Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահմանափակ այտուց, այսպես կոչված, ծննդաբեր. ուռուցք, որն անհետանում է կյանքի 2-3-րդ օրը: Կյանքի 1-2-րդ շաբաթում կաթնագեղձերը հաճախ մեծանում են, կոշտանում և դառնում ցավոտ (տես Նորածինների կրծքացավ):

Նորածինների ոսկրերը քիչ աղեր պարունակելու հետևանքով փափուկ են ու ճկուն և ոչ ճիշտ խնամքի (ժամանակից շուտ երեխային բարձին նստեցնելու, կանգնեցնելու) դեպքում հեշտությամբ ծռվում են: Գանգոսկրերը նույնպես փափուկ են և միմյանց հետ սերտաճած չեն, 3 կամ 4 ոսկրային միացություններում մնում են փափուկ հատվածներ (աղբյուրակներ)՝ գաղտուններ: Տարբերում են մեծ գաղտուն՝ 1,8-2,6x2-3 սմ, ձևավորվում է գագաթոսկրերով ու ճակատոսկրով և, որպես կանոն, փակվում է կյանքի 1-ին տարվա վերջին: Ծնվելիս փոքր գաղտունը մեծ մասամբ փակ է լինում: Ժամանակին ծնված նորածնի գլխի շրջագիծը 1-2 սմ-ով մեծ է կրծքի շրջագծից, իրանը և ձեռքերը երկար են ոտքերից, գլխի երկարությունը կազմում է մարմնի երկարության 1/4-ը: Գանգոսկրերի փափկության հետևանքով ծննդաբերության ժամանակ նորածնի գլխի ձևը կարող է փոխվել, որը մի քանի օրից վերականգնվում է:

Մկանային համակարգը ձևավորված է, սակայն նյարդային համակարգի անբավարար զարգացման հետևանքով շարժումները գիտակցված չեն, գերազանցում են մկանային կծկումները՝ ձեռքերն արմնկային հոդերում ծալված են, ոտքերը՝ որովայնին սեղմած: Մկանների թույլ զարգացման պատճառով նորածինը գլուխը պահել չի կարողանում:

Քթանցքերը նեղ են, պատող լորձաթաղանթը նուրբ է (բազմաթիվ արյունատար անոթներով), որը, հարբուխի ժամանակ այտուցվելով, շատ լորձ է արտադրում և դժվարացնում քթային շնչառությունը: Երեխան դառնում է անհանգիստ, կուրծքը վատ է ծծում: Նման դեպքում պետք է շտապ դիմել բժշկի: Նորածնի կողոսկրերը հորիզոնական են դասավորված, իսկ կրծքավանդակը տակառաձև է: Շնչառ. մկանների թույլ զարգացման հետևանքով շնչառությունը մակերեսային է, մեծ մասամբ իրականացվում է ստոծանու միջոցով: Նորածնի շնչառությունն սկսվում է անմիջապես ծնվելուց հետո՝ 1-ին ճիչով, շնչառությունը հաճախանում է (ր-ում՝ 40-60) նույնիսկ աննշան գրգիռից:

Սիրտանոթային համակարգը լրիվ ձևավորված է, սակայն զարգացումն անավարտ է: Անոթազարկի հաճախությունը ր-ում մինչև 120-140 զարկ է (կյանքի 1-ին օրերին այն կարող է ժամանակավոր դանդաղել՝ ր-ում 70-80 զարկ): Անոթազարկը շատ փոփոխական է. ճչալու, կրծքով կերակրվելու ժամանակ կարող է հասնել ր-ում 160-200 զարկի: Սրտի քաշը 20-24 գ է՝ մարմնի քաշի 0,8 %-ը:

Մարսող. համակարգը ֆունկցիոնալ առումով անբավարար է զարգացած, ուստի հաճախակի են մարսողության խանգարումները: Բերանի խոռոչը հարմարված է ծծելուն, լեզուն համեմատաբար մեծ է: Կերակրափողի (երկար.՝ 10 սմ) մկանները թույլ են զարգացած, այն հաղորդակցվում է ստամոքսի հետ, որը գրեթե հորիզոնական դիրք ունի: Դրա հետևանքով ստամոքսից կաթը հեշտությամբ հետ է բարձրանում կերակրափող, հետևաբար՝ հաճախակի որձկումները միշտ չէ, որ հիվանդության ախտանշան են: Ստամոքսի տարողությունն սկզբում 30-35 մլ է, 2-րդ ամսվա վերջին հասնում է մինչև 100 մլ-ի: Նորածնի ստամոքսաղիքային համակարգի գեղձերն անբավարար են զարգացած, և այն առավել հարմարված է կրծքի կաթին: Աղիքների մկանները, դրանց գալարակծկանքը (սննդի տեղաշարժմանը նպաստող որդանման շարժումները) նույնպես անբավարար են զարգացած, որի հետևանքով աղիքներում կուտակված գազերը ոչ միշտ են ինքնուրույն դուրս գալիս և հաճախ առաջացնում են փորափքանք, ուստի պետք է հետևել երեխայի կանոնավոր կղելուն: Կյանքի 1-ին ժամերին և օրերին նորածինների 1-ին կղանքը (մեկոնիում) խիտ, մուգ դեղնականաչ կամ մուգ կանաչ զանգված է, որը հիմնականում դադարում է 2-րդ օրը, իսկ 4-րդ օրից դառնում է սովոր.՝ դեղնաոսկեգույն, թթու հոտով: Կյանքի 1-ին շաբաթներին Կ.ե. կղում է օրական 4-5 անգամ:

Երիկամները և միզուղիները բավականին լավ են զարգացած, սակայն կյանքի 1-ին օրերին դրանց ֆունկցիան թույլ է արտահայտված, երեխան միզում է օրական 5-6 անգամ, իսկ 2-րդ շաբաթից հաճախությունը հասնում է 20-25-ի, որը հիմնականում բացատրվում է նորածնի միզապարկի փոքր տարողությամբ և պատերի անբավարար առաձգականությամբ:

Սեռ. օրգանները ձևավորված են, տղաների ամորձիներն իջած են ամորձապարկ, աղջիկների փոքր սեռ. շուրթերը ծածկված են մեծերով: Կյանքի 1-ին շաբաթվա վերջին աղջիկների սեռ. ճեղքից երբեմն նկատվում է լորձարյունային արտադրություն, որը 1-2 օրից դադարում է: Կարող է այտուցվել նաև տղաների ամորձապարկը, որը պայմանավորված է ընկերքի կամ կրծքի կաթի միջոցով նորածնի օրգանիզմ մոր սեռ. գեղձերի արտադրած հատուկ նյութերի՝ հորմոնների ներթափանցմամբ: Այդ ժամանակ պետք է հաճախակի փոխել սպիտակեղենը, սեռ. օրգանները լվանալ կալիումի գերմանգանատի թույլ (վարդագույն) լուծույթով: Արտադրությունը 2 օր շարունակվելու դեպքում պետք է դիմել բժշկի:

Նյարդային համակարգն անբավարար է զարգացած: Օրվա մեծ մասը նորածինները քնում են, արթնանում են միայն քաղցից կամ տհաճ զգացողություններից (ցուրտ, թաց տակաշորեր, փորափքանք ևն): Զարգացած են միայն բնածին՝ ծծելու, բռնելու, կլման, թարթելու, պաշտպան. և այլ ռեֆլեքսները: Համի զգացողությունը լավ է զարգացած, իսկ հոտառությունը, լսողությունը՝ վատ, սակայն ուժեղ ձայնային և լուսային գրգիռներին նորածիններն արձագանքում են անհանգստությամբ և ճիչով: Կյանքի 1-ին օրերին երեխաները հայացքը չեն կենտրոնացնում, շարժումները քաոսային են՝ չհամաձայնեցված: Ծնվելուց 7-10 օր հետո ձևավորվում են պայման.՝ կյանքի ընթացքում ձեռքբերվող, հիմնականում ուտելու հետ կապված ռեֆլեքսները:

Նորածնի խնամքը

Ծննդատանը երեխայի խնամքն իրականացնում է բուժանձնակազմը: Տանը նրան անհրաժեշտ առարկաները [մանկ, մահճակալ, լոգնոց, սայլակ, ջրի և մարմնի ջերմաչափեր, մանրէազերծած վազելին, բամբակ, ծծակներ, հոգնայի անոթ (N° 1), ջեռակ, աչքի կաթոցիկ, թարմ պատրաստած բորաթթվի 2 %-անոց, կալիումի գերմանգանատի թույլ լուծույթներ, ծծակները եռացնելու արծնապատ կաթսա, յոդի կամ ադամանդականաչի սպիրտային լուծույթներ] պետք է նախապես պատրաստել: Նորածնի սենյակը պետք է լինի լուսավոր և չոր, մշտապես օդափոխվի և խնամքով մաքրվի (յուրաքանչյուր 3 ժ մեկ օդափոխել 10-15 ր՝ ջերմաստիճանը պահպանելով 20-22°C): Տաք եղանակներին պատուհանը կամ օդանցքը կարելի է մշտապես բաց թողնել: Նորածնի սենյակում ծխելն արգելվում է:

Խնամքի պարագաները: Նորածնի սպիտակեղենի համալիրում պետք է ունենալ 70x100 սմ չափի բամբակե 20-25, ֆլանելե 12 բարուրաշոր, 50x50 սմ չափի թանզիֆե 20-25 տակաշոր, 60x60 սմ 2 մոմլաթ, 4-6 վերմակակալ և սավան, բամբակե 6-10 և ֆլանելե 4-6 շապիկ, տաք և բամբակե 2-3 գլխարկ, բայկայե, բրդե և բամբակե 1-ական վերմակ, 8-12 չոչաշոր, ինչպես նաև փամփերսներ: Բոլոր նոր իրերը պետք է նախապես լվանալ և եռացնել: Սպիտակեղենը պետք է լվանալ միայն մանկ. օճառով և 2 կողմից արդուկել: