Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հավասարաչափ տաքանալու համար հարկավոր է մահճակալում պարբերաբար փոխել երեխայի դիրքը՝ մի կողքից մյուսին տեղափոխելով:

Հարկավոր է երեխային հագցնել տաք, փափուկ սպիտակեղեն, ձեռքերով հանդերձ փաթաթել բայկայե ծածկոցով: Գլխին դնել կտորից կարված գլխարկ, երեսը բաց թողնել: Եթե մարմնի ջերմաստիճանը վատ է պահպանվում, շուրջը դնել ջեռակներ, երկուսը՝ կողքերին, մեկը՝ ոտքերին: Ջեռակներում ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60°C: Ջեռակները փաթաթել սրբիչի կամ տակաշորի մեջ և դնել երեխայից 10 սմ հեռավորության վրա: Երեխայի մարմնի ջերմաստիճանը պետք է լինի 36.5—36,8°C, իսկ վերմակի տակ՝ 28-33°C: 1.5-2 ժ անց ջեռակների ջուրը հաջորդաբար պետք է փոխել: Գերտաքացման ժամանակ երեխայի դեմքը կարմրում է, նա դառնում է անհանգիստ: Այդպիսի դեպքում ջեռակները պետք է վերցնել կամ թիվը փոքրացնել, անհրաժեշտության դեպքում՝ մի քանի ր-ով երեխայի շորերը թեթևացնել, ջուր խմեցնել: Գերսառեցման ժամանակ երեխայի մաշկը դառնում է գունատ՝ կապտավուն երանգով, շոշափելիս սառն է, երեխան թորշոմում է: Նման վիճակում հարկավոր է ծածկել լրացուցիչ վերմակով կամ երեխային տեղավորել տաք ջրով (36-37°C) լցված տաշտակում՝ 5-7 ր, այնուհետև շուրջը դնել ջեռակներ և հաճախ ստուգել դրանց ջրի ջերմաստիճանը:

Երբ երեխայի մարմնի ջերմաստիճանը կայունանում է, ջեռակներով տաքացումն ընդհատում են:

Ա.ե-ի կերակրումն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները, ուստի 1-ին ամիսներին ցանկալի է այն կատարել բժշկի հսկողությամբ: Վաղաժամ ծննդաբերած կանանց կաթնագեղձերը հաճախ սկսում են կաթ արտադրել սովորականից ուշ: Իսկ Ա.ե-ի համար լավագույնը կրծքի կաթն է: Ուստի ցանկացած դեպքում անհրաժեշտ է Ա.ե-ին կերակրել կրծքի կաթով:

Խորը արտահայտված անհասության դեպքում, Ա.ե-ի մոտ ծծելու ռեֆլեքսը բացակայելիս, սկզբում կերակրում են զոնդով, օրական 10-12 անգամ: Այնուհետև աստիճանաբար սկսում են կերակրել ծծակով և միայն դրանից հետո ընտելացնում կրծքին: Քաշը 2500-3000 գ հասնելիս Ա.ե-ի կերակրումը գործնականորեն նույնն է, ինչ ժամկետում ծնվածներինը, բայց հավելյալ սնուցումն սկսում են 2-4 շաբաթ շուտ, զգույշ և աստիճանաբար:

Ա.ե-ին լողացնում են, ինչպես հասուն երեխային: 1500 գ-ից ցածր քաշով ծնված երեխաներին լողացնում են ծնվելուց 3 շաբաթ անց, իսկ 1500 գ և ավելի բարձր քաշով ծնվածներին՝ 7-10 օր անց: Լողացնելիս պետք է զգույշ լինել՝ երեխան չմրսի, տակաշորերը փաթաթելուց առաջ հարկավոր է տաքացնել, օդի ջերմաստիճանը պետք է լինի 25°C-ից ոչ պակաս:


Ա.ե-ի համար մաքուր օդում զբոսանքներն անհրաժեշտ են և օգտակար, սակայն պահանջում են մեծ զգուշություն: Դրանք խորհուրդ են տրվում 2500 գ-ից ավելի քաշով երեխաներին: Եթե երեխայի քաշը 3000 գ է և ավելի, ձմռանը զբոսանքները թույլատրվում են -8-10°C օդի ջերմաստիճանի դեպքում: 3000 գ-ից ցածր քաշի և օդի -8-10°C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ձմռանը զբոսանքի փոխարեն ավելի լավ է սենյակի օդանցքը բացել: Զբոսանքներն սկսում են մի քանի ր-ից և աստիճանաբար ավելացնում տևողությունը: Մրսածության նվազագույն կասկածի դեպքում պետք է երեխային տուն տանել:

Անհասության կանխարգելումը պետք է սկսել դեռևս մինչև հղիությունը: Կանայք պետք է բուժեն քրոնիկ. հիվանդությունները, պահպանեն անձն. և սեռ. հիգիենայի կանոնները (տես Սեռական կյանք), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեռնարկեն հղիությունը կանխող միջոցառումներ (տես Հղիության կանխում), քանի որ հաճախ Ա.ե-ի ծնվելու պատճառը վիժումներն են:

Հղիության 1-ին նշաններն ի հայտ գալիս կինը պետք է դիմի բժշկի՝ անհրաժեշտ հանձնարարականներ ստանալու համար: Հղի կինը պետք է խուսափի անհարկի հուզումներից, կանոնավոր սնվի (տես Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր), արգելվում է սպիրտային խմիչքներ օգտագործելը, ծխելը: Հղիության տոքսիկոզների ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՓԱԹԵԹ, մաշկի և հագուստի վրա ընկած թունավոր նյութերի (ԹՆ) վնասազերծման (գազազերծման) համար օգտագործվող անհատ. միջոց: Օգտագործվում է հնարավոր ախտահարումները կանխելու նպատակով:

Ա.հ.փ. սովորաբար պարունակում է հատուկ փաթեթավորված ունիվերսալ գազազերծող հեղուկ, փաթեթից օգտվելու կանոնները, երբեմն՝ հակաթույներ: Փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է այն բացել, այնտեղ պարունակվող գազազերծող հեղուկով թրջել թանզիֆե անձեռոցիկը և շփել մաշկի ախտահարված մասերը, իսկ եթե կան ԹՆ-ի կաթիլներ, ապա 1-ին հերթին մաքրել դրանք: Մնացած հեղուկով մշակել մարմնի բաց մասերի հետ շփված հագուստի հատվածները (թևքածալը, օձիքը ևն): Մաշկը պետք է սրբել ԹՆ-ի օգտագործումից անմիջապես հետո: Մի փոքր հապաղելն անգամ նվազեցնում է մշակման արդյունավետությունը: ԹՆ-ի քայքայման արգասիքների գրգռիչ ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում թունավորման 1-ին օրերին մաշկի հատվածները լվանալ օճառաջրով, ավելի հուսալի միջոց է սան. մշակումը: Ա.հ.փ. նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, հատուկ հագուստ, կոշիկ և պաշտպան. այլ հարմարանքներ ու սարքեր, որոնք կիրառվում են օրգանիզմի վրա վտանգավոր և վնասակար արտադր. գործոնների ներգործությունը կանխելու կամ նվազեցնելու համար: Պատերազմ. պայմաններում Ա.պ.մ. մարդկանց պաշտպանում են ռադիոակտիվ. թունավոր նյութերի, կենսբ. ու քիմ. զենքի ախտահարումներից:

Ըստ նշանակման՝ Ա.պ.մ. բաժանվում են հետևյալ խմբերի. մեկուսացնող միջոցներ՝ օդաճնշ. արտահագուստ, ջրամեկուսացնող արտահագուստ, սկաֆանդր: Շնչառության օրգանների պաշտպանության միջոցներ՝ հակագազեր, շնչադիմակներ, օդաճնշ. սաղավարտներ, օդաճնշ. դիմակներ: Հատուկ հագուստ՝ կոմբինեզոններ, բաճկոններ, տաբատներ, արտահագուստ, խալաթներ, անձրևանոցներ, կիսամուշտակներ, գոգնոցներ, բաճկոնակներ, թևնոցներ ևն: Հատուկ կոշիկ՝ ճտքակոշիկներ, երկարաճիտք կոշիկներ, կրկնակոշիկներ ևն: Ձեռքերի պաշտպանության միջոցներ՝ թաթմաններ, ձեռնոցներ, գլխի՝ սաղավարտներ, տարբեր ձևի գլխարկներ, դեմքի՝ դիմակներ, վահանակներ: Լսողության օրգանի պաշտպանության միջոցներ՝ հակաձայնային սաղավարտներ, ականջակալներ ևն, աչքի՝ պաշտպան. ակնոցներ: Պաշտպան. հարմարանքներ՝ գոտիներ, դիէլեկտրիկ գորգեր, ձեռքի բռնիչներ, ծնկակապեր, արմնկակալներ, մաշկի պաշտպան. միջոցներ՝ լվացամիջոցներ, մածուկներ, քսուքներ ևն: Ա.պ մ. ընտրելիս, հաշվի են առնվում տվյալ տեխնոլոգ. գործընթացի կամ աշխատանքի տեսակի անվտանգության պահանջները: Այդ միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ աշխատանքի անվտանգությունը չի կարող ապահովվել