերի խիստ ճնշման և շնչառ. մակերևույթի սահմանափակման հետևանքով կարող է առաջանալ շնչառ. անբավարարություն: Նկատվում է մաշկի, շրթունքների գունատություն, հաճախացած և մակերեսային շնչառություն:

Կ. բ-ման ընթացքն ու տևողությունը պայմանավորված են հիմն. հիվանության բնույթով: Որոշ դեպքերում կրծքամզային բորբոքահեղուկը պարկավորվում է, և հիվանդությունը կարող է երկար տևել: Շատ ծանր է ընթանում թարախային Կ.բ., որը բնորոշվում է ջերմաստիճանի բավականաչափ բարձրացմամբ՝ առավոտյան և երեկոյան ժամերի միջև մեծ տատանումներով, առատ քրտնարտադրությամբ, խիստ թուլությամբ, սաստկացող հևոցով, հազով:

Բուժում է բժիշկը: Սուր շրջանին անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: Հևոցի ժամանակ հիվանդը պետք է լինի կիսանստած: Անհրաժեշտ է բարձրկալորիական և վիտամիններով հարուստ սնունդ: Կրծքամզի խոռոչում արտաքիրտի (բորբոքահեղուկ) առկայության պայմաններում հոսպիտալացումը պարտադիր է: Թարախային բորբոքման ժամանակ հաճախ դիմում են վիրաբուժ. միջամտության: Առողջացման շրջանում նշանակում են բուժ. մարմնամարզություն, որը նպաստում է կպումային գործընթացի կանխմանը կամ պակասեցմանը (Կ.բ-ման