հաճախակի ելքերից է): Տուբերկուլոզային ծագման դեպքում խորհուրդ է տրվում մասնագիտացված առողջարանային բուժում: Նման հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ:
Կանխարգելումը հիմնականում օրգանիզմի պաշտպան. ուժերի ամրապնդումն է: Տես նաև Շնչառական համակարգ:
ԿՐԾՔԱՄԻԶ, տես Շնչառական համակարգ հոդվածում:
ԿՐԾՔԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, ստենոկարդիա, սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձև, բնորոշ են կրծքի շրջանի սեղմող, ճնշող ցավերով հանկարծակի նոպաները, հետկրծոսկրային շրջանի ցավերը, որոնք երբեմն զգացվում են սրտի շրջանում: Ցավն առաջանում է հանկարծակի, տևում է մի քանի ր-ից մինչև 0,5 ժ, տարբեր ուժգնությամբ և կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը, ուսը, պարանոցը կամ ստորին ծնոտը, հազվադեպ՝ դեպի աջ, հետ, 2 ձեռքերը ևն: Հաճախ նոպան ուղեկցվում է վախի զգացողությամբ:
Կ. հ-ի նոպայի պատճառը աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակաձև զարկերակների լուսանցքի սեղմումով, անոթների կծկանքով կամ դրանց զուգակցումով պայմանավորված սրտամկանի անբավարար արյունամատակարարումն է, որը սկզբում դրսևորվում է միայն ֆիզ. բեռնվածության դեպքում, երբ խիստ մեծանում է սրտամկանի պահանջը սննդանյութերի և թթվածնի հանդեպ: Նման դեպքում լինում է լարման Կ. հ., որի նոպաները հաճախ առաջանում են արագ քայլելիս, սար բարձրանալիս և դադարում են կանգ առնելիս: Նորից քայլելիս ցավը կարող է վերսկսվել, և հիվանդը ստիպված է լինում կանգ առնել յուրաքանչյուր 100-200 քայլից հետո: Հազվադեպ են հուզմունքի հետևանքով առաջացող լարման Կ. հ-ի նոպաները: Դրանք առաջանում են նաև ծխելուց, ալկոհոլ գործածելուց, շատ ուտելուց: Հիվանդության խորացմանը զուգընթաց ցավային նոպաներ լինում են նաև հանգիստ ժամանակ, հաճախ գիշերը՝ հանգստի Կ.հ.:
Կ.հ-ի տարբերակիչ ախտանշանը նիտրոգլիցերինի ներգործումն է 1-2 ր-ից: Եթե նոպան ձգվում է 0,5 ժ-ից ավելի և նիտրոգլիցերինից չի հանգստանում, ապա առկա է սրտամկանի ինֆարկտի վտանգը: Սակայն կրծքավանդակի ձախ կեսի ոչ բոլոր ցավերն են կապված Կ.հ-ի հետ: Սրտի շրջանում տարբեր բնույթի, տեղակայման և տևողության ցավային զգացողություններ նկատվում են նաև նևրոզների, սրտի արատների, ողնաշարի պարանոցակրծքային հատվածի և այլ հիվանդությունների ժամանակ: Ուստի կրծքի շրջանում ցավերի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Կ.հ-ի նոպայի ժամանակ, մինչև բժշկի գալը պետք է հիվանդին շտապ օգնություն ցույց տալ: Օրինակ՝ լարման Կ. հ-ի դեպքում երբեմն կանգ առնելիս ցավն անցնում է, ուստի հանգիստը 1-ին բուժ. միջոցառումն է: Նոպայի դադարեցման առավել հուսալի միջոց է նիտրոգլիցերինը, որը 2-3 ր-ից չներգործելու դեպքում, պետք է 2-րդը դնել լեզվի տակ: Նիտրոգլիցերինը կարելի է և անհրաժեշտ է օգտագործել հենց նոպայի սկզբից: Եթե ամբողջական հաբից գլխացավ է առաջանում, ապա պետք է օգտագործել կեսը: Նիտրոգլիցերինի հաբերը կամ կաթիլներով թրջած շաքարի կտորը դնել լեզվի տակ: Ավելի դանդաղ և թույլ է ներգործում վալիդոլը: Երբեմն ցավը մեղմանում է սրտի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելիս: Եթե նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից ցավը չի հանգստանում, անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:
Կ. հ-ի նոպաները կանխելու համար հիվանդը պետք է խուսափի ցավ առաջացնող ֆիզ. բեռնվածությունից (արագ քայլք, ծանրության բարձրացում ևն) և նյարդային լարվածությունից: Միաժամանակ խորհուրդ չի տրվում լիարժեք հանգիստ, թույլատրելի են որոշ ֆիզ. բեռնվածություններ, նույնիսկ՝ երկարատև, եթե ցավ չեն առաջացնում: Բուժ. ֆիզկուլտուրայի նպատակահարմար համալիրները (բժշկի հսկողությամբ) նպաստում են հիվանդի վիճակի բարելավմանը: Պետք է սնվել փոքր բաժիններով, քանի որ շատ ուտելը կարող է դառնալ Կ. հ-ի նոպայի պատճառ: Սննդակարգը նույնն է, ինչ աթերոսկլերոզի ժամանակ:
Տես նաև Սիրտանոթային համակարգ:
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿ, տես Մարդ հոդվածում:
ԿՐԾՔԻ ԵՐԵԽԱ, մինչև 1 տարեկան երեխա: Տարբերում են նորածնության շրջան (կյանքի 1-ին 4 շաբաթը) և կրծքի տարիք (4 շաբաթից մինչև 1 տարի): Այդ ընթացքում երեխայի աճն ու զարգացումն ավելի ուժգին է, որոնցով հաճախ պայմանավորվում է նրա մտավոր ու ֆիզ. հետագա զարգացումը: Այդ տարիքի երեխայի օրգանիզմի անբավարար զարգացմամբ է պայմանավորված տարբեր հիվանդությունների նկատմամբ բարձր ընկալունակությունը, հետևաբար նրանք հատուկ խնամքի կարիք ունեն:
ՆՈՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ:
Այս շրջանում երեխան միայն հարմարվում է շրջակա միջավայրին: Ժամանակին ծնված երեխաների նորածնության շրջանն ավելի թեթև է ընթանում, քան անհասներինը՝ հղիության 39 շաբաթից շուտ ծնվածներինը (տես Անհաս երեխա): Ժամանակին ծնված տղա երեխաների քաշը 3500±450 գ է, աղջիկներինը՝ 3300±460 գ, հասակը՝ 48-52 սմ: Երեխայի քաշի ու հասակի վրա ազդող գործոններից են հղիության ընթացքում մոր առողջ. վիճակը, ռեժիմը և սնունդը, ծնողների տարիքն ու ֆիզ. զարգացածությունը, աշխատանքի բնույթը ևն: Ծնվելուց և պորտալարը կապելուց հետո երեխայի օրգանիզմում տեղի են ունենում մի շարք կարևոր փոփոխություններ. 1-ին ճիչով բացվում են թոքերը, և նա սկսում է ինքնուրույն շնչել, փոխվում են արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, դադարում է ընկերքի միջոցով մոր օրգանիզմից սննդանյութերի ու թթվածնի մուտքը, արտաթորվում են կղանքն ու մեզը: Նորածինը շատ զգայուն է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի նկատմամբ: Նշված փոփոխություններով պայմանավորված է կյանքի 1-ին 3-5 օրում քաշի բնականոն ֆիզիոլոգ. նվազումը 100-300 գ-ի սահմաններում: Ճիշտ կերակրման ու խնամքի դեպքում 2-րդ շաբաթվա վերջին երեխայի քաշը հիմնականում վերականգնվում է:
Նորածնի մաշկը նուրբ է, վարդագույն, շոշափելիս՝ թավշանման է, առաձգական և հեշտությամբ է վնասվում: Ոչ ճիշտ խնամքի դեպքում առաջանում են շփաբորբ, թարախաբշտիկներ, որոնք արագ տարածվում են: 1-ին 2 օրը նկատվում է մաշկի կարմրություն, որն ինքնուրույն անցնում է, և մաշկն սկսում է թեփոտվել: Շատ նորածինների լյարդի անբավարար զարգացման հետևանքով կյանքի 2-3-րդ օրն առաջանում է, այսպես կոչված, ֆիզիոլոգ. դեղնախտ, որը բուժում չի պահանջում և աստիճանաբար անհետանում է կյանքի 1-ին շաբաթվա վերջին և 2-րդի սկզբին: Երբեմն դեղնախտը կարող է լինել հիվանդագին և համարվել նորածինների արյունատարրալուծական հիվանդության 1-ին ախտանշան: Որոշ երեխաների ծոծրակին, վերին կոպերին, հոնքերի միջև առաջանում են կարմիր բծեր (մաշկի մազանոթների լայնացում), քթին՝ սպիտակ կետեր, որոնք անհետանում են կյանքի 1-ին ամիսներին: Նորածնի գլուխը ծածկված է 2 սմ երկար. մազերով, հոնքերն ու թարթիչները համարյա աննկատ են, եղունգները՝ ամուր: Ենթամաշկային ճարպաշերտը, հատկապես այտերի ու իրանի, լավ է զարգացած: Ծննդաբեր. ուղիներով անցնելիս երբեմն առաջանում է գլխի փափուկ հյուսվածքների