Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգեցնում է ոչ միայն քթային շնչառության հետ կապված փոփոխությունների (գերգրգռվածություն, քնի խանգարում ևն), այլ հաճախ նաև հյուծման, քանի որ երեխան չի կարողանում կուրծքը ծծել (տես Կրծքի երեխա): Երբեմն բորբոքումը տարածվում է քթաըմպանի և եվստախյան (լսող.) խողովակի լորձաթաղանթի, բրոնխների և նույնիսկ թոքերի վրա (տես նաև Շնչառական համակարգ):

Հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ՝ մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքերի մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը: Շատ կարևոր է քիթը ճիշտ մաքրելը (առանց լարվածության և յուրաքանչյուր քթանցքը հաջորդաբար), որպեսզի մանրէները չթափանցեն միջին ականջ: Բորբոքային գործընթացը քրոնիկի չվերածվելու համար հարկավոր է խստորեն կատարել բժշկի նշանակումները:

Մանրէներով ախտահարումից առաջացած Հ-ից բացի, հաճախ նկատվում է (հատկապես ունենում են վեգետատիվ խանգարումներով մարդիկ), այսպես կոչված, անոթաշարժ. (վազոմոտոր) Հ.: Տարբերում են նաև ալերգ. Հ., որն ունենում են ծաղկափոշու, տնային, գրադարանային, արտադր. փոշու հանդեպ բարձր զգայնությամբ անձինք (տես Ալերգիա, Պոլինոզ):

Բուժումը. անոթաշարժ. և ալերգ. Հ-ի դեպքերում իրականացնում է բժիշկը:

Սուր Հ., հատկապես, եթե այն հաճախ է կրկնվում, կարող է դառնալ քրոնիկ., մշտ.: Դրան նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները, մասնագիտ. վնասակարությունները (օրինակ՝ օդի խիստ փոշոտվածությունն ու գազերով աղտոտվածությունը): Քրոնիկ. Հ. կարող է պատճառ դառնալ քթի խոռոչի լորձաթաղանթի գերաճման և, հետևաբար, շնչառության դժվարացման կամ, ընդհակառակը, դրա հետաճման (լորձաթաղանթի բարակում): Վերջին դեպքում լորձաթաղանթի ֆունկցիան ու հոտառությունը վերականգնելը չափազանց դժվար է: Ահա թե ինչու է կարևոր քրոնիկ. Հ-ի կանխումը:

Պետք է հատուկ ուշադրություն դարձնել Հ-ի կանխարգելմանը և ամենից առաջ օրգանիզմի կոփմանը, որը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին, գերսառեցմանը կամ գերտաքացմանը, բարձր խոնավությանը կամ չորությանը, միջանցիկ քամուն: Այդպիսի կոփումը հաջողվում է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ, ամառային և ձմեռային մարզաձևերով կանոնավոր զբաղվելիս: Կարևոր է անձն. հիգիենայի կանոնների պահպանումը: Փոշու և գազերի առկայության պայմաններում աշխատելիս անհրաժեշտ է կրել պաշտպան. շնչադիմակներ:

ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՑՈՒՆ, ադապտացիա, օրգանիզմի հարմարվելը շրջակա միջավայրի գոյության ամենատարբեր պայմաններին: Ապահովում է բնականոն կենսագործունեությունը ջերմաստիճանի և կլիմայի փոփոխությունների (տես Կլիմայահարմարում), բարձրության (տես Լեռնային հիվանդություն), վարակիչ գործոնների (տես Իմունիտետ) ազդեցության պայմաններում: Կենդ. և բուս. օրգանիզմների Հ. շրջակա միջավայրի պայմաններին նրանց կենսբ. էվոլյուցիայի հիմքն է: Գոյություն ունեն Հ-յան բազմաթիվ ձևեր, վիրուսների բազմացումն արգելակող ինտերֆերոնի սինթեզը բջիջներում, տարբեր միկրոօրգանիզմների բազմացման մեծ արագությունը, քուն մտնելու, լողալու, սողալու, թռչելու, վազելու կամ արմատներով նույն տեղում ամրանալու ունակությունը, մարմնի ջերմաստիճանի հաստատունության պահպանումը կամ փոփոխությունը՝ կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից, շնչառության, արյան շրջանառության, մարսողության, մասնագիտացված համակարգերի, ինչպես նաև հիշողության առկայությունը ևն: Մարդու վրա շրջակա միջավայրի ազդեցությունը բաղկացած է հոգեբան., ֆիզ. և քիմ. ազդեցությունների անընդհատ շարքից, ուստի օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանն ուղղված Հ-յան հակազդեցությունները հիմնված են նյութափոխանակության ուժգնության նույնքան անընդհատ տատանումների վրա:

Հ-յան հնարավորությունների ընդլայնման համար կարևոր նշանակություն ունեն կենսաբանական ռիթմերը: Մարդու Հ-յան մեխանիզմները չափազանց բարդ են և որոշվում են սոցիալ. ու կենսբ. առանձնահատկություններով, իսկ օրինաչափությունների ուսումնասիրման համար օգտագործվում են ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, իմունաբանության, հոգեբանության և այլ գիտությունների նվաճումները:

Մարդու օրգանիզմի Հ-ական հակազդեցությունները լինում են՝ արագ (առանձնահատուկ) և դանդաղ (ոչ առանձնահատուկ), բնածին (ձևավորվել է տեսակի էվոլյուցիայի ընթացքում) և ձեռքբերովի (անհատական են յուրաքանչյուր օրգնիզմի համար): Հ-յան բնածին արագ հակազդեցություններից են վերջավորության արագ հետ քաշումը՝ ցավային նեգործությանն ի պատասխան, արյան հոսքի արագացումը և վերաբաշխումը՝ ֆիզծանրաբեռնվածության դեպքում, մկանային դողը և «սագամաշկը»՝ ցրտի ժամանակ, որը նպաստում է ջերմարտադրության մեծացմանը, աչքի լուսազգայնության բարձրացումը՝ մթնշաղին ևն: Մարզվելու միջոցով կարելի է փոխել դրանց սոսկ արտահայտվածության աստիճանը, իսկ անհատ. (դանդաղ) հակազդեցությունները (օրինակ՝ արտադր. կամ մարզ. հմտությունները) ձևավորվում են ուսուցման ընթացքում: Որպես կանոն՝ արագ հակազդեցություններն ավելի խնայողական են, մասնագիտացված և փոխադարձ փոխարինելի չեն: Աշխատանքի և կենցաղի պայմանները փոխվելիս արագ հակազդեցությունները կարող են կորցնել Հ-ական նշանակությունը:

Յուրաքանչյուր օրգանիզմ Հ-յան ընթացքում անցնում է ֆունկցիաների խանգարման, ոչ լրիվ հարմարման (կայուն վիճակի ակտիվ որոնում) և համեմատաբար կայուն հարմարման փուլերը: Ֆունկցիաների խանգարման շրջանում արագ Հ-ական հակազդեցություններին աստիճանաբար միանում են դանդաղ Հ-յան գործընթացները. զգալիորեն մեծանում է վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվությունը, արյան մեջ ավելանում է հորմոնների կոնցենտրացիան: Այդ բոլորի շնորհիվ բարձրանում է նյութափոխանակության ուժգնությունը, ակտիվանում բջիջների գործունեությունը, որն իր հերթին գործողության մեջ է դնում Հ-յան արագ հակազդեցությունները:

Նյութափոխանակության ուժգնության տևական բարձրացումը միևնույն ներբջջային մեխանիզմների հաշվին ակտիվացնում է գենետիկ. ապարատը և մեծացնում բջիջների ծավալը (բջիջների աշխատանքային գերսնուցում): Այդ պաճառով էլ ծանրամարտով կանոնավոր զբաղվող մարդիկ աստիճանաբար հաղթահարում են նախկինում իրենց անմատչելի ծանրությունը, կամ թթվածնի անբավարարությանը սովոր լինելն ապահովում է օրգանիզմի ակտիվ կենսագործունեությունը տարբեր բարձրություններում: Աշխատանքի պայմաններին հարմարվելը հնարավորություն է տալիս նվազագույն հոգնածությամբ կատարել մինչ այդ ուժերից վեր աշխատանքը ևն: Հ-յան դանդաղ